Հայերեն   English   Русский  

Տարածքներ հանձնելու մասին ոչ ոք ռեալ չի մտածում. վերլուծաբան


  
դիտումներ: 4360

ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններում առաջին անգամ եղավ հասցեական դատապարտում, մասնավորապես, նրանք նշեցին, որ Ադրբեջանն է գնում զինված գործողությունների և լարում իրավիճակը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց «Ռազմինֆո» լրատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց՝ մայիսի 15-ին ադրբեջանական կողմը ոչ միայն խոցեց հայկական կողմի զենիթահրթիառային համալիրը, այլև տեղադրեց տեսանյութ, ինչը նրանց գործելաոճի մի մասն է կազմում.« Նրանք գործողություններից հետո միշտ տեսանյութ են հրապարակում, որը առավելապես ուղղված է հայկական լսարանին, բացի այդ նաև՝ ադրբեջանական լսարանին: Նրանք խնդիր են դրել թե´ մշտապես ահաբեկել հայկական հասարակությանը, թե´ իրենց մտածելակերպով բարձրացնելու ադրբեջանական բնակչության բարոյահոգեբանական վիճակը»:

Փորձագետի դիտարկմամբ՝ մինչ այդ նրանց գործողությունները թերևս համարժեք պատասխան չէին ստանում և համահավասարեցվում էին թ´ե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, թե´ ՌԴ կողմից.« Համապաստախան արձագանքի բացակայությունը դրդում է հակառակորդին նոր գործողությունների գնալ: Այս դեպքում մենք տեսանք գուցե ոչ այնքան համարժեք, բայց նախկիններից տարբերվող արձագանք, ինչը կարևոր փաստ է»:

Հատկանշական է նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի՝ «բանակացություններ հանուն բանակցությունների չեն լինում». «Վերջին 25 տարվա ընթացքում հենց այդպես էլ եղել է, բանակցություններ են ընթանում հանուն բանակցությունների: Մենք երբեք էլ էական արդյունքների չենք սպասել, պարզապես կողմերը փորձում են որոշակի արդյունքի հասնել՝ գոնե պահպանել իրավիճակը: Խոսքը առավելապես Հայաստանի մասին է: Ադրբեջանը վերջին տարիներին( 2016 թվականի ապրիլից սկսած) ցույց է տալիս, որ իրենք զինվում են և ուրիշ ճանպարհով են փորձելու լուծել հարցը: Շատ կարևոր է սա հասկանալը: Պետք է մեզ մոտ ամրագրենք, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն և, որ մեզ մոտ պատերազմը երբեք էլ չի ավարտվում: Ադրբեջանը ցանկացած պահ օգտագործելու է նման գործողությունների գնալու համար»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Այս առումով շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը. «Շատ կարևոր է նաև այդ ուղղությամբ աշխատել, այսինքն՝ փորձել այնպես անել, որ այդ կողմերը որոշակի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա»:

Կարևոր է նաև, որ հայկական կողմը դիմեց համարժեք գործողությունների.«Ադրբեջանի պես պետության պարագայում , եթե նա դիմում է նման գործողությունների, պետք է ստանա ուժային պատասխան: Հակառակ դեպքում Ադրբեջանն էլ ավելի է ոգևորվելու»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը փոխզիջումների գնալու մասին, Տարոն Հովհաննիսյանը նշեց. «Այս հարցի էմոցիոնալ ընկալումները մեր հասարակությունում բարձր են: Հասարակության տրամադրությունները, համենայն դեպս, ուղղված չեն տարածքներ հանձնելուն: Ենթադրում եմ, որ դա բանակցային գործընթացի մի մաս է: Չեմ կարծում, թե մենք պատրաստվում ենք ինչ-որ տարածքներ զիջելուն: Միգուցե դա ինչ-որ փոխզիջումային տրամադրություն ցույց տալու հարց է: Գուցե ավելի հեշտ լիներ մեկնաբանելը, եթե ես տեղյակ լինեի բանակցությունների կուլիսային անցուդարձին, բայց կարծում եմ՝ տարածքներ հանձնելու մասին ոչ ոք ռեալ չի մտածում»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: