Հայերեն   English   Русский  

​Պետք է հասկանաս, թե ինչու ես ապրում․ Ջեմմա Հասրաթյան


  
դիտումներ: 39122

Ջեմմա Հասրաթյանին հասարակական ոլորտում բոլորը գիտեն. նա առաջիններից է Հայաստանում հիմնել ու կայացրել հասարակական կազմակերպություն։

Ջեմմա Հասրաթյան

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան վերջերս նշեց հիմնադրման 20-ամյակը։ Հասրաթյանի գործունեությունը, սակայն, այդ 20 տարիներով չի սահմանափակվում։ Մինչ ՀԿ սեկտոր անցնելը նա պետական, քաղաքական գործիչ էր, եղել է Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի քարտուղար, Օրջոնիկիձեի կուսակցության շրջկոմի (Երևանի Էրեբունի համայնք) առաջին քարտուղար և այլն։

Անցումը քաղաքականությունից հասարակական ոլորտ

«Խորհրդային տարիներին այդքան լուրջ չեմ վերաբերվել կանանց հանրապետական խորհրդին։ Կարծում էի, որ կանանց շրջանում աշխատանքը չպետք է առանձնացնել, քանի որ կանայք ու տղամարդիկ հավասար են»,- ասում է Հասրաթյանը։

1990-94 թվականներին, պատերազմական վիճակով պայմանավորված, ստեղծվում է Անդրկովկասի կանանց երկխոսության խումբը, որն իր ստորաբաժանումներն ուներ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Հասրաթյանը, որ այն ժամանակ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր, ընդգրկվում է խմբում՝ փորձելով պատերազմական իրավիճակում խաղաղասիրական գործունեությամբ զբաղվել։ Խմբի կազմից նա է ընտրվում մասնակցելու Պեկինի խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունենալիք ՀԿ-ների ֆորումին։

«Չինաստանն ինձ վրա շատ հետաքրքիր տպավորություն թողեց։ Երբ լսեցի զեկույցներն ու քննարկումները կնոջ դերի մասին քաղաքականությունում, տնտեսությունում, մշակույթում, լսեցի պաշտպանության, մշակույթի նախարար, դեսպան և այլ ոլորտներում պաշտոններ զբաղեցնող կանանց, հասկացա, որ կանանց ներուժն ավելին է, քան մենք մտածում էինք»,- ասում է նա։

Հայաստան վերադառնալուց հետո, նա ու ֆորումին մասնակցած Հայաստանի մյուս ներկայացուցիչները սկսում են մտածել, թե ինչպես Չինաստանում ստացած փորձը Հայաստանում տարածեն։

«Դա շատ կարևոր էր։ Կանայք լուրջ ուժ են և նրանք միայն ընտանիքի կամ կանանց հարցերով չպետք է զբաղվեն։ Կանայք նաև հասարակության հարցերով պետք է զբաղվեն և պետք է ներազդեն որոշումների վրա, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասում է նա։ Իսկ որպես հիմնական թիրախ ընտրում են համալսարանական կրթությամբ կանանց, քանի որ վստահ էին՝ 15 տարի կրթություն ստացած կանայք լուրջ դերակատարություն պետք է ունենան այդ հարցերի լուծման գործում։

Այդպես ստեղծվում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան։

«Ես հեռու էի այն մտքից, որ ուզում եմ կանանց կազմակերպություն ղեկավարել։ Բայց որոշեցին, որ ինձ պետք է ընտրեն նախագահ։Երբ քեզ գործ են վստահում, մտածում ես, որ պարտադրված ես լավ անել։Ու այդպես մենք սկսեցինք աշխատել»,- ասում է Հասրաթյանը։

ԿԳՆ-ի գործուղմամբ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում էլ ծրագիր է գրում ու ներկայացնում կանանց խնդիրներով զբաղվող միջազգային ֆոնդին։ Այդպես ստանում են առաջին դրամաշնորհը, որը ներդնում են լիդերության դպրոցներ կազմակերպելու գործում։

«Մեզ պետք էր, որ նոր սերնդի լիդերներ պատրաստեինք, որոնք ունենան ոչ միայն գործելու ցանկություն, այլև հասարակության վրա ազդելու և ղեկավարելու որակներ»։

Շուտով ՀԿ-ն հանրապետության ողջ տարածքում 30 մասնաճյուղ է հիմում ու սկսում մեծ թափով գործունեություն ծավալել՝ մտքում ունենալով այն գաղափարը, որ կարող են նպաստել երկրի զարգացմանը։

Պայքարը հակահետևակային ականների հետևանքների դեմ

Ջեմմա Հասրաթյան

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, չնայած ի սկզբանե կանանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու խնդիր էր դրել, դրանով չի սահմանափակվում։Երբ Հասրաթյանը Մոսկվայում մասնակցում է հակահետևակային ականների արգելման խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովին, տեսնում ականներից տուժած անձանց, հասկանում է, որ պետք է ջանքեր գործադրել հակահետևակային ականների արգելման ուղղությամբ։

«Հետադարձ հայացք ձգելով անցած ուղուս՝ երբեմն զարմանում եմ, թե ինչպես եմ գործընկերներիս հետ ստանձնել այնպիսի խնդիրների լուծում, որոնք առերևույթ առնչություն չունեին մեր կազմակերպության հետ: Բայց դա կարող էր թվալ միայն առաջին հայացքից: Լայն առումով ես և իմ գործընկերները՝ հենց որպես «համալսարանական կանայք», զգալով մեր պատասխանատվությունը հասարակության առջև, ստանձնում էինք այնպիսի խնդիրների լուծումը, որոնք հուզում էին հասարակությանը զարգացման յուրաքանչյուր փուլում»,- ասում է նա:

Մոսկվայից վերադառնալուց հետո նա և գործընկերները նախաձեռնում են Հայաստանի հակահետևակային ականների արգելման ազգային կոմետեի հիմնադրումը, որի աշխատանքների համակարգող է ընտրվում Հասրաթյանը: Ուսումնասիրում են ականապատման իրավիճակը Հայաստանում, մասնավորապես՝ նախկին պատերազմական տարածաշրջաններում՝ Սյունիքի և Տավուշի մարզերում, նաև հարցումներ են անցկացվում բնակչության շրջանում, վեր հանվում թեմատիկ խնդիրները։

«Հայաստանի մարդասիրական ականազերծման ազգային կոմիտեն երկրի իշխանություններին առաջադրեց գյուղատնտեսական հողատարածքների ականազերծման և Սյունիքի ու Տավուշի մարզերի սահմանային գոտու բնակիչների, հատկապես երեխաների համար կրթական ծրագրերի իրականացման հարցերը»,- ասում է նա:

2005 թ. խաղաղասիրական գործընթացներին ակտիվ մասնակցելու և Հայաստանի մարդասիրական ականազերծման ազգային կոմիտեի գործունեությունը գլխավորելու համար մոլորակի 1000 կանանց շարքում Հասրաթյանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

«Օրորոց» ծրագիրը՝ օգնություն նորածինների ընտանիքներին

Տեղեկանալով սահմանամերձ բնակավայրերում առկա ծանր սոցիալական պայմաններին, նորածինների կենսապահովման անբավարար պայմաններին, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ավելի քան 20 կանանց կազմակերպությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նախաձեռնում է «Օրորոց» ծրագիրը։ «13 տարի տարին չորս անգամ մենք մեր ուղեբեռով մեկնում էինք Սյունիքի մարզ, այնուհետև Տավուշի մարզ՝ նորածինների ընտանիքներին օգնության փաթեթները բաժանելու համար: Մեր օգնությունն ընդգրկում էր Դիլիջանին, Իջևանին, Բերդին և Նոյեմբերյանին մերձակա գյուղերը: «Օրորոց» ծրագրի մասին մարզերի բնակիչներին նախապես տեղեկացվում էր: Մեզ սպասում էին: Եվ մենք ուրախ էինք, որ ինչ-որ կերպ օգնում ենք այդ տարածաշրջանի բնակիչներին: Նրանք հավատում էին, որ իրենց երեխաների մասին մտածող ու հոգ տանող կա»,- ասում է Հասրաթյանը:

Ծրագրի իրականացման 13 տարիների ընթացքում նրանք օգնություն են ցույց տվել Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի և Լոռու մարզի Սպիտակի ենթաշրջանի ավելի քան 1800 նորածինների ընտանիքների:

Եռանդուն գործունեության գաղտնիքը

Տիկին Հասրաթյանը պատմում է, որ ծանր մանկություն է ունեցել: Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որին մասնակցում էր նաև իր հայրը, չնայած մանուկ էր, սակայն ստիպված էր հոգ տանել ոչ միայն իր, այլև իրենից փոքր երեք քույր-եղբայրների մասին։ Ասում է, որ այդտեղից էլ սկիզբ է առել իր ինքնուրույնությունն ու համառությունը։

Հասրաթյանը նաև նշում է, որ կյանքի ճանապարհին ճիշտ մարդկանց է հանդիպել, որոնք իրեն արժեքավոր խորհուրդներ են տվել։ Հիշում է, թե ինչպես է հարևանը խրատել իրեն, երբ տեսել է, որ գրքում էջանշան դնելու փոխարեն էջերի անկյունն է ծալում։ «Ասաց՝ մենք ապրում ենք որոշակի ժամանակ, գիրքն ապրում է դարերով, դրա համար գիրքը չի կարելի փչացնել։ Ու թղթից էջանշան տվեց, որ գրքի էջերն այլևս չծալեմ»։

Ասում է, որ կոմերիտմիությունում ևս լավ ուսուցիչներ է ունեցել։

«Երբ մտածում եմ, հասկանում եմ, որ ամեն մեկը մի ազդեցություն թողել է։ Խելոք ղեկավարներն ինչ-որ բան իմ մեջ տեսել են ու մտածել են, որ կարելի է աճեցնել։ Հիմա հետաքրքիր ժամանակ ենք ապրում. ոչ բոլոր ղեկավարներն են ուզում օգնել կողքի մարդկանց, երիտասարդներին, որ աճեն։ Իսկ այն ժամանակ ինձ շատ են օգնել»,- ասում է նա։

Անդրադառնալով իր եռանդուն գործունեության գրավականին՝ Հասրաթյանն ասում է, որ որևէ գործ վերջացնելիս չի կարող չմտածել վաղվա անելիքների մասին։ «Եթե այսօր մի բան անեմ վերջացնեմ ու չմտածեմ վաղվա մասին, կհամարեմ, որ չեմ ապրում։ Պետք է անընդհատ մի բանի մասին մտածեմ, ինչ-որ բանի ձգտեմ, պայքարեմ։ Ինչո՞ւ ենք ապրում։ Եթե պետք է անշուք ապրես, թեկուզ գեղեցիկ հագնվես, գեղեցիկ սանրվես, ի՞նչ է դա քեզ տալու։ Պետք է հասկանաս, թե ինչու ես ապրում»։

«Իմ կարգախոսն է՝ նայիր աշխարհին երեխան գրկին կնոջ աչքերով։ Միշտ կարծել եմ ու կարծում եմ, որ այդ կարգախոսով պետք է ապրել։Հասարակությունը զարգանում է կնոջ ու երեխայի միջոցով»,- ասում է նա։

Հաջողության գրավականը

Ջեմմա Հասրաթյան

Հասրաթյանն ասում է, որ իրեն ամենից շատ ոգևորում ու մոտիվացնում է այն իրողությունը, որ մարդիկ, որոնց ինքն աջակցել է, գտել են իրենց տեղը կյանքում։

«Ինձ թվում է՝ ամենադժվար գործը մարդուն մարդ դարձնելն է։ Երբ սկսում ես մարդուն թրծել, նա կարող է և դա չհասկանալ, կարող է դա դիտարկել որպես ավելորդ պահանջկոտություն։ Ժամանակ պետք է անցնի, որ նա հասկանա՝ այդ ավելորդ պահանջկոտությունը օգնեց իրեն,- ասում է Հասրաթյանը և հավելում:- Իմ հաջողության գրավականը մարդիկ են, որոնց ես օգնել եմ ու որոնք կյանքում գտել են իրենց տեղը»։

Հաղթահարած խոչընդոտները

«Ամենամեծ խոչընդոտն այն էր, որ ոչ բոլոր դեպքերում էի ճիշտ ճանաչում մարդկանց։ Երբեմն մարդիկ էին լինում, որոնց անկեղծ բարեկամ էի ընդունում, բայց այդպիսին չէին։ Իրականում լուրջ ու քննադատաբար պետք է մոտենաս այն հարցին, թե ում հետ կարող ես ընկեր լինել և ումից մի քիչ հեռու պետք է մնաս»,- ասում է Հասրաթյանը։

Հարցին, թե սեռով պայմանավորված խոչընդոտների երբևէ հանդիպե՞լ է, ասում է, որ նման խնդիր երբևէ չի ունեցել ու տղամարդկանց հետ աշխատել ու արդյունք է ապահովել հավասարի պես։ Սակայն հիշում է, որ իր հետ աշխատող մյուս երեք քարտուղարները, որոնք տղամարդիկ էին, վախենում էին, որ Հասրաթյանը կարող է կարիերայի ճանապարհով առաջ գնալ, իսկ իրենք՝ մնան։

«Ես ինձ համար երբեք ոչինչ չեմ ուզել, գործի ու նպատակի համար եմ աշխատել»,- ասում է նա։

Հաջողված ընտանիքի և կարիերայի համադրության գաղտնիքը

Հասրաթյանն ասում է, որ դժվարությամբ է համատեղել ընտանեկան կյանքը և հասարակական-քաղաքական գործունեությունը։ Սակայն, չնայած դժվարություններին, գործունեության որևէ ոլորտ չի տուժել:

«Շատ դժվար էր, որովհետև հատկապես իմ կուսակցական աշխատանքը ժամանակի առումով անսահմանափակ էր։ Կարող էր ամուսինս զանգել ու ասել՝ դոշակդ ուղարկե՞մ։ Այդպես էլ էր լինում։ Բայց մենք իրար հասկանում էինք։ Ընտանիքում կար միմյանց հասկանալու, միմյանց աջակցելու մթնոլորտ, դա էլ օգնում էր»,- ասում է նա։ Երբ երեխաները մի փոքր մեծացել են, նրանք էլ են հասկացել իրենց մայրիկի աշխատանքի կարևորությունը։

«Հենց ընտրությունների մասին հեռուստաեթերից խոսում էին, տղաս ձայն էր տալիս՝ մամա՛, արի, քո աշխատանքի մասին են խոսում»,- հիշում է Հասրաթյանը։

Ասում է, որ աշխատանքից ողջ ազատ ժամանակը հատկացրել է ընտանիքին, բոլոր շաբաթ- կիրակիները միասին են անցկացրել, միշտ ընտանիքի հետ է մեկնել հանգստանալու։

Ուղերձ երիտասարդներին

Հասրաթյանը ժամանակակից երիտասարդությանը կոչ է անում հնարավորինս շատ կարդալ. «Գիրքը, գրականությունը հարստացնում է մարդուն և սովորեցնում է, թե ինչպես ապրել»։

Նրա երկրորդ խորհուրդը՝ մեծին հասնելու ճանապարհին փոքրից սկսելն է. «Միանգամից ոչինչ չի ստացվում։ Դեպի բարձունքը գնալու համար մարդ պետք է տարիների ընթացքում մանր-մանր քայլեր կատարի»։

Եվ վերջին խորհուրդը կյանքում ճիշտ ընտրություն կատարելն է. «Երջանկությունն այն չէ, թե ինչ ու ինչքան ունես, երջանկությունն այն է, թե ում հետ ինչ ունես։ Երբ միմյանց հասկանում եք, ունեք զավակներ, որոնցով հպարտանում և ուրախանում եք, դա արդեն ընտանիք է։ Ընտանիքը շենքն ու հարստությունը չեն, այլ զգացմունքը, երեխաները»։






Մեկնաբանություններ - 1

Angelina     25.07.2017 Hpartem vor janachumem tikin Hasratyanin, eraxtapartem u partakan vor der shat ban unenq sovorelu nranic ev vorqan aroxj u erkar apri kshahi mer hasarakutyun@
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: