Հայերեն   English   Русский  

Լեղապարկի խնդիրների ախտանշաններ


  
դիտումներ: 3065

Ախտանշաններ կան, որոնք հուշում են լեղապարկի խնդիրների մասին: Դրանք նաև այլ հիվանդություններ կարող են մատնանշել, ուստի, ամեն դեպքում, դիմեք մասնագետի, եթե կունենաք անհանգստություն:

Լեղապարկը ոչ մեծ օրգան է, որը լյարդից քիչ ներքև է գտնվում: Այն պատասխանատու է լեղու մշակման համար, իսկ լեղին նպաստում է մարսողության ընթացքում ճարպերի տրոհմանը:

Երբ ստամոքսն ու աղիները մարսում են սնունդը, լեղին ընդհանուր ծորանից անջատվում, ապա բարակ աղիքներում կատարում է իր գործառույթը:

Հիվանդությունները, որոնք կապված են լեղապարկի աշխատանքի հետ, սովորաբար առաջանում են այդ ծորանների խցանման, արգելափակման պատճառով: Ու հիմնականում այդ պատճառը լեղապարկում քարերի առկայությունն է, որոնք գոյանում են կուտակված ու կարծրացած նյութերից: Քարերի գոյացման պատճառը կա՛մ այդ նյութերի սխալ յուրացումն է, կա՛մ դրանց չափազանց գործածությունը: Եվ չնայած լեղապարկը կենսականորեն կարևոր օրգան չի համարվում, դրա բորբոքումից, ոչ ճիշտ աշխատանքից կյանքի որակն էապես ընկնում է:

Ուստի վատ չէր լինի, եթե տեղեկացված լինենք, թե հատկապես որ ախտանշաններն են հուշում առկա խնդրի մասին.դա կօգնի ժամանակին կանխելու հիվանդության զարգացումը:

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել:

Փորացավ

Ամենատարածված ախտանշանն է, որ հանդիպում է լեղաքարային հիվանդությունների դեպքում: Ցավը տեղակայվում է ստամոքսի վերին հատվածում, կողերից քիչ ներքև: Սովորաբար այն տևում է 15 րոպեից ոչ ավելի, չնայած լինում են դեպքեր, երբ ժամեր է շարունակվում կամ քնած ժամանակ է սկսվում:

Ստամոքսի խանգարում

Քանի որ լեղապարկը մասնակցում է մարսողական պրոցեսին, դրա աշխատանքի խանգարման պատճառով կարող է անմարսողություն ու գազեր գոյանան: Բանն այն է, որ լեղին, լեղուղիների խցանման կամ էլ բորբոքման պատճառով չի հասնում աղիներին ինչպես պետք է, դրանից մարսողությունը դանդաղում է ու մարդը տանջվում է գազերից:

Հաճախակի են բխկոցները, զկրտոցը, գազառաջացումը ու դանդաղ մարսողությանը հատուկ մյուս ախտանշանները: Երբեմն տհաճ զգացում է առաջանում անմիջապես, հատկապես՝ ծանր սնունդից հետո:

Սրտխառնուք ու փսխում

Սրանք նույնպես այս խնդրի հուշում կարող են լինել: Քարերի առկայությունը լեղուղիներում կարող է խարամների կուտակում առաջացնել, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է սրտխառնուքի կամ ծանրության զգացման:

Երբեմն գլխապտույտ ու մարմնի ջերմության բարձրացում կարող է դիտվել:

Ախորժակի բացակայություն

Ախորժակի հանկարծակի կորուստն այն ախտանշանն է, որը պետք է շատ մանրակրկիտ հետազոտել, որովհետև այն քրոնիկ հիվանդություն կարող է մատնանշել: Եթե մի քանի օր շարունակ ախորժակի բացակայություն է նկատվում, ապա հնարավոր է՝ քարագոյացում է կատարվում լեղապարկում կամ բորբոքված են լեղուղիները:

Դեղնություն

Լեղապարկում լեղու կուտակումը կարող է լյարդի խնդիրների ու մարսողության դժվարացման հանգեցնել, ինչը մի քանի օր հետո մաշկին ու աչքի սպիտակուցներին դեղին երանգ է տալիս:

Մեզը

Չնայած մեզի մեջ փոփոխությունները հիմնականում երիկամների հետ են կապում, դա կարող է նաև լեղապարկի խանգարում մատնանշել:

Լեղու պիգմենտները, որոնք կուտակվում են քարերի հետ, մեզը ներկում են հագեցած դեղին կամ էլ դարչնագույն:

Լուծ

Մարսողական խանգարումները, նաև լեղապարկի աշխատանքի հետ կապվածները, կարող են փորլուծի հաճախակի նոպաների պատճառ դառնալ:

Սովորաբար այն ուղեկցվում է փորափքանքով ու նվացող ցավով, որ ասես ողջ ստամոքսի վրա է տարածվում:

Կղանքը

Հաճախ լեղապարկի քարերը գոյանում են լեղուց, խոլեստերինից, բիլիռուբինից, որոնք կարծրանալով դժվարացնում են մարսողությունն ու ուժգնացնում ցավը: Եվ քանի որ դրանք շատ արագ են մեծանում, լեղուղիները խցանվում են, ինչը հանգեցնում է նաև կղանքի գույնի փոփոխության (սպիտակում է կավի պես):

Ջերմություն

Տենդը կամ դողէրոցքը, որն առաջանում է մարսողության խանգարման հետ, կարող է նախազգուշացնել քարերի առկայության կամ լեղուղիներում վարակի մասին:

Կրծքավանդակի ցավը

Լեղուղիների խցանումը նպաստում է ստամոքսաթթվի քանակի ավելացմանը, ինչը այրոցք է առաջացնում: Քանի որ լեղին վեր է մղվում՝ դեպի կուրծք, լեղաքարային հիվանդության նոպան նույնիսկ կարող է սրտի նոպայի հետ շփոթվել:

Ամեն դեպքում մասնագետը կորոշի, թե տվյալ դեպքում ինչի հետ գործ ունեք, ուստի ցանկացած ախտանշան նկատելու դեպքում մի հապաղեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: