Հայերեն   English   Русский  

​ՍԱ ԳՐԵՑԻ` ԳՈՆԵ ԳԱՆՁԱԿԸ ԽՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ.Սամվել Կարապետյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 285

Օրերս ավարտեցի «Համբարձում Երամյան.կյանքն ու գործը» գիրքը:

Զգացումները հակասական են, անսահման հպարտությունից մինչև ծայր խայտառակություն: Ցնցող էր հատկապես այն, որ նոր միայն իմացա, թե ինչպես են ոչնչացվել Վանի առավել աչքի ընկնող 250 շենքերը (նրանց թվում` «Երամյան» վարժարանի շենքը): Պարզվում է` այդ ամենը մերոնք են հրդեհել հուլիսյան գաղթի նախօրեին (սրա մասին վկայում է այդ օրերի դեպքերին արձագանքած մամուլը): Մինչդեռ արդեն 1919 թ-ից շրջանառվել է այն կեղծիքը, թե Ջևդեթ փաշան Վանից փախչելուց առաջ այրել էր քաղաքի մեծակառույց 250 շենքերը:

Այս ամենն ակամա հիշեցրեց 1993-94-ի իրադարձությունները, երբ մերոնք հրդեհեցին ոչ միայն Աղդամը, Ֆիզուլին և ..., այլև թիկունքում գտնվող Բերձորն ու Քարվաճառը և որ մինչև հիմա զարհուրում եմ` Շուշին:

Փաստորեն` մենք ոչնչացնում ենք, թե՛ փախչելիս և թե՛ ազատագրելիս. ինչո՞ւմն է գաղտնիքը: Ինչո՞ւ Շուշին կամ Աղդամը լքող թուրքի մտքով չանցավ ոչնչացնել այդ քաղաքները` որ հային չմնա... խելքները չկտրե՞ց, թե՞ ժամանակ չունեին: Թե՞ մտածում ենք իբր մենք հեշտ ենք կառուցում (պետք լինի` էլի կկառուցենք). համենայն դեպս երկրաշարժից ի վեր անտուն ազգակիցների գոյությունը փաստում է, որ կառուցելն աներևակայելի դժվար գործ է: Ուրեմն ինչո՞ւ, ի՞նչ խելքով ու համարձակությամբ և մանավանդ` ո՞ր նպատակով և պատասխանատվությամբ ենք ոչնչացրել:

Կգտնվեն մարդիկ, որ կմեղադրեն «կեղտը ջրի երես» հանելուս համար, սակայն մտածում եմ, որ եթե հայի ձեռքով Վանի ոչնչացումը (ի դեպ, երկու ամիս անց հայերը վերադարձան իրենց իսկ ձեռքով մոխրացված հայրենի քաղաքը, որտեղ ապրելն այլևս փաստացի անկարելի էր) ժամանակին կոծկելու փոխարեն` քննադատվեր ու մերկացվեր, ապա շատ հավանաբար գոնե Շուշին համանման տխմարության զոհ չէր գնա..., իսկ ընդհանրապես` նույնիսկ ուշացումով սխալներն ընդունելն օգտակար է, քանի որ, ով գիտե, թե մի օր ինչպե՞ս ենք վարվելու` Գանձակի հետ...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: