Հայերեն   English   Русский  

​Մենք պայքարում ենք, որ ճիշտ օգտագործվեն Հայաստանի ունեցած մտավոր ռեսուրսները. Ջեմմա Հասրաթյան


  
դիտումներ: 19959

«Յուրաքանչյուր երկիր, որքան ճիշտ ու նպատակասլաց օգտագործի իր ռեսուրսները, այնքան ավելի շատ հաջողությունների կհասնի: Եվ մենք պայքարում ենք, որ ճիշտ օգտագործվեն այն մտավոր ռեսուրսները, որ այսօր Հայաստանն ունի»,- ասում է «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

Նա նշում է, որ շատերը կարծում են՝ քաղաքականությունում և որոշումների կայացման մակարդակում կանանց ներգրավվածության համար պայքարն ինքնանպատակ է, ինչը սխալ մոտեցում է: «Մեր խնդիրն է պարզել, թե ինչ ունենք և ում որ ոլորտում կարելի է շատ ներգրավել, որպեսզի հաջողություններ ունենանք: Չափազանց կարևոր է, թե որպես երկիր, հասարակություն և քաղաքակիրթ հանրություն՝ որքանով ենք կարողանում ճիշտ օգտագործել կանանց ու տղամարդկանց ներուժը»,- ասում է նա:

Տիկին Հասրաթյանը թվարկում է մի շարք ոլորտներ, որոնցում կանանց ներուժը մեծ է, սակայն նրանք քիչ են ներգրավված ոլորտի որոշումների կայացման մակարդակում:

«Այսօր Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների մեջ կանայք կազմում են 60 տոկոսից ավելին: Կան ոլորտներ, որտեղ հիմնականում կանայք են: Օրինակ` ողջ կրթական համակարգը կանանց ուսերին է: Այսինքն` եթե մենք ուզում ենք, որ մեր ապագա սերունդները լինեն գիտակ, գրագետ, լավ քաղաքացիներ, սիրեն և հարգեն իրենց երկիրը, ապա պետք է տեսնենք ու գնահատենք այդ աշխատանքն իրականացնող կանանց»,- ասում է նա:

Հասրաթյանն ասում է, որ տարիներ շարունակ պայքարել են կրթության կին փոխնախարար ունենալու համար: Սակայն ներկայիս կին փոխնախարարը զբաղվում է բարձրագույն կրթության խնդիրներով, իսկ հանրակրթությամբ նորից տղամարդ է զբաղվում: «Իհարկե, տղամարդն էլ կարող է ղեկավարել ոլորտը, սակայն ես դեռևս չեմ տեսնում, որ հանրակրթության ոլորտում փոփոխությունները բերում են լուրջ որակական արդյունքներ: Ավելին, կրթության ոլորտի ղեկավարների երեխաները մասնավոր դպրոցներում են սովորում, ինչը ևս ցուցիչ է: Ուստի մեզ այդ ոլորտում պետք է մարդ, որը եղել է ուսուցչուհի, տնօրեն, ապա եկել է նախարարություն և շատ լավ տիրապետում է համակարգի խնդիրներին»,- ասում է նա:

Երկրորդ ոլորտը, որտեղ մեծ է կանանց ներուժը, տիկին Հասրաթյանը համարում է առողջապահությունը: Այստեղ կանանց ներգրավվածությունը գրեթե 60 տոկոս է: Նա նշում է, որ կարևոր է մտածել, թե ինչպես մեծացնել տղամարդկանց թիվն առողջապահության ոլորտում, միաժամանակ հարկավոր է կանանց ներգրավել առողջապահության ոլորտի կառավարման գործընթացներում:

«Տարբեր հարցերի շուրջ կանանց և տղամարդկանց համատեղ քննարկումը կբերի ճիշտ և արդյունավետ լուծումներ, որովհետև կանայք և տղամարդիկ տարբեր տեսանկյուններից են նայում խնդիրներին, իսկ մոտեցումների համադրումը լուծման ճիշտ ուղի կապահովի»,- ասում է նա:

Գյուղատնտեսության ոլորտում ևս մեծ է կանանց ներգրավվածությունը: Տիկին Հասրաթյանը նշում է, որ տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու հետևանքով հողամասերը հիմնականում մշակում են կանայք իրենց երեխաների հետ: Սակայն գյուղատնտեսությունում կանանց գործունեության համար չկան բավարար պայմաններ. բացակայում է թեթև մեխանիզացիան, խնդիր է կանանց վարկերի տրամադրումը, քանի որ սեփականությունը սովորաբար տան տղամարդու անունով է գրանցվում:

Ջեմմա Հասրաթյան

«Ինչո՞ւ չունենք որևէ կին գյուղատնտեսության նախարարությունում, որը զբաղվեր այս խնդիրներով»,- ասում է նա:

Հասրաթյանը նշում է, որ տարբեր ոլորտներում կանայք կարող են քննարկել խնդիրները, բանավիճել, լուծման ուղիներ մշակել, սակայն որոշում կայացնողներն այդ կանայք չեն, այլ մարդիկ, որոնք գտնվում են կառավարման համակարգի վերին օղակներում` օրենսդիր և գործադիր մարմիններում, ՏԻՄ-երում: Ուստի չափազանց կարևոր է, որ այդ օղակներում ներկայացված լինեն պայքարող ու գործունյա կանայք:

«Մեր կազմակերպությունը, օրինակ, տարիներ շարունակ պայքարել է Ազգային ժողովում կանանց թվաքանակի ավելացման համար: Սակայն խնդիրն այն չէ, որ ԱԺ-ում որոշակի թվով կանայք լինեն: Խնդիրն այն է, որ լինեն այնպիսի կանայք, որոնք կբարձրացնեն հասարակությանը և հատկապես կանանց հուզող հարցեր, որոնք կպայքարեն ժողովրդի շահերի համար»,- ասում է նա:

Դիտարկմանը, թե չնայած ձեռնարկվող ջանքերին՝ կանանց ներգրավվածության մակարդակը քաղաքականությունում և որոշումների կայացման մակադակում շարունակում է ցածր մնալ, տիկին Հասրաթյանը նշում է, որ միանգամից արդյունքներ չեն լինում, ամեն ինչ աստիճանաբար պետք է տեղի ունենա: Որպես արդյունք նշում է ներկայիս խորհրդարանում կանանց 18 տոկոս ներկայացվածությունը: Ասում է, ճիշտ է, գենդերային քվոտաներով կանանց 25 տոկոս ներկայություն էր ենթադրվում, սակայն առկա վիճակն էլ առաջընթաց է. նախորդ խորհրդարանի համեմատ՝ կանանց տոկոսային ներկայացվածությունն ավելի բարձր է, բացի այդ, կուսակցությունները զրկվել են այն հնարավորությունից, երբ կանանց ստիպում էին հրաժարականի դիմում գրել և տեղը զիջել տղամարդկանց:

Հասրաթյանը նշում է, որ այժմ առաջնային է նորընտիր կին պատգամավորների հետ աշխատելը. «Հիմա պետք է մտածենք, թե ինչպես նրանց օգնենք, որ շուտ մտնեն հունի մեջ և կարողանան կարևոր հարցերը ճիշտ բարձրացնել»: Հասրաթյանը կարևորում է նաև, որ թե՛ կին, թե՛ տղամարդ պատգամավորները գիտակցեն, որ իրենց ժողովուրդն է ընտրել և պատասխանատու են ժողովրդի առջև, ոչ թե միայն իրենց կուսակցության:

Նա նշում է, որ հաջորդ խորհրդարանի համար օրենքը կանանց 33 տոկոս ներկայություն է ենթադրում: Ուստի հարկավոր է արդեն իսկ սկսել աշխատանքները` կանանց այնպիսի սերունդ ձևավորելու, որոնք հաջորդ խորհրդարան կմտնեն մարդկանց շահերը պաշտպանելու և երկրում իրավիճակ փոխելու համար:

Անդրադառնալով ՏԻՄ մակարդակում կանանց ներկայացվածությանը՝ Հասրաթյանը նշում է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեծածավալ աշխատանք են իրականացրել, որպեսզի կանայք ակտիվանան և մասնակցեն ընտրություններին: Արդյունքում Արարատում 87 կին առաջին անգամ մասնակցել է ընտրություններին և ավագանի ընտրվել, Լոռիում ավագանիում ընդգրկված կանանց թիվը 90-ից ավելի է: Սակայն խնդիր է համայնքի կին ղեկավար ունենալը: Հասրաթյանն ասում է, որ կին գյուղապետների թիվը գնալով պակասում է, եթե 5 տարի առաջ նրանք 24-ն էին, ապա ներկայումս կանայք ընդամենը 17 համայնք են ղեկավարում:

«Այդ թիվն աստիճանաբար պակասում է: Քանի իրավիճակները բարդանում են, վարչատարածքային փոփոխություններ են տեղի ունենում, այնքան կանանց դուրս են մղում կառավարման այդ մակարդակից»,- ասում է նա:

Հասրաթյանն ասում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կանանց համար շատ դժվար է գյուղական համայնքներ ղեկավարելը. «Ոչ թե չկան այդ կանայք, կան: Պարզապես երբեմն կանայք ռիսկի չեն գնում, պատասխանատվություն չեն վերցնում, որովհետև միայն իրենց պատասխանատվությամբ չեն կարողանում լուծել բոլոր հարցերը»: Անդրադառնալով համայնքների խոշորացման պարագայում ղեկավար օղակներից կանանց դուրսմղման պատճառներին` Հասրաթյանն ասում է, որ պատճառները տարբեր են. «Մի դեպքում կարող է խոշորացված համայնքներում բնակչությունը մտածի, որ սա կնոջ բեռ չէ: Մյուս կողմից՝ կանայք էլ չեն դնում իրենց թեկնածությունը, որովհետև հասկանում են, որ դժվար է լինելու»: Ասում է, որ ստեղծված պայմաններում պետք է աշխատանք տանել կանանց հետ, որպեսզի նրանք նման մեծ պատասխանատվություն ստանձնելու համարձակություն ձեռք բերեն, բացի այդ, կարևոր է նաև պետական մարմինների աջակցությունն այս գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: