ՀՀ-ում գնալով մեծանում է անպտղությունը. Սևադա Հակոբյան
պատճառը գենետիկապես մոդիֆիկացված սնունդն է, սակավաշարժությունը, ավելորդ քաշը
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը առաջընթաց է համարում այն, որ Հայաստանում վերջին տարիներին մարդիկ սկսել են ավելի շատ դիմել սեքսապաթոլոգի ծառայություններին:
Սևադա Հակոբյանի խոսքով` խնդիրը ոչ թե դեպքերի ավելացումն է, այլ մարդկանց ավելի գիտակից լինելու փաստը:
“Մարդիկ այսօր դիմում են ոչ միայն սեռական խանգարման դեպքում, այլև կանխարգելիչ նպատակով: Ավելացել է նաև նախաամուսնական այցերի թիվը, ինչը նույնպես շատ ողջունելի է”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:
Նա նշեց, որ խնդիրներ ունենալու դեպքում, հատկապես մարզերում, մարդիկ հաճախ դիմում են ժողովրդական բժշկությանը, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
“Ժողովրդական բուսաբուժությանը նման պարագայում կարելի է դիմել, օգտվել բույսերից, բայց սխալ է միայն բույսերին ապավինելը: Եթե խնդիր կա, բժշկի, մասնագետի մոտ հետազոտվելը պարտադիր է”,- ասաց Սևադա Հակոբյանը:
Առանձնացնելով սեռական հիվանդություններին նպաստող գործոնները` մասնագետը նշեց, որ ի թիվս այլ վատ սովորությունների, մեր երկրում մարդկանց մոտ նմանատիպ խանգարումներ են առաջացնում ալկոհոլը, թմրանյութը, ինչպես նաև ավելորդ քաշը։
Հայաստանում գնալով մեծանումեն անպտղության ցուցանիշները, դրան նպաստում է և գենետիկապես մոդիֆիկացված սնունդը, և սակավաշարժությունը, և ավելորդ քաշը:
“Հայստանում, այնուամենայիվ, դեռ բաց է մնում սեռակրթության հարցը: Զավեշտալի է, երբ տղամարդը կամ կինը 45 տարեկանում դեռ սեռական կյանքով չի ապրել և գալիս է մեզ մոտ ամբողջ ազգի ուղեկցությամբ: Ստացվումէ՝ծնողները տիրապետում են իրենց զավակի սեռական կյանքի ողջ մանրամասներին՝ դրանով հանդերձ՝ խանգարելով նրան”,- նկատեց մասնագետ: