Հայերեն   English   Русский  

​Ինչ-որ տեղ ինչ-որ բան ճիշտ չէ


  
դիտումներ: 1287

Ամեն տարի մայիսի վերջին ամենաուրախ իրադարձություններից է վերջին զանգը, երբ փողոցում տեսնում ես խմբերով, ուրախ բացականչություններով, գեղեցիկ հագնված ու զանգերը կրծքներին հպարտորեն զրնգացնելով քայլող շրջանավարտներին: Միշտ էլ վերջին ու առաջին զանգերը գիտակցությանդ մեջ թաքուն շշնջում են, որ կյանքը շարունակվում է: Առաջին զանգով դպրոց է գալիս հերթական սերունդը և վերջին զանգով, դպրոցի նստարանը թողած, մեծ կյանք է մտնում հերթական սերունդը, հների տեղ նորերն են գալիս, ինչպես ծովի ալիքները, երբեմն շառաչելով, երբեմն կյանքի ափերի հետ չարաճճի խաղալով:

Նախորդ շաբաթ Հայաստանի դպրոցներում հնչեց վերջին զանգը՝ հերթական անգամ դեպի մեծ կյանք ճանապարհելով նոր սերնդին՝ նոր հույսերով, նոր իղձերով, նոր նպատակներով ու ծրագրերով: Իր ֆեյսբուքյան էջում շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մաղթում է. «Մի՛ վախեցեք դժվարություններից, բարձր նշաձող սահմանեք ձեզ համար ու ջանք ու եռանդ մի խնայեք ձեր նպատակներին հասնելու համար»:

Վերջին զանգի զարդը, ինչ խոսք, շրջանավարտներն են: 2016-17 ուստարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական՝ 9-րդ դասարանն ավարտեց 29 հազար 642, իսկ հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը՝ 19 հազար 618 շրջանավարտ: Եվ վեջին զանգի միջոցառումների համատեքստում կարծես բոլորն են պատկերացնում, որ այդ օրերին շրջանավարտները պետք է խենթություններ անեն և հակված են ներողամտորեն նայելու նրանց չարաճճիություններին:

Օրինակ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, վերջին զանգի հանդիսությունների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ը՝ Երևան քաղաքում, 90-ը՝ մարզերում: Բայց մի քանի օրից սա էլ կմոռացվի, եթե արդեն չի մոռացվել, որովհետև բոլորն էլ մի օր նման խենթություններ արել են իրենց վերջին զանգի ժամանակ, որը կյանքում մեկ անգամ է լինում: Կմոռացվեն նաև վերջին զանգը նշելու, այդ միջոցառումները կազմակերպելու, անցկացնելու համար դրամահավաքները, դժվարությունները, ծնողների բողոքներն ու դժգոհությունները: Որոշ շրջանավարտներ վաղը-մյուս օրը բուհերում կամ պարզապես բակերում կսկսեն պարծենալ, թե ինչպես էր կազմակերպվել իրենց վերջին զանգը, տոնական ճաշկերույթը որ շքեղ սրահում էր անցկացվել, ծնողներն էլ կպատմեն, թե ինչքան ծախս արեցին, որ իրենց զավակների այս եզակի օրը դառնա անմոռաց:

Բայց ափսոս, որ մեր երկրի ոչ բոլոր դպրոցներում են այս տոնական իրարանցումը զգացել,

հանրապետության մի շարք դպրոցներում չի հնչում վերջին զանգ շրջանավարտ չլինելու պատճառով: Այս տարի, օրինակ, հանրապետության 30 դպրոցում լռել է վերջին զանգը: Ու այս փաստից ակամա սկսում ես մտածել, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան ճիշտ չէ:

Սյունիքի մարզի Լծենի դպրոցում վերջին զանգի միջոցառում չի եղել, որովհետև այդ համայնքում արտագաղթը մեծ է, այս գյուղում դպրոցը 4 աշակերտ ունի: Շիրակի մարզի Լեռնուտ գյուղում արդեն երկրորդ տարին է, ինչ վերջին զանգը չի հնչում: Նույն վիճակն է նաև մարզի Հայկաձոր համայնքում: Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի դպրոցն ունի 25 աշակերտ, որոնց թվում կրկին շրջանավարտներ չկան: Այս տարի շրջանավարտներ չունեն նաև Լոռու մարզի Բովաձորի, Ամրակիցի ու Դաշտադեմի դպրոցները: Բազմաթիվ դպրոցներում էլ վերջին զանգը հնչեց մեկ, երկու, երեք կամ չորս հոգու համար: Նման համայնքներում կյանքի շարունակականության ալիքը այս տարի չերևաց՝ հաջորդ տարիներին երևալու հույսով:

Մինչ հանրապետությունով մեկ շրջանավարտներն ուրախ քեֆերի մեջ էին, երբեմն անթույլատրելի շքեղության հասնող խնջույքներ ու միջոցառումներ էին կազմակերպում, սահմանամերձ մի շարք բնակավայրեր շրջանավարտ չունեին: Օրինակ՝ այս տարի վերջին զանգը չհնչեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցում, հակառակորդի մշտական կրակոցների թիրախում գտնվող Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցն այս տարի ունեցել է 3 շրջանավարտ: Վերջին տարիների համեմատ՝ սա շրջանավարտների ամենափոքր թիվն է համայնքում: Սահմանամերձ Բաղանիսի դպրոցն այս տարի հրաժեշտ տվեց 3 շրջանավարտի, Բարեկամավանը՝ 2 շրջանավարտի: Այս համայնքում շրջանավարտների թիվը պետք է 3 լիներ, սակայն աշակերտներից մեկը ընտանիքով տեղափոխվել է Նոյեմբերյան՝ զգուշանալով հակառակորդի կրակոցներից:

Երբ շրջանավարտ չեն ունենում այլ համայնքներ, իհարկե, տխուր է, ցավալի, բայց ինչպե՞ս որակես այն վիճակը, երբ սահմանամերձ, ավելի ճիշտ՝ սահմանապահ գյուղերում է այդպես, սա արդեն ռազմավարական աղետ է: Բայց չես էլ կարող մեղադրել մարդկանց, որ չեն ցանկանում թշնամու մշտական կրակի, մահվան մշտական սպառնալիքի տակ երեխաներ լույս աշխարհ բերել, մեծացնել՝ վտանգելով նրանց անհոգ մանկությունը, բերելուց էլ՝ չեն ցանկանում, որ իրենց երեխան դպրոց գնա զորավարժության մասնակցող զինվորի պես՝ խուսանավումներով, խրամատներով, պատերի տակով, տեղ-տեղ կռացած ու թաքուն, տեղ-տեղ շատ արագ, որ թշնամին չհասցնի նկատել ու կրակել:

Մի խոսքով, այս տարի մոտ 3 տասնյակ դպրոցներում վերջին զանգը լռեց, բայց հուսով ենք, որ եկող տարիներին ուրախ կհնչի ու մեր ուղեղներում չի գամվի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքերը, թե եթե գյուղի դպրոցը 7 աշակերտ ունի, իսկ 1-2 կմ հեռավորությամբ կա մեկ այլ դպրոց, որտեղ 60-70 աշակերտ է սովորում, ավելի լավ է հոգալ խոշոր դպրոցի ծախսերը, որտեղ ուսուցումն ավելի լավ կկազմակերպվի: Այսինքն՝ չի առաջանա դպրոցներ փակելու անհրաժեշտություն, հակառակը՝ նոր դպրոցներ բացելու, մեծացնելու խնդիր կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: