Հայերեն   English   Русский  

​Վերջին զանգ` ավարտի ու սկզբի սահմանագծին


  
դիտումներ: 15142

Այս տարի Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին` մեծ կյանք ճանապարհելով հազարավոր շրջանավարտների: Այդ առիթով հյուրընկալվել ենք Երևանի Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 ավագ դպրոցում, որն այս տարի երեք ավարտական դասարան ունի: Մեզ հուզող հարցերին պատասխանում էին դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը, 12-րդ դասարանների դասղեկներ Ելենա Գյուլմիսարյանը (արվեստի պատմության ուսուցչուհի), Անգին Գրիգորյանը (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի) և Գայանե Հովհաննիսյանը (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի), ինչպես նաև 12-րդ դասարանցիները:

Սարգիս Քարամյան

Սարգիս Քարամյանի համար վերջին զանգն ուսումնական ողջ ընթացքի ավարտն ազդարարող խորհուրդ ունի` հագեցած բարի ցանկություններով, շնորհակալական խոսքերով, լավատեսությամբ ու բարեմաղթանքներով, որ աշակերտներին լցնում է ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ: Այս միջոցառմամբ դպրոցն ամեն տարի հրաժեշտ է տալիս հերթական սերնդին, ինչը հուզմունքի առիթ է թե՛ շրջանավարտների, թե՛ մանկավարժների համար: «Աշակերտը կտրուկ փոխվում է վերջին զանգի օրը` հասունանալով մեկ օրվա մեջ, քանի որ հասկանում է` տարիների ունեցածն այլևս իրենը չէ»,- նկատում է պարոն Քարամյանը:

Ըստ Անգին Գրիգորյանի էլ` վերջին զանգի նախապատրաստական շրջանում, երբ բուհ դիմած աշակերտներն ավելի ու ավելի են ծանրաբեռնվում, միջոցառման փորձերը կարծես շեղում են նրանց, սակայն դա չի խանգարում, որ աշակերտները մասնակցեն մեծ սիրով՝ բաց չթողնելով ուրախանալու և դպրոցում իրենց հնարավորությունները դրսևորելու վերջին առիթը: Ներկայիս նյութապաշտ ժամանակներում այն որոշ չափով ռոմանտիզմի շունչ է բերում, դպրոցում անցկացրած տարիներն ամփոփելու հնարավորություն տալիս, կյանքի ճանաչողությունն է խորացնում և համադասարանցիներին բացահայտելու առիթ դառնում:

Գայանե Հովհաննիսյանն էլ կարծում է` վերջին զանգն աշակերտների ամփոփիչ ելույթն է, որի ընթացքում նրանք երախտագիտություն են հայտնում ուսուցիչներին, քանի որ նախկինում միշտ չէ, որ նման առիթ է ընձեռվում: Վերջին զանգով նաև աշակերտի անհատականության թաքնված կողմերն են դրսևորվում: Դպրոցական երջանիկ կյանքի ավարտը խորհրդանշող այդ միջոցառմամբ շեշտվում է, որ հետևում մնացին մանկության անհոգ տարիներն ու երեխայական խենթությունները, որ վաղվա ամեն քայլի համար այլևս անձամբ են պատասխանատու:

Ելենա Գյուլմիսարյան

Իսկ Ելենա Գյուլմիսարյանը նկատում է, որ վերջին զանգին պատրաստվելու ընթացքում ինչ-որ չափով ջնջվում են ուսուցչի, դասղեկի և երեխաների միջև եղած սահմանները, ավելի ընկերական ու անմիջական մթնոլորտ է ստեղծվում, որն օգնում է մի քիչ ուրիշ աչքով նայելու անցած տարիներին և հիշելու միայն ամենալավն ու ամենապայծառը: Ըստ նրա` պատանու հետագա կյանքը մեծապես պայմանավորված է մանկությամբ և դպրոցում անցկացրած տարիներով: Այս ամենասպասված օրը լի է նաև սպասումներով ու երազանքներով, որ ավելի են ընդգծվում ավարտի և սկզբի սահմանագծին:

Աշակերտներն էլ փաստեցին, որ վերջին զանգը, բացի նրանից, որ բազում ուրախ ու հիշարժան պահեր ունենալու հնարավորություն է տալիս, նաև ավելի շոշափելի է դարձնում դեպի հասուն կյանք կատարելիք քայլերը: Նրանք ուրախ են, որ սկսվում է երազանքների, նպատակների իրագործման փուլը, որում հիմնական դերն իրենցն է լինելու: Նաև անկեղծացան, որ չնայած դրական կողմերին` վերջին զանգը երբեմն տարակարծությունների պատճառ էլ է դառնում, թեկուզ հագուստի կամ խոսքերի ընտրության և այլ փոքրիկ առիթներով, որոնք, բարեբախտաբար, լուծվում են դասղեկների օգնությամբ: Նույնիսկ դրանցից հետո կարծես դասարանական ջերմությունն ու միասնականությունն ավելի է ամրապնդվում: Մեր նկատառմանը` արդյոք փորձերը չեն խանգարում ընդունելության քննություններին պատրաստվելու ընթացքին, նրանք վստահ պատասխան տվեցին` ոչ, եթե համատեղելու ցանկություն ունես և մեծ կամքի ուժ` աջակցելու ընդհանուր գործի կայացմանը: Նաև նկատեցին, որ փորձերի ընթացքում կարևոր է կազմակերպվածությունն ու կամակորություններին տուրք չտալը: Նրանք կարծում են, որ վերջին զանգի կազմակերպման ճիշտ ժամանակը հենց մայիս ամիսն է, քանի որ քննություններից հետո այլևս չեն համախմբվի, ամեն ինչ մի տեսակ անիմաստ ու անտրամաբանական կդառնա: Ու չնայած բոլոր սպասումներին` աշակերտների մեջ արդեն կարելի է նկատել կարոտի ու անհանգստության նշույլներ հասուն կյանք ոտք դնելուն ընդառաջ, երբ այլևս իրենց կողքին չեն լինի մոր նման հոգատար ուսուցիչներն ու արդեն հարազատ դարձած կրթօջախը:

Անգին Գրիգորյան

Ի պատասխան այն հարցին` արդյոք դպրոցն ունի՞ վերջին զանգի անցկացման հատուկ ավանդույթներ, Սարգիս Քարամյանը նկատեց, որ արդեն տարիներ շարունակ ամեն ինչ անում են ուսուցիչ-աշակերտ-ծնող միասնական օղակի համատեղ ջանքերով` շեշտը դնելով ոչ թե ճոխությունների, մյուսներից տարբերվելու, այլ հրաժեշտի խորհրդի ընդգծման, օրն առանց ավելորդությունների հիշարժան դարձնելու վրա, որ ծնողները հավելյալ նեղությունների պատճառ չունենան: Եղել է անգամ տարի, որ աշակերտները դպրոցն ավարտել են վերջին դասով, երբ պարզապես հնչել են բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ, բայց փորձը ցույց է տալիս, որ երեխաները ձգտում են վերջին զանգի: Ըստ դասղեկների էլ` այն ցանկացած պատանու կյանքում չկրկնվող, կյանքի մի փուլի ավարտն ազդարարող իրադարձություն է, ինչը ծնողները լավ են հասկանում, ուստի սիրով են ձեռնամուխ լինում կազմակերպչական հարցերին, մանավանդ որ դպրոցում որևէ ավելորդ գումար չի հավաքվում. սցենարը իրենք են գրում, բեմը ձևավորում են գրեթե աշակերտների ուժերով, դահլիճ էլ երբևէ չեն վարձում: Ինչպես հումորով նկատեց Ելենա Գյուլմիսարյանը, անգամ հարսանիքը կարող է մարդու կյանքում մի քանի անգամ լինել, իսկ վերջին զանգը` ոչ, ուստի չարժե երեխային զրկել ևս մեկ տոնից առանց այդ էլ բավական անուրախ մեր առօրյայում, երբ սովորելու, ընդունելության քննություններին պատրաստվելու դժվար ու ծանր ընթացքում աշակերտներն ուղղակի կարիք ունեն վառ ու լուսավոր երանգների:

Մենք անդրադարձանք նաև գրված ու գնված սցենարների թեմային: Պարոն Քարամյանը հավաստիացրեց, որ դպրոցում երբևէ սցենար չեն գնել, քանի որ դա ենթադրում է միօրինակություն, ինչը չի կարող արտացոլել տվյալ դասարանի առանձնահատկությունները: Աշակերտներն էլ նշեցին, որ անպայման ցանկանում էին՝ իրենցից ամեն մեկի և ընդհանրապես դասարանի ընդհանուր մթնոլորտի յուրահատկությունը երևա վերջին զանգի ընթացքում: Պատասխանատվություն, որ սիրով ստանձնել են դասղեկները:

Հենց նրանցից էլ ճշտեցինք, թե ինչ թեմաներ են ընտրել: «20 տարի անց» սցենարը պատմում է, թե ինչպես են երեխաներն իրենց պատկերացնում տարիներ անց, երբ պատահական հանդիպումից հետո նորից վերադառնում են դպրոց, սցենար՝ գրված «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության մոտիվներով, «Չենք ուզում վերջին մոհիկանները լինել» խորագրով սցենարի հիմնական խորհուրդն էլ այն է, որ մեր իրականության մեջ շատ կարևոր հատկանիշներ` ազնվություն, բարություն, անկեղծություն, անհետանում են, ինչին իրենք ուզում են ընդդիմանալ: Նաև կարևորում են օտարամուտ բարքերին տուրք չտալը, սյուժեն հանգում է ազգային ավանդույթների ու մշակույթի արժևորմանը:

Գայանե Հովհաննիսյան

Զրուցեցինք նաև վերջին զանգից հետո պատահող անցանկալի դեպքերից: Տնօրենն ասաց, որ աշակերտներին արգելել է մասնակցել համաքաղաքային միջոցառումներին, նրանք ուրախանում են դպրոցում, դա առավել ապահով է դարձնում շրջանավարտի օրը և հեշտացնում վերահսկողությունը:

Նշենք, որ աշակերտներն ամենից շատ ձգտում են անվճար ընդունվել, որից հետո ուզում են իրականացնել իրենց բոլոր նպատակներն ու հասնել մեծ հաջողությունների: Սարգիս Քարամյանն ասաց, որ դպրոցի բոլոր տարիների շրջանավարտներին մաղթում է երջանիկ լինել, ինչը նաև նրանց ծնողների երջանկության հիմքն է լինելու: Գայանե Հովհաննիսյանն էլ չարենցյան բառերով աշակերտներին մաղթում է բախտավոր ուղի, անվհատ հոգի և աննինջ կարոտ` ընկերների, դպրոցի և ընդհանրապես այն ամենի հանդեպ, ինչը նրանց կյանքի հիմքն է դրել: Ելենա Գյուլմիսարյանն էլ ասաց, որ ամեն տարի իր աշակերտների համար կարդում է Գաբրիել Գարսիա Մարկեսի մահից առաջ գրված նամակը, որից մեզ համար մեջբերեց հետևյալ հատվածը. «Ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհն ուզում է ապրել սարերում` չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է»:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: