Հայերեն   English   Русский  

​Ինչ արժի Հայաստանի բոլոր ճանապարհները կարգի բերելը


  
դիտումներ: 2357

Հայաստանի ավտոճանապարհների վիճակի խնդիրը նոր չէ: Անկախացումից ի վեր այս խնդիրը մշտապես ուղեկցել է և, ցավոք, դեռ շարունակում է ուղեկցել մեզ: Բացի տնտեսական, ենթակառուցվածքային, պարզապես հարմարավետության խնդիրներից, վատ ու անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները, հատկապես անցալ տարվա ապրիլյան պատերազմի օրերին, վեր հանեցին նաև դրանց ռազմավարական նշանակությունը:

Վերջերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այժմ պետությունն այնքան գումար չունի, որ իրականացնի բոլոր վատ վիճակում գտնվող ճանապարհների հիմնանորոգում, և կառավարությունը, ի դեմս իր ղեկավարած նախարարության, բավարարվում են միայն սեզոնային նորոգման աշխատանքներով, ինչը ժամանակավոր լուծում է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մեզ տված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում միջպետական նշանակության սպասարկվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 1487.9 կմ է, որից 329 կմ լավ վիճակում է, 1111.5 կմ՝ բավարար և 47.4 կմ՝ վատ վիճակում: ՀՀ հանրապետական (ներպետական) նշանակության սպասարկվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 1870.3 կմ է, որից 465.5 կմ՝ լավ, 983 կմ` բավարար և 421.8 կմ վատ վիճակում են: Իսկ տեղական (միջհամայնքային) նշանակության ճանապարհների ընդհանուր երկարությունը 3805.7 կմ է, որոնք մարզպետարանների ենթակայության տակ են: Բացի այդ, կան համայնքային նշանակության ճանապարհներ, որոնք տնօրինում են համայնքները:

Հայաստանում ճանապարհների կառավարման, սպասարկման, պահպանման և նորմալ վիճակի հասցնելու իր պատկերացումներն ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հիմա որ դուք տենդերը հայտարարում եք, ի՞նչ պայման եք դնում կառուցողի առջև: Կառուցողն ու շահագործողը պետք է համախմբվեն, կոոպերացիա անեն, ու ասում ես՝ դու սարքում ես այսինչ-այսինչ պայմաններով, և ես շահագործման պայմանագիրը քեզ հետ եմ կնքելու, դու 10 տարի զբաղվելու ես շահագործմամբ, ու եթե քո այսօրվա թերացման պատճառով առաջանան խնդիրներ, դու ես վճարելու, իսկ ընթացիկ՝ ձյուն մաքրելն է, լուսավորությունն է, նշանների տեղադրումն է, մաքրությունն է և այլն, այ այս գումարը քեզ տալիս ենք տարեկան, որ անես: Նայե՛ք, ամենահեշտ ու կլասիկ ճանապարհն է, որ ես գամ, դուք ինձ հաշվեք ու ասեք՝ դու ինձ 90 միլիարդ փող տուր ասֆալտի համար, մենք գիտենք՝ ոնց ծախսենք ու ամբողջ երկիրը երջանկացնենք: Դուք գիտեք, որ մենք այդ 90 մլրդ ՀՀ դրամը չունենք: Ինչպե՞ս պետք է լուծում տանք խնդրին: Պետք է ճանապարհների դասակարգում անել՝ ո՞ր համայնքներում ճանապարհի ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ, և քարտեզը գծելուց հետո վերահաշվարկ անել: Ինչքան շատ ռանգավորեք, այնքան շատ ֆինանսական էֆեկտ կունենանք»,- տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն այցելության ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:

Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որքան գումարներ են ծախսվել գոնե վերջին 10 տարիներին ճանապարհների նորոգումների, հիմնանորոգումների և նոր ճանապարհներ կառուցելու համար: 2007-2017 թթ. բյուջեներում էլ, բացառությամբ վերջին 3 տարիների բյուջեների, նման գոնե մոտավոր տեղեկություններ չկան: Ընդհանուր՝ ճանապարհային տրանսպորտ տողով են ներկայացվում այն ծախսերը, որոնք ներառում են ոչ միայն ճանապարհաշինության ու ճանապարհների պահպանության ծախսերը, այլև ամբողջ ոլորտին հատկացված բյուջետային միջոցները:

Իսկ միայն վերջին 3 տարվա ընթացքում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, պահպանման և շահագործման նպատակներով պետական բյուջեից և տարբեր դոնորների աջակցությամբ (Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, Եվրոպական ներդրումային բանկ) ծախսվել է մոտ 50 մլրդ դրամ (2015 թ.՝ 13 մլրդ 286 մլն դրամ, 2016 թ.՝ 19 մլրդ 213 մլն դրամ, 2017 թ.՝ 17.382 մլրդ դրամ): Սրանք, ի դեպ, առանց հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի վրա ծախսված միլիարդավոր դրամների:

ճանապարհ

Միլիարդները ծախսվում են, բայց ճանապարհները շարունակում են մնալ անմխիթար վիճակում և նյարդայնացնել ուղևորներին: Նյարդայնացնում է նաև այն հարցը, թե ինչու են որոշ ճանապարհներ ամեն տարի նորոգվում, ինչու է ամեն տարի նորից նորոգման կարիք առաջանում: Զարմանալին այն է, որ քաղաքացիների նյարդայնանալն էլ նյարդայնացնում է պաշտոնյաներին: Մանավանդ այն նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնք պատասխանատու էին ճանապարհների որակի համար և այս ընթացքում միլիոնների արժողությամբ դղյակներ են կառուցել ու կառուցում են Հայաստանում և Հայաստանի սահմաններից շատ հեռու:

Եվ հիմա էլ, ինչպես «Անկախին» հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից, բոլոր ավտոմոբիլային ճանապարհները հիմնանորոգելու համար մոտավոր հաշարկներով անհրաժեշտ է մոտ 500 մլրդ դրամ կամ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ սա Հայաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսն է կազմում, պարզ կլինի, որ խնդիրը, մեղմ ասած, հեշտ լուծելիների թվին չի պատկանում: Բայց համեմատելու համար նշենք, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամբողջ ընթացքում իրականացված ամենախոշոր՝ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագիրն իրականացվում է հենց այս ոլորտում: Հյուսիս-հարավ բետոնե մայրուղին կառուցվում է որպես արագընթաց մայրուղի Իրանից մինչև Վրաստանի սահման, բայց թեև ծրագիրը մեկնարկել է 2012 թ., դեռևս լիովին պատրաստ չեն մայրուղու նույնիսկ առաջին 2 տեղամասերը՝ Երևանից հյուսիս և հարավ՝ մինչև Աշտարակ և Արտաշատ հատվածները: Սակայն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողներին հավաստիացրեց, որ Երևան-Արտաշատ հատվածի երկկողմ երթևեկությունը ամբողջությամբ կբացվի մայիսի 25-ին, ոչ թե սեպտեմբերին, ինչպես նախկինում սպասվում էր: Նրա խոսքով՝ մայրուղում շարունակվում է ուղեկամուրջների և անցումների (գյուղտեխնիկայի և անասնահոտի համար) վերանորոգումը: Որոշ տեղամասերում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը նախապես գնահատվում էր մոտ 1.5-2 մլրդ դոլար, հիմա պարզ է, որ ավելի հավանական է՝ 2 մլրդ և ավելի դոլար: Այսինքն՝ միայն հյուսիս-հարավ ճանապարհի ծրագրի համար նախատեսված միջոցներով հնարավոր էր 1.5-ից երկու անգամ հիմնանորոգել ու ոչ թե նորմալ, այլ լավ վիճակի բերել Հայաստանի բոլոր ավտոմոբիլային ճանապարհները:

Հետևաբար հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չընտրվեց այս տարբերակը: Կասկածամտությունը դրդում է մտածել, որ եթե հիմնանորոգվեն բոլոր ճանապարհները, հաջորդ գոնե մի քանի տարիներին ճանապարհաշինական լուրջ ծրագրեր չեն լինի, իսկ դա նշանակում է, որ որոշ հայտնի պաշտոնյաներին պատկանող ճանապարհաշինական ընկերություններն անգործ կմնան:

Գ. Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: