Հայերեն   English   Русский  

Աշակերտների դասադուլի և ուսուցիչների գործադուլի կապակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոց


  
դիտումներ: 3135

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անթույլատրելի պայմանների վերաբերյալ հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նույն օրը սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:

Արագ արձագանքման վարչության պետի տեղակալը և Երեխաների պաշտպանության բաժնի պետը չհայտարարված այց են կատարել դպրոց, առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ:

Այցի ընթացքում պարզվել է, որ դպրոցի շենքային պայմանները գտնվում են անթույլատրելի վիճակում, ինչն էական խոչընդոտ է երեխաների կրթության իրավունքի իրացման, դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Արձանագրվել է նաև, որ առկա դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին, սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, դպրոցը չունի մարզադահլիճ, ինֆորմատիկայի, շախմատի դասասենյակներ: Դպրոցի դասասենյակները, և դպրոցի շենքի մյուս հատվածները ունեն հրատապ հիմնանորոգման կարիք:

Հարցի քննարկման շրջանակներում Պաշտպանի կողմից իրավասու պետական մարմիններից պարզաբանումներ կպահանջվեն երեխաների կրթության իրավունքի իրացման պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող քայլերի և դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի՝ այդ թվում ժամկետների վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: