Հայերեն   English   Русский  

Հայաստանցի մարզիչները հոգեբանական դասընթաց են անցնում


  
դիտումներ: 592

Հունիսի 2-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Դվին» սրահում մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ անցկացվող «Մարզչական գործունեության հոգեբանական ասպեկտների կատարելագործումը» թեմայով սեմինարը:

Սեմինարի բացմանը ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ով խոսել է սպորտային հոգեբանի ինստիտուտի ներդրման կարևորության մասին և նշել, որ մարզիչների համար կազմակերպվող նմանատիպ սեմինարները շատ օգտակար կլինեն և կօգնեն մարզիկներին հաղթահարել ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները: «Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ մարզիկը լինելով լավ մարզավիճակում, չի կարողանում հանդես գալ իր իրական հնարավորություններով: Հենց այստեղ է, որ նրանց կարող են օգնել հոգեբանի որակավորում ստացած մարզիչները: Իհարկե ամենալավ տարբերակը հավաքականների սպորտային հոգեբանների ինստիտուտով համալրելն է: Սակայն, քանի դեռ չկան մեծ թվով մասնագետներ, մարզիչների գիտելիքների բարձրացումը լավագույն տարբերակն է»,- ասել է նախարարի տեղակալը:

Ինչպես նշել է սեմինարի կազմակերպիչ «Հայկական հոգեբանության ակադեմիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը, այս սեմինարի նպատակը սպորտային հոգեբանության բնագավառում մարզիչների տեսագործնական հմտությունների կատարելագործումն է: «Նախաձեռնելով այս ծրագիրը, խնդիր ենք դրել մարզիչների շրջանում լրացնելու սպորտի տեսագործնական հոգեբանության գիտելիքների այն բացը, որը կնպաստի մարզիչների գործունեության արդյունքում մարզիկների մարզական բարձր նվաճումների ավելացմանը»,- ասել է Բ. Մնացականյանը: Դասընթացներին մասնակցելու են տարբեր մարզաձևերի հավաքականների մարզիչներ:

Դասընթացավարները խոսելու են մարզիկի հոգեբանական պատրաստվածության գործում մարզիչի դերի և նշանակության, հոգեկարգավորման և ինքնակառավարման հմտությունների, մարզական գործունեության մեջ սթրեսի կառավարման հոգեֆիզիոլոգիական մեխանիզմների մասին:

Նշենք, որ տարբեր մարզաձևերի մարզիչների համար հետագայում կկազմակերպվեն առանձնացված դասընթացներ՝ նախատեսված տվյալ մարզաձևի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: