Հասարակությունը խանդավառված չէ Սահմանադրության տոնը նշելու հարցում. Վարդան Այվազյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս համոզմունքը հայտնեց Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:
«Այսօր ընկերներս զանգում են, ասում՝ շնորհավոր տոնդ: Չեն գիտակցում, որ իմ տոնը չէ, այլ բոլորինս է: դա մեր համայն հայության արժեքն է: Դա պրոֆեսիոնալ տոն չէ: Կգա ժամանակ, երբ ժողովուրդը կգիտակցի Սահմանադրության դերակատարումը մեր կյանքում»,- ասաց Այվազյանը:
Նա նկատեց, որ մոլորակում տեղի ունեցող իրադարձությունները կարելի է մեկ բառով անվան միջազգային իրավունքի ճգնաժամ: Դրա պատճառներից մեկն այն է , որ միջազգային հարաբերություններում բացակայում են սահմանադրական և իրավական սկզբունքները:
Մեր երկրի առջև, ըստ բանախոսի, մեծ մարտահրավեր է կանգնած. մեր Սահմանադրության միջոցով պետք է ամրապնդենք պետականությունը և մասնակից լինել համաշխարհային գործընթացներին:
Արդեն մեկուկես տարի է, որ Հայաստանն ունի կառավարման նոր ձև: Ինչպես հանրությունը, այնպես էլ իշխանությունները հույս են կապում, որ նոր` փոփոխված Սահմանադրությունը կարող է առաջընթացի հիմքեր ունենալ:
«Ընդհանրապես, սահմանադրություններն առաջարկում են իդեալականին մոտ մոդել, և ընդամենը հասարակությունն ու իշխանությունները պետք է մեկտեղեն ջանքերը, որպեսզի հասնեն այդ վիճակին: Մենք էլ եթե ջանքեր չկիրառենք, որևէ արդյունքի չենք կարող հասնել, անհրաժեշտ է տքնաջան աշխատանք իրականացնել»,- ասաց Վարդան Այվազյանը:
Այն հարցին, թե արդյոք նորմալ է, որ ՀՀ-ի նման երիտասարդ երկրում բազմից փոխվել է սահմանադրությունը, սահմանադրգետը նշեց՝ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են երկու հիմքով՝ Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու և ուղղումներ կատարելու: Այվազյանի կարծիքով, երեք անգամ փոփոխություններ կատարվել են, որովհետև հարկ է եղել Սահմանադրության մեջ լրացումներ անելու:
«Բանակը Հայաստանում ապահովում է անվտանգության գործառնական հատված: Մինչդեռ որպեսզի դա լինի լիարժեք, այն պետք է ամրագրված լինի հայեցակարգային առումով: Ցանկացած պետության անվտանգության ապահովողը պետության ճիշտ մոդելն է», - ասաց Այվազյանը: