Հայերեն   English   Русский  

ՀՀ-ն առաջին անգամ կունենա հակակոռուպցիոն անկախ մարմին, որն օժտված է լայն լիազորություններով


  
դիտումներ: 3176

Կառավարությանը ծրագիրը կարևոր, հավակնոտ միջոցառումներ էր նախատեսում, դրանց որոշ մասը բաժին էր ընկել Արդարադատության նախարարությանը: Դրանք վերաբերում էին մարդու իրավունքներին, կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության համակարգին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ամփոփելով վերջին վեց ամիսը:

Նա նշեց, որ հաստատվել է 2016-17 թվականի մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը: Այս հինգշաբթի այն կներկայացվի կառավարության քննարկմանը:

Այն բաղկացած է 96 միջոցառումից: Դրանք ուղղված են մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, կյանքի իրավունքին, խոսքի ազատության իրավունքին և այլն:

Միջոցառումներ են լինելու նաև խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներ, կանանց իրավունքներ անչափահասներ և այլն: 300 առաջարկ ներկայացրել են տարբեր քաղաքացիներ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ները: Դրանց մեծ մասը քննարկվել և ընդունվել է:

Հաջորդ միջոցառումները վերաբերում են ԴԱՀԿ ոլորտի բարեփոխմանը: ՀՀ քաղաքացիների համար դյուրացվել են դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հետ առնչությունները. «Պետք է այնպես անել, որ ծառայությունը մատուցվի հնարավորինս արագ և բացառվեն կատարողի կողմից հայեցողական գործողությունները, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Այսօր կատարողական վարույթը տևում է երկու ամիս: Այդ ժամանակի ընթացքում կատարողը ինքը կարող էորոշ թե այդ ժամանակի ընթացքում կոնկրետ որ գործողությունը պետք է կատարվի: Նախագծով հստակ ասվում է՝ եթե որոշման կայացման առիթը ծագել է հարկադիր կատարողը ունի երեք օր որոշումը կայացնելու համար, այդ թվում՝ հստակ ժամկետներ են ընդւոնվել հարկադիր ճուրդի կայացման հարցում: Այսօր հստակ ժամկետ նշված չէ, թե երբ հարկադիր կատարողը պետք է անցկացնի աճուրդ: Հարկադիր կատարողը այլևս չի կարող այս ընթացակարգը ձգձգել»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Բարեփոխումներ կան նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցին: Այդպես, հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թիվն է ավելացվել`ի հաշիվ փաստաբանական դպրոցի ունկնդիրների, որոնք պատրաստ են կամավորական սկզբունքներով պաշտպանել հանրության շահերը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ վերանայվելու է նաև գործող դատավորների քանակը կամ որոշվելու է նրանց «մաշվածությունը»: Կալանավորումն ու նամակագրության վերահսկողության գործընթացը վերահսկելու են միայն քրեական ուղղվածություն ունեցող դատավորները:

Կստեղծվի վարչական վճռաբեկ պալատ: Բարձրագույն դատական խորհրդին նոր իրավասություն կտրվի`այն կսահմանի ոլորտի գործերի քննման առաջնահերթությունը:

Գործերը մի դատարանից մյուսը էլեկտրոնային տարբերակով կփոխանցվեն: Դատական արխիվը նույնպես էլեկտրոնային կդառնա:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն իր հերթին տեղեկացրեց, որ հունիսի սկզբից կգործի պայմանական վաղաժամկետ ազատման նոր համակարգ. «Անկախ հանձնաժողովի քննելուց հետո որոշումը կկայացնի դատարանը»,-նշեց Սուրեն Քրմոյանը:

Նախատեսվում է ստեղծել նոր հակակոռուպցիոն մարմին, որը կզբաղվի կոռուպցիայի կանխարգելման հարցերով. «Արդեն իսկ օրինագիծը մշակված է և քննարկման է դրված, մոտակա շաբաթների ընթացքում օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը: Այն հիմնականում կանխարգելիչ աշխատանք է կատարելու, բայց առաջին անգամ նորանկախ Հայաստանի պայմաններում մենք կունենանք անկախ մարմին, որը կզբաղվի կոռուպցիայի կանխարգելման հարցերով և բավականին լայն լիազորությունների շրջանակ կունենա»,- նշեց Սուրեն Քրմոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: