Հայերեն   English   Русский  

Ժեստերի լեզվով ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» էկրաններին


  
դիտումներ: 1144

«Ոսկե ծիրան» Երևանյան կինոփառատոնն արդեն մեկնարկել է: Հուլիսի 15-ին հայ կինոսիրողներին կներկայացվի ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը:

Նախագիծը երկու տարի առաջ «Ոսկե ծիրանի» «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրում դրամաշնորհ ստացավ այն զարգացնելու համար: «Ցեղը» արդեն մրցանակ է ստացել Կաննում «Քննադատների շաբաթ» ծրագրում:

Ֆիլմը պատմում է խուլ ու համր Սերգեյի մասին, ով ընդունվում է մասնագիտացված գիշերօթիկ դպրոց: Այս նոր վայրում նա պետք է իր տեղը գտնի հանցագործությանն և մարմնավաճառությանը առնչվող դպրոցական ցանցի պաշտոնակարգության՝ ցեղի մեջ: Մասնակցելով մի քանի գողության ՝ նա մղվում էր վեր՝ դեպի կազմակերպությունը: Սակայն մի օրհանդիպում է շեֆի հարճերից մեկին՝ Աննային, և ակամայից խախտում ցեղի բոլոր չգրված կանոնները:

Երևանյան փառատոնում ֆիլմը ներկայացնում է բելառուսցի դերասանուհի Յանա Նովիկովան, ով Աննայի դերն է կատարել: Երիտասարդ դերասանուհին, ում համար այս դերը առաջինն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թեև Երևանում առաջին անգամն է և շփոթված է , սակայն շնորհակալ է ջերմ ընդունելության համար;

«Հավատում եմ, որ մեր նկարահանած ֆիլմը լավն է; Այն սիրո և ատելության մասին է: Այն ցույց է տալիս, թե ինչպես են ապրում ժեստերի լեզվով: Լավ է, որ այն ամբողջովին ժեստերի լեզվով է: Ֆիլմը սփոփանք է մեզ համար, քանի որ ցանկանում ենք, որ մարդիկ տեսնեն, թե ինչպես ենք մենք ապրում»,- նշեց դերասանուհին:

Նա նույնպես, սովորել է խուլ ու համրերի համար նախատեսված դպրոցում, սակայն չէր սիրում այդ հաստատությունը և մեծ երազանք ուներ դերասանուհի դառնալու: Սլաբոշպիտսկու ֆիլմի շնորհիվ նա հնարավորություն ստացավ իր երազանքը իրականացնելու: «Ցեղը» մնացած բոլոր դերասանները նույնպես խուլ և համր են: Յանան պատմեց, որ նկարահումների սկզբում սահմանափակ կարողությունները կաշկանդում էին դերասաններին. «Սկզբնական շրջանում շատ դժվար էր, կաշկանդվում էինք, նեղվում էին, բայց ժամանակի ընթացքում սովորեցինք»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Յանան, նշեց, որ մեծ սիրով կմասնակցի նման ֆիլմի ստեղծմանը Հայաստանում, եթե հրավեր ստանա:

«Ցեղը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային անվանակարգում:

Միրոսլավ Սլաբոշպիտսկին ծնվել է Կիևում: Աշխատել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում և և Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմում»: Նրա երկրորդ ֆիլմը՝ «Ախտորոշումը» և ապա նաև «Խլություն» կարճամետրաժ աշխատանքը հավակնել են Բեռլինալեի «Ոսկե արջի»: 2010-ին Ռոտերդամի կինոփառատոնի՝ Հյուբերտ Բալս հիմնադրամից դրամաշնորհ է ստացել իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի « Ցեղի» համար: 2012-ին Լոկառնոյի ԿՓ-ում արժանացել է «Արծաթե ընձառյուծի»: 2013-ին նրա «Միջուկային թափոն» ֆիլմը առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին: 2013-ից Եվրոպական կինոկադեմիայի անդամ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: