Հայերեն   English   Русский  

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի 100-ամյակն է այսօր


  
դիտումներ: 1120

Բարերարը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ով ինքն է իրեն ստեղծել: Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և հնարամտության շնորհիվ կարողանում է զրոյից կառուցել իր հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ծավալած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի «արծիվ»: Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն էր: Ամերիկյան բանկերը նրան տալիս էին վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցում էին գրավի չափսը: Դա համարժեք է հրաշքի` միլիոններ անվան դիմաց:

Պատանի տարիքում Քըրքը սկսում է զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` նա ներկում և վաճառում էր դրանք` աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատում է ոչ թե մեքենաների, այլ ինքնաթիռների օգնությամբ:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա վերջինն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում, Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես:

«Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրենի լեզվով», – հիշում է Քըրքորյանը, – «Եվ միայն փողոցում հայտնվելով էինք անգլերեն սովորում: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Ես թերթեր էի վաճառում և զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով: Երբ դուք այդ տարիքում տրված եք ինքներդ ձեզ, ապա կյանք եք մտնում բավական շուտ: Գործելու համար դուք լրացուցիչ ուժ եք ստանում, որն ավելի է օգնում, քան ցանկացած ժառանգություն»:

1939 թվականի աշնանը Քըրքը հանդիպեց Թեդ Օ’Ֆլաերտին:

Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը օգնականի աշխատանքի է անցնում նրա մոտ` աշխատելով ժամում 45 ցենտ: Մի անգամ Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ է տանում և առաջարկում է թռչել: Իր կյանքում առաջին անգամ Քըրքը օդ է բարձրանում, տեսնում է երկիրն ու օվկիանոսը վերևից: Դա պատանու վրա այնպիսի մեծ տպավորություն է թողնում, որ նա առանց տատանվելու կատարում է իր ընտրությունը: Ինքնաթիռը` դա նրա կոչումն է:

Եվրոպայի վրա կախված էր 2-րդ համաշխարհային պատերազմի վտանգը: Քըրքորյանը վախենում էր, որ նրան բանակ կկանչեն ավելի շուտ, քան նա կսովորի թռչել: 1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան:

«Սովորելու համար գումար չունեմ» – անկեղծ հայտնում է Քըրքը օդաչու-հրահանգիչ Բերնսին, – «Եվ կրթություն նույնպես չունեմ: Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ»: Բերնսը օգնում է: 6 ամիս անց Քըրքորյանը ստանում է օդաչուի որակավորում:

«Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող» – հիշում է Քըրքորյանը, – «1000 դոլա՛ր մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել Կանադական ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և 4-ից միայն 1-ն էր հետ վերադառնում»:

Իր ծառայության 2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխում է 33 ինքնաթիռ, անցկացնում է հազարավոր ժամեր օդում և թռիչքներ է իրականացնում 4 աշխարհամասերում: Արդյունքում, նրան հաջողվում է պահպանել ոչ միայն սեփական կյանքը, այլ նաև վաստակած գումարների մեծ մասը:

Դրանք այն գումարներն էին, որոնք սկիզբ դրեցին Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը:

1945 թվականի հուլիսին, ավարտելով ծառայությունը, Քըրքորյանը ձեռք է բերում Cessna ուսումնական մեկ-շարժիչային ինքնաթիռը, վերադառնում է Լոս Անջելես և սկսում իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ: Նրա մշտական հաճախորդներից էր ոմն Ջերրի Վիլիյամսը, որը շաբաթական երկու անգամ թռչում էր Լաս Վեգաս:

Առաջին անգամ Քըրքորյանը ծանոթանում է Լաս Վեգասին, որը մեծ տպավորություն է թողնում նրա վրա: Իսկ արդեն 40-50-ական թվականներին նրան այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի, որը ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել 50-80 հազար դոլար մեկ գիշերվա ընթացքում: Վերջիվերջո նա թողնում է խաղալը և ամբողջովին տրվում է ավելի հետաքրքիր` «ֆինանսական խաղերին»:

1969 թվականին, խաղային բիզնեսում իր գործունեությանը զուգահեռ, Քըրքորյանը մտնում է նաև հոլիվուդյան կինոարտադրության աշխարհ` գնելով Metro Goldwyn Mayer կինոընկերության արժեթղթերը: 1973 թվականին Քըրքորյանը կառուցում է Լաս Վեգասի իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծը աշխարհում և անվանում այն Grand Hotel, ինչպես նաև հանդիսացավ Chrysler և General Motors ընկերության բաժնետեր, մի խոսքով արդեն միլիարդատեր պարոնը սակայն չմոռացավ իր ծննդավայրի մասին՝

Սպիտակի երկրաշարժից հետո եւ ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերեց ավելի քան 20 մլն. դոլար:

Առաջին խոշոր հատկացումը` 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.` եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի եւ ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը:

1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար:

2001թ.-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման: Հայաստանի Ազգային Հերոս է և պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: