Հայերեն   English   Русский  

​Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան


  
դիտումներ: 683

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ վերջինս 29.01.2017թ.-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է iPhone 6s տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար նրանից կաշառք է պահանջել: Սակայն դատապարտյալը չի կատարել վերջինիս պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Վ. Մ.-ն, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, փորձել է կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: