Հայերեն   English   Русский  

Տեղի ունեցավ տարվա ամենասպասված՝ Black Star-ի երևանյան համերգը


Ինչու Տիմատին բեմ դուրս չեկավ


  
դիտումներ: 2310

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում այօսր՝ մայիսի 12-ին տեղի ունեցավ տարվա ամենասպասված համերգներից մեկը՝երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով:

՝ Black Star-ի երևանյան համերգը

BlackStar-ը Երևանում

BlackStar-ը Երևանում

Երևան են ժամանել հայտնի ռուսաստանցի կատարողներ Տիմատին, L'One-ը, Мот-ը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Համերգը կազմակերպել էր Jet Set ընկերությունը, որը 2015-ի դեկտեմբերին կազմակերպել էր Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում:

Դերասաններից յուրաքանչյուրն առանձին ծրագիր էր պատրաստել հայ հանդիսատեսի համար: Համերգը փոքր ուշացումով սկսվեց, քանի որ բոլոր տոմսերը սպառվել էին, մարդիկ սպասվածից շատ էին և մուտքի մոտ բոլորին մանրակրկիտ կերպով ստուգում էին անվտանգության աշխատակիցները: Նախասրահում և դահլիճում հյուրերին զբաղեցնում էին դիջեյները:Հ

Քրիստինա Սի

ամերգը սկսվեց Քրիստինա Սիի ելույթով: Համերգից հետո երգչուհին PanARMENIAN.Net –ի հետ կիսեց համերգից ստացած տպավորությունները և իր հիացմունքը հայտնեց հայ հանդիսատեսից:

«Ես այնքան էի հուզվում, ինձ ամեն ինչ շատ դուր եկավ: Քանի որ ես կիսով չափ հայ եմ, ինձ համար դա շատ հուզիչ էր՝ ինչպես ելույթը տանը, հարազատների առջև»,-ասել է Քրիստինան՝ հավելելով, որ իրենց զարմացրել էր, որ համերգն այդքան մարդաշատ էր:

«Սա իմ առաջին համերգն էր այդքան մեծաքանակ հանդիսատեսի առջև: Մինչ այդ ես երբեք որպես մենակատար այդքան մարդկանց առջև ելույթ չէի ունեցել»,-ասել է նա:

Համերգի ժամանակ Քրիստինան նաև հայերեն երգեց՝ կատարելով Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը:

«Ես շատ էի հուզվում, շատ դժվար էր տեքստը սովորել, քանի որ հայերեն չեմ խոսում, վախենում էի սխալվել»,-ասել է երգչուհին՝ հավելելով, որ հուսով է, որ կրկին կայցելի Հայաստան և նույնիսկ մենահամերգով. «Հուսով եմ, ինձ նորից կհրավիրեն»:

Քրիստինա Սիից հետո ելույթ ունեցավ L'One-ը, որին 12-հազարանոց դահլիճը հիացական բացականչություններով դիմավորեց, իսկ երկրպագուներից մեկին նույնիսկ հաջողվեց բեմ բարձրանալ ու գրկախառնվել երգչի հետ: Երրորդը Մոտն էր, նրա ելույթը ևս հաջող անցավ ու առանց միջադեպերի:

Նրանից հետո պետք է ելույթ ունենար Տիմատին, որի ելույթը սակայն չկայացավ: Նա չկարողացավ ելույթ ունենալ տեխնիկական պատճառներով՝ երկրպագուները դահլիճից ջուր էին լցրել տեխնիկայի վրա, որի հետևանքով շարքից դուրս էր եկել ձայնային քարտը, որից կախված էր ելույթը: Հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում Տիմատին հայտարարել է, որ իր ելույթը հետաձգվում է տեխնիկական անսարքությունների պատճառով:

«Սարքավորումները ջրի մեջ էին հայտնվել: Տեխնիկական անսարքությունների, վառված սաունդքարտի պատճառով իմ ելույթը, ցավոք, չկայացավ»,-ասել է Տիմատին Ինստագրամի իր տեսաուղերձում:

«Ջրով էր ծածկվել ձայնային քարտը, ունիվերսալ քարտը, որի միջոցով են արվում բոլոր միացումները: Այն թրջվել էր և վառվել: Անհնար կլիներ այդ պահին տեղում քարտ գտնել ու փոխարինել, իսկ նորոգելու համար շատ երկար ժամանակ կպահանջվեր, դա նաև Տիմատին հաստատեց»,-ասել է Set ընկերության հիմնադիր Արման Ալեքսանյանը՝ նշելով, որ երաժիշտը չցանկացավ խաբել հանդիսատեսին և ելույթ ունենալ ֆոնոգրամայի տակ, ուստի որոշվեց հետաձգել համերգը:

«Երբ հայտնաբերվեց այդ խնդիրը, բեմ դուրս եկավ Black Star-ի հնչյունային համակարգի պատասխանատուն և հայտարարեց, որ Տիմատին չի կարողանա ելույթ ունենալ տեխնիկական պատճառներով, որից հետո նախատեսվում էր, որ Տիմատին ինքը դուրս կգա և կբացատրի հանդիսատեսին իրավիճակը: Սակայն հենց այդ պահին դեպի բեմը սկսեցին ջրով շշեր նետել դահլիճից և կուլիսների ետևում կանգնած Տիմատին չկարողացավ բեմ դուրս գալ, ստիպված հետ գնաց: Տուժեց թանկարժեք տեխնիկան: Մեր ուղղությամբ ջրով շշեր նետեցին, որոնք հենց մենք էինք մինչ այդ բաժանել, շատ տգեղ ստացվեց: (Դահլիճը լեցուն էր, համերգը շատ երկար էր և կազմակերպիչները հանդիսատեսներին շշերով ջուր էին բաժանել. խմբ)»,-ասել է Ալեքսանյանը:

«Մենք խոստանում ենք, որ համերգն անպայման կկայանա առաջիկայում, հենց որ դերասանը ազատ օր ունենա իր ժամանակացույցում: Մենք դա արդեն քննարկել ենք, ընտրելու ենք ամսաթիվը: Խորհուրդ ենք տալիս բոլորին պահպանել տոմսերը: Եթե ոմանք տոմսերն արդեն նետել են, բայց գնել էին դրանք տոմսերի պատվիրման կայքերի միջոցով, ապա անհանգստանալու կարիք չկա, նրանց տվյալները պահպանվել են, նրանք կարող են զանգահարել և վերականգնել տոմսերը: Մտածում ենք նաև անվճար համերգի մասին: Շուտով կհայտարարենք մեր որոշման մասին»,- ասել է համերգի կազմակերպիչը:

Սա Black Star Inc-ի ներկայացուցիչների առաջին համերգը չէ Հայաստանում: Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերին, կազմակերպիչը նույն ընկերությունն էր: Այն ժամանակ ևս բոլոր տոմսերը սպառվել էին, իսկ երևանյան համերգն ընդգրկվել էր լեյբլի 2015-ի 10 լավագույն համերգների ցանկում:

՝ Black Star-ի երևանյան համերգը

Հիշեցնենք, որ համերգի կազմակերպիչ «Jet-Set» ընկերությունը որոշել էր միանալ արդեն հայտնի դարձած «F100» ֆոնդի բարեգործական գործունեությանը, որն օգնում է օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին:

Black Star-ի տոմսերը գնելով՝ մարդիկ հնարավորութուն ունեին օգնության ձեռք մեկնել հիվանդ երեխաներին: Ամեն տոմսի վաճառքից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է բարեգործության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: