Հայերեն   English   Русский  

​Հանդբոլիստները հանդես կգան Բուլղարիայում


  
դիտումներ: 4236

Հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունիսի 12-18-ը Բուլղարիայում մասնակցելու է զարգացող երկրների տղամարդկանց հանդբոլի աշխարհի 2-րդ առաջնությանը:

Գաբրովո և Վելիկո Տարնովո քաղաքները հյուրընկալելու են 16 երկրների ներկայացուցիչների՝ բաժանված 4 խմբի: Մեր հավաքականը D խմբում ուժերը չափելու է Չինաստանի, Ֆարերյան կղզիների, Մոլդովայի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Արարատ Բարսեղյանի և մարզիչ Աշոտ Հակոբյանի ղեկավարությամբ, վաղուց սկսել է նախապատրաստությունը: Թիմը ուսումնամարզական հավաք անցկացրեց Վանաձորում, իսկ այժմ գտնվում է Վրաստանում և անցկացնում է ստուգողական հանդիպումներ Վրաստանի թիմերի հետ:

Նշենք, որ ազգային հավաքականը ձևավորվել է Հայաստանի հանդբոլի տղամարդկանց առաջնությունից հետո, որտեղ հաղթող է ճանաչվել ՖԻՄԱ-ն:

Բուլղարիա մեկնող Հայաստանի պատվիրակության ղեկավարն է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխանախագահ Էդուարդ Օհանյանը:

Մեր հավաքականը խմբային փուլի հանդիպումներն անցկացնելու է Գաբրովոյի «Սպորտնա Զալա» մարզադահլիճում: Մրցաշարի առաջին օրը՝ հունիսի 12-ին, մերոնք ուժերը չափելու են Մոլդովայի ներկայացուցիչների հետ, հունիսի 13-ին՝ Չինաստանի հանդբոլիստների հետ, իսկ խմբային փուլի վերջին օրը՝ հունիսի 14-ին, Ֆարերյան կղզիների թիմի հետ: Նշենք, որ 2015-ին Ֆարերյան կղզիների թիմը զբաղեցրել է 1-ին, Մոլդովայի հավաքականը՝ 6-րդ, իսկ Չինաստանի ներկայացուցիչները՝ 10-րդ հորիզոնականը:

Համաձայն մրցաշարի այս տարվա կանոնակարգի՝ թիմի կազմում կարող են ընդգրկվել մինչև 24 տարեկան հանդբոլիստներ և ավագ տարիքի 3 մարզիկ: Խմբերում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները հաջորդիվ հանդես կգան քառորդ եզրափակչում, իսկ 3-4-րդ տեղերը գրաված հավաքականները՝ կվիճարկեն 9-16-րդ տեղերը: Առաջնությունում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն ամիջապես դուրս կգան Եվրո-2020-ի որակավորման փուլ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: