Հայերեն   English   Русский  

«Ես նա չեմ». Թուրք կինոգործիչների ակտիվ մասնակցությունը «Ոսկե Ծիրանին» շարունակվում է


  
դիտումներ: 979

«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված ֆիլմերի շարքում է թուրք ռեժիսոր, սցենարիստ և գրող Թայֆուն Փիրսելիմողլուի «Ես նա չեմ» գործը։

Ֆիլմը պատմում է միջին տարիքի ամուրի և միայնակ Նիհաթի մասին, ով աշխատում է հիվանդանոցի ճաշարանում: Երբ երիտասարդ գործընկերուհի Այշեն հրավիրում է նրան իր տուն՝ ընթրիքի, նա գնում է, չնայած այն լուրերին, որ նրա ամուսինը՝ Նեջիփը, լուրջ հանցանքի պատճառով բանտում է: Ամուսնական լուսանկարում Նիհաթը նկատում է, որ Այշեի բանտարկյալ ամուսինը շատ նման է իրեն: Այս վտանգավոր հարաբերությունը Նիհաթի կյանքում տեղիք է տալիս շատ ավելի խոր փոփոխությունների, քան նա երբևէ կպատկերացներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի հեղինակը, խոսելով Թուրքիայում կինոյի ոլորտում տիրող իրավիճակի մասին, պատմեց, որ վերջին 10 տարվա ընթացքում այդ երկրում կինոարտադրությունը 10-50 տոկոսով զարգացում է ապրել. «Սակայն որակը այնքան լավ չէ, մեծացել է միայն արտադրվող ֆիլմերի քանակը: Տարեկան միայն 3-4 լավ ֆիլմ է արտադրվում է: Մշակույթի նախարարությունը փորձում է աջակցել և դրամաշնորհներ է տրամադրում, սակայն շատ երիտասարդներ չեն օգտվում այդ հնարավորություններից»։

Անդրադառնալով իր ֆիլմերին՝ Փիրսելիմողլուն պատմեց, որ տարված է անհատականության փոփոխությունների թեմայով։ Այդ թեման նա արծարծում է ոչ միայն ֆիլմերում, այլև գրական ստեղծագործություններում։
Նա խոստովանեց, որ անձի փոփոխության հարցը սուր է դրված երկրում, քանի որ շատ ազգություններ, այդ թվում՝ հայերը, երկար ժամանակ ստիպված են եղել թաքցնել իրենց ինքնությունը։

Խոսելով այն մասին, թե ինչպես է գրականությունը ազդում ֆիլմերի վրա, Թայֆուն Փիրսելիմողլուն նշեց, որ իր ստեղծագործությունների վրա ազդել են Ֆյոդոր Դոստոևսկին, Էդգար Ալան Պոն։ «Ճիշտ է, Ալան Պոյից և Հիչքոքից եմ ոգեշնչվել։ Սակայն աշխատելու ընթացքում դրա մասին չէի մտածում: Կարևորը երևի թե հենց այդ է, որ ոգեշնչվում ես, բայց ինքդ դրա մասին տեղյակ չես լինում»։

Փիրսելիմողլուն ընդգծեց, որ աշխատում է ֆիլմերում չօգտագործել իր իսկ պատմվածքները կամ վեպերը, սակայն նոր նախագծի սցենարի համար հիմք է հանդիսացել ռեժիսորի վերջին պատմվածքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: