Հայերեն   English   Русский  

​Բիզնեսը պետք է լինի քո բնավորության, ապրելակերպի ու արժեքների արտացոլումը


  
դիտումներ: 17988

Միջազգային ճանաչում ունեցող հայկական սթարթափում թիմն ու բիզնեսը ներդաշնակ են

80 հազարից ավելի ներբեռնում անդրոիդ համակարգում, ամսական 10 հազար ակտիվ օգտատերեր, ամբողջ հավելվածը՝ թարգմանված 10 լեզվով: Օգտագործողների 96 տոկոսն արտերկրից են: Հայկական այս հավելվածն ամենաշատ թվով օգտատերեր ունի Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից և Նորվեգիայից: Մի խոսքով, մաքուր հայկական Chessify հավելվածն արդեն միջազգային ճանաչում ունի…Այս հավելվածն արդարև իր արժանի տեղն է զբաղեցնում հայկական ճարտարագիտական մտքի հիանալի և շատ հաջողված նախաձեռնությունների շարքում: Սա հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել շախմատի խնդիրը, թվայնացնել և ստանալ խաղաքարերի դիրքի վերաբերյալ վերլուծություններ:

Chessify-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Գոռ Վարդանյանը «Անկախի» հետ զրույցում պատմում է. «Տղաներս շախմատի դասերի էին գնում ու զգալի ժամանակ էին ծախսում խնդրում նշված դիրքերը խաղատախտակի վրա ստանալու համար կամ աշխատում էին մատիտով թղթի վրա, ինչը բավականին անհարմար է: Ինչպես գիտենք, Հայաստանում երկրորդից չորրորդ դասարանների ուսումնական ծրագրում ընդգրկված է շախմատը, ուստի այս անհարմարությունները ավելի քան արդիական են ու տարածված: Այսպիսով գաղափար առաջացավ ստեղծել մի հավելված, որը կխնայի ժամանակը, կհեշտացնի և խաղի կվերածի տնայիններ կատարելու ընթացքը»:

Chessify հավելվածը սկանավորում և թվայնացնում է գրքերից, էկրաններից հեռախոսի օգնությամբ նկարված շախմատային դիագրամները, իրականացնում է շախմատային դիրքի վերլուծություն, առաջարկում երեք լավագույն լուծումներ, ցույց է տալիս սևերի կամ սպիտակների առավելությունը: Ծրագիրը, ուսումնական նպատակով ծառայելուց բացի, ունի բազմաթիվ այլ գործառույթներ: Chessify-ի օգնությամբ կարելի է խաղը շարունակել համակարգչի հետ հենց սկանավորված դիրքից, հավելվածը կարելի է օգտագործել որպես շախմատային ժամացույց, ինչպես նաև հնարավորություն է տրվում հետևել հայտնի շախմատային խաղերին ուղիղ հեռարձակմամբ, խորը վերլուծությունով: Այսպիսի հավելված, ինչպես նշում է սթարթափի տնօրենը, աշխարհում չկար, Chessify-ն իր տեսակով միակ հավելվածն է, որ իրականացում է որակյալ սկանավորում և կատարում հզոր վերուծություն ամպային հարթակում:

«Սա շատ օգտակար և կիրառելի է այն աշակերտների համար, ովքեր բավականին դժվարություններ էին ունենում տնային աշխատանքները կատարելիս: Ինչպես նաև սերմանում է այն միտքը, որ շախմատն այն քիչ ոլորտներից է, որտեղ Հայաստանը բավական հաջողություն ունի, կարելի է ասել, որ Հայաստանը հանդիսանում է շախմատային գերտերություն, ու հենց մենք՝ հայերս, պիտի ներդրում ունենայինք շախմատային ծրագրերի զարգացման գործում»,- նշում է Գոռ Վարդանյանը:

Հավելվածը ստեղծել է նրա ղեկավարած Fimetech ընկերությունը, և հետագայում, երբ արդեն հստակ երևաց, որ հետաքրքիր ու հաջողված մտահղացում է, դարձավ առանձին սթարթափ: Իսկ Fimetech-ը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, չիպ դիզայնի հետ կապված խնդիրներ է լուծում, կոմպիլատոր գրում, ինչպես նաև մասնագիտացած է մեքենայական ուսուցման և պատկերների ճանաչման մեջ: Շատերին Fimetech-ի աշխատաոճն ու ձևը կարող է զարմացնել, իսկ աշխատանքային «կապանքներից» նեղվողներին՝ հիացնել: Այս ընկերությունում ուշագրավ է նաև աշխատանքի կազմակերպումը: Fimetech-ը սահմանափակումներ չունեցող ընկերություն է, չկան ստորաբաժանումներ, աշխատողներն իրենք են ընտրում իրենց հարմար աշխատաժամերը, ինչպես նաև ունեն անսահմանափակ արձակուրդ վերցնելու հնարավորություն:

Գոռ Վարդանյան

«Հայերեն «ֆայմ» բառի վրա հիմնված անունն արդեն իսկ շատ բան է ասում ընկերության մասին և լավագույն ձևով բնութագրում է աշխատակիցներից յուրաքանչյուրին: Աշխատել ենք մաքսիմալ համադրել ջերմ, ընկերական միջավայրը և լուրջ ու պրոֆեսիոնալ մոտեցումը աշխատանքին: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է»,- ներկայացնում է Գոռ Վարդանյանը: Ուրեմն պատահական չէ, որ Chessify-ի պես սթարթափը ստեղծվեց հենց Fimetech-ում: Իսկ ստեղծել են Գոռ Վարդանյանը և երկու սկսնակ ծրագրավորողներ համառ ջանքերի ու տևական աշխատանքի շնորհիվ:

«Մի ուսանող խաղատախտակի սկանավորման մի մասը որպես դիպլոմային աշխատանք ներկայացրեց: Այնուհետև, երբ արդեն հավելվածը google play-ում հայտնվեց, մեծ արձագանք ստացավ, հասկացանք, որ աստիճանաբար թիմը պետք է մեծացնենք»,- ասում է Chessify-ի ղեկավարը:

Այժմ Chessify-ը շախմատային լայն հարթակ է, որի վրա աշխատում են 8-ից ավելի ինժեներներ, համագործակցում գրոսմայստերների, պրոֆեսիոնալ շախմատիստների հետ ՝ նրանց տրամադրելով հզոր սերվերներ ամպային վերլուծություններ իրականացնելու համար, ինչը բավականին օգնում է մրցաշարերից առաջ պարապմունքներ իրականացնելիս: Հիմա էլ թիմն աշխատում է իրական խաղատախտակի սկանավորման վրա, որի նախադեպը չկա աշխարհում: «Այն իրենից ներկայացնում է 3D պատկերների մշակում, որը կարգով շատ ավելի բարդ խնդիր է: Բացի այդ, ստեղծում ենք արհեստական բանականության վրա հիմնված շախմատային վերլուծող ծրագիր, որի վերլուծությունների հիման վրա համակարգիչը կխաղա մարդու նման: Փորձում ենք ստեղծել ծրագիր, որը կսովորի կոնկրետ գրոսմայստերի շախմատային խաղաոճը և հնարավորություն կտա նախապատրաստվելու խաղերին՝ հաշվի առնելով հակառակորդի խաղաոճը: Ինչքան էլ անհավանական է թվում, վստահ ենք, որ կստացվի: Աշխատում ենք ավելի քան 20 պրոֆեսիոնալ շախմատիստների և գրոսմայստերների հետ, այդ թվում՝ 2016 թվականի Հայաստանի շախմատի առաջնության հաղթող Զավեն Անդրիասյանի հետ»,- նշում է Chessify-ի համահիմնադիրը:

2016 թվականին Chessify-ը, մրցակցելով 158 սթարթափների հետ, դարձել է Armenia StartUp Cup-ի հաղթող, 2017-ի ապրիլին էլ Իսպանիայում Startup Olռ-ի շրջանակում ներկայացվեց այս հարթակը: Վերջերս էլ Chessify-ը մասնակցեց նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթին, դարձավ հաղթողներից մեկն ու ստացավ 50.000 եվրո դրամաշնորհ:

Չնայած այս ամենին՝ Գոռ Վարդանյանը համեստորեն նշում է, որ չի կարծում՝ այնքան հաջողություններ ունի, որ կոչվի հաջողակ բիզնեսմեն: Այս առումով նշում է՝ «Համոզված եմ՝ մի քանի տարի հետո շատ ավելի վստահ և իրատեսական կկարողանամ պատասխանել այս հարցին: Իսկ հաջողության հասնելու համար, իմ կարծիքով, կարևորագույն բաղադրիչներն են նվիրումը, թիմը, աշխատանքից հաճույք ստանալը: Բիզնեսը պետք է լինի քո բնավորության, ապրելակերպի ու արժեքների արտացոլումը: Եթե թիմը և բիզնեսը ներդաշնակ են, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Հակառակ դեպքում շատ խնդիրներ կլինեն, մինչև հասկանաս, որ պետք է ամեն ինչ ներդաշնակ լինի: Chessify-ն էլ բացառություն չէ, ինչպես նշեցի, մեր բիզնեսը սկսվել է դպրոցականներին օգնելու ցանկությունից և շախմատի սիրուց: Թիմի բոլոր անդամները հասկանում են բիզնես մոդելը: Լիովին ընդունում են սթարթափի տեսլականը և նպատակները»:

Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի որակներ են պետք հաջողության համար, կատակելով նշեց՝ ֆայմ և նվիրում: «Ֆայմը» նրանց նախաձեռնություններից անպակաս է, շատ է օգնել, օգնում է և դեռ կօգնի, հատկապես՝ անխուսափելի դժվարությունները հաղթահարելու հարցում: Գոռ Վարդանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում սթարթափի մշակույթը գրեթե բացակայում է: Այսինքն՝ շատ քիչ մարդիկ կան, որոնք իրենց փորձով հասկանում են, թե ինչպես է պետք հաջողության հասցնել սթարթափը:

«Մենք ստիպված եղանք կատարել որոշ սխալներ, որոնք չէին լինի, եթե մեր կողքին լինեին այնպիսի մարդիկ, որոնք իրենց փորձով կկիսվեին մեզ հետ: Ինձ շատ է օգնում իմ ընտանիքը: Իմ ամենամեծ հարստությունը հենց իմ երեք երեխաներն են, նրանք են ինձ ոգևորում: Եղբայրս պրոֆեսիոնալ շախմատիստ է և միշտ արժեքավոր խորհուրդներ է տալիս, իսկ երեխաներս մեր ծրագրի առաջին օգտագործողներն են եղել: Բացի դրանից, ես շատ պոզիտիվ եմ նայում գրեթե ցանկացած կամայական խնդրի: Իմ կարծիքով՝ բիզնեսմենն առաջին հերթին պետք է լիդեր լինի և իր օրինակով ոգևորի ու առաջնորդի իր թիմակիցներին: Շատ կարևոր է նաև լավատես լինելը և հումորով մոտեցում ունենալը: Ուզում եմ կրկնել, որ որպես բիզնեսմեն՝ ես դեռ շատ քիչ բան եմ արել, այնպես որ դեռ չէի համարի ինձ հաջողակ բիզնեսմեն: Իսկ որպես մարդ պետք է շատ երեխաներ ունենալ, հետո հանգստանալ ու էլի շատ երեխաներ ունենալ: Ընտանիքում և շրջապատում համերաշխ լինել: Նվիրվել սիրած գործին»,- գյումրեցուն բնորոշ հումորով ասում է Գոռ Վարդանյանը և հավելում, որ հաջողության համընդհանուր բանաձև չկա, ամեն մեկն ունի հաջողության իր բանաձևը և ամենակարևորը՝ պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես ու ցանկանալ Հայաստանը իրեն հարող աշխարհով ավելի լավը դարձնել:

Իսկ երբ հարցնում ենք, թե ինչ խորհուրդ կտա այն մարդկանց, ովքեր ասում են, թե բիզնես անելու համար շատ ռեսուրսներ, ներդրումներ, հովանավորներ են պետք, թե Հայաստանում բիզնես սկսել հնարավոր չէ, դարձյալ դիմում է գյումրեցու հումորի անսպառ շտեմարանին և ասում. «Խորհուրդ կտամ արտագաղթել: Իրականում սա հումոր էր, այս թեմայի շուրջ ես շատ երկար կարող եմ խոսել ու բոլոր այդ մարդկանց հրավիրում եմ մեր գրասենյակ` ալկոհոլային սուրճ խմելու»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: