Հայերեն   English   Русский  

Ինչու՞ է ՀՀԿ-ն կրճատում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը. Մարուքյանը բացահայտում է


  
դիտումներ: 593

Իշխող Հանրապետականը կրճատում է ԱԺ 10-րդ մշտական հանձնաժողովը , որպեսզի ԵԼՔ-ը մշտական հանձնաժողով չունենա: Այս մասին այսօր հանձնաժողովների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԼՔ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հանրապետականն առաջարկում է ԱԺ մի քանի հանձնաժողով միացնել իրար՝ 12 հանձնաժողովները կրճատել՝ դարձնելով 9: Մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը միացնել պետական-իրավական հարցերի հանձնաժողովին:

Մարուքյանը այլ նախագծով առաջարկում է կրճատել հանձնաժողովների թիվը, սակայն պահել 10-րդ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչին համաձայն չէ ՀՀԿ-ն:

Բանն այն է, որ եթե այդ հանձնաժողովը մնա, ապա դրա ղեկավարումը կանցնի ընդդիմադիր «ԵԼՔ» խմբակցությանը:


«Արդյո՞ք դուք ուզում եք մարդու իրավունքների ոլորտում ընդդիմության հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը»,-Հանրապետականին դիմեց Մարուքյանը:

Մարուքյանը Դոնթի բանաձևով հաշվել է, որ եթե 8 հանձնաժողով մնար, Հանրապետականին կանցներ 5 հանձնաժողովի ղեկավարումը, Ծառուկյան դաշինքին՝ 3, դրա համար, ըստ պատգամավորի, Հանրապետականը 9 հանձնաժողով է առաջարկել, որպեսզի Ծառուկյան դաշինքի հանձնաժողովների թիվը նույնը մնա, իսկ իր հանձնաժողովների թիվը դառնա 6:

Մարուքյանը դիմեց ՀՅԴ-ականներին, որ անկախ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունից, պաշտպանեն ԵԼՔ-ի առաջարկը:

Պատգամավոր Հրայր Թովմասյանը, ով հավակնում է Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին, կրճատումը հիմնավորում է նրանով, որ այդ հանձնաժողովը չունի բավարար չափով աշխատանքային ծանրաբեռնվածություն և պետք է այն կրճատել:

Հրայր Թովմասյան

Էդմոն Մարուքյանը հերքում է այդ փաստարկը և պնդում, որ Մարդու իրավունքների պաշտպանության և Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովները նախորդ գումարման ժամանակ քիչ նախագծեր են քննարկել, քանի որ ԱԺ ղեկավարությունը միտումնավոր, արհեստական ձևով գլխադասային հանձնաժողովներ չի նշանակել:

Ծանրաբեռնվածությունը բաշխելու համար ՀՀԿ-ն առաջարկում է ձևավորել 9 հանձնաժողով և մեծացնել դրանցից 2-ի անդամների թիվը, իսկ Մարուքյանն առաջարկում է ձևավորել 10 հանձնաժողով, յուրաքանչյուրում՝ 10 կամ առնվազն 9 անդամ և այդպիսով չմեծացնել դրանց մեջ ընդգրկված պատգամավորների թիվը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: