Հայերեն   English   Русский  

Համակարգչային հանցագործություններ (մաս 3)


  
դիտումներ: 9441

Նախորդ համարներում խոսեցինք համակարգչային կամ կիբեռհանցագործության մասին, ներկայացրեցինք դրա ծագման և քրեականացման պատմությունը, ընդհանուր գծերը, ինչպես նաև խոսեցինք մի շարք կոնկրետ համակարգչային հանցագործությունների մասին:

Այս համարում կավարտենք համակարգչային հանցագործությունների թեման և կներկայացնենք մնացած հանցակազմերը: Դրանք են՝ համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը, վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը և համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը:

Համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը: Պաշտպանված տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցներ պատրաստելը դրանք իրացնելու նպատակով կամ դրանք իրացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը: Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը: Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելն այն անձի կողմից, որն այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելու (ներթափանցելու) թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացում, ուղեփակում (մեկուսացում), փոփոխում, համակարգչային սարքավորումների աշխատանքների խաթարում կամ առաջացրել է այլ զգալի վնաս, պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: