Հայերեն   English   Русский  

​Համակարգչային հանցագործություններ (Կիբեռհանցագործություն) Մաս 2


  
դիտումներ: 14432

Նախորդ համարում ընդհանուր առմամբ ներկայացրեցինք համակարգչային հանցագործությունների էությունը, ծագման պատմությունը, ինչպես նաև թվարկեցինք համակարգչային հանցագործությունների տեսակները:

Այս համարում մանրամասն կանդրադառնանք համակարգչային հանցագործությունների բոլոր տեսակներին:

Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը)

Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող և օրենքով պահպանվող տեղեկատվության համակարգի որևէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ և անզգուշությամբ առաջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի կամ համակարգչային սարքավորումների շարքից դուրս բերում կամ այլ զգալի վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը

Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունը փոփոխելը կամ դրանցում սուտ տեղեկատվություն մտցնելը՝ ուրիշի գույքը հափշտակելու հատկանիշների բացակայության դեպքում, կամ խաբեության կամ վստահությունը չարաշահելու ճանապարհով գույքային վնաս պատճառելը, որն առաջացրել է զգալի վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Համակարգչային սաբոտաժը

Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը

Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Օրենքը սահմանել է նաև քրեական պատասխանատվություն վերը նշված տեղեկատվությունը հանձնելուն հարկադրելու համար, այսինքն՝ անձի կամ նրա մերձավորի մասին նշավակող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև այնպիսի տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, որոնք տուժողը ցանկանում է գաղտնի պահել, կամ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի կամ այն անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որոնց տնօրինության կամ պաշտպանության տակ են գտնվում այդ տեղեկությունները:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: