Հայերեն   English   Русский  

​Բրիտանացի սրտաբանի բացահայտումը


  
դիտումներ: 2000

Ո՞րն է ավելորդ քաշի, սրտի ու անոթների հիվանդությունների պատճառը:

Ճարպերը «մեղադրվում» են առողջական շատ խնդիրների առաջացման մեջ, այդ թվում՝ անոթների խցանման, սիրտ-անոթային հիվանդությունների ու գիրանալու: Սակայն բրիտանացի սրտաբան Հասիմ Մալհոտրան հակառակն է պնդում: Ու նա միակ մասնագետը չէ, որ այդ կարծիքին է:

Վերջին հետազոտությունները հաստատել են, որ շաքարը մարդու օրգանիզմի ամենավտանգավոր թշնամին է:

Մալհոտրան ասում է, որ ճարպոտ մթերքները բարերար ազդեցություն են ունենում առողջության վրա, ու հավելում է, որ դրա համար բավարար ապացույցներ կան: Նա կարծում է, որ ճարպերի ընդգրկմամբ սննդակարգերն իրականում պաշտպանում են սիրտ-անոթային հիվանդություններից ու երկրորդ տիպի շաքարային դիաբետից:

Նա իր հիվանդներին խորհուրդ է տալիս շատ ճարպեր օգտագործել ու խուսափել ճարպազրկված մթերքների կիրառումից.«Իմ պացիենտները ապշում են, երբ ես նրանց առաջարկում եմ հագեցած ճարպերով սնունդ ընդունել ու հեռու մնալ այն ամենից, ինչը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը»: Նա բացատրում է, որ ճարպազուրկ մթերքները մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, և վստահեցնում է, որ գիրանալու հիմնական պատճառը ճարպերը չեն. «Ինքս ինչ-որ ժամանակ հրաժարվեցի ճարպ պարունակող մթերքից, սակայն դա ոչ մի կերպ չազդեց իմ որովայնի ճարպերի նվազման վրա: Հենց դա ինձ դրդեց ուսումնասիրելու ճարպերի ազդեցությունն ընդհանուր առողջական վիճակի վրա»:

Նա վստահեցնում է, որ իրականում շաքարն է առողջության հիմնական սպառնալիքը: Ու այդ հարցում նրա հետ համաձայն է մանկաբույժ Լյուսթինգը: Վերջինս ուսումնասիրում է շաքարի ազդեցությունը երեխաների գիրացման հարցում ու հայտնաբերել է, որ այն ավելորդ քաշի, սիրտ-անոթային խնդիրների ու շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառն է: Նրա կարծիքով՝ շաքար պարունակող մթերքները պետք է մակնշվեն, ինչպես ալկոհոլն ու սիգարետը:

Ներկայում ավելի ու ավելի շատ մասնագետներ են համաձայն այս մտքին: Ու այդ կարծիքը հաստատվել է այն փաստով, որ օրինակ՝ Շվեդիայում բնակչության 23 տոկոսը հետևում է այնպիսի սննդակարգի, որում բավարար քանակությամբ ճարպեր պարունակող մթերքներ են ներառված ու նվազագույն քանակությամբ ածխաջրեր:

Իսկ շվեդ մասնագետ Ենֆլդտը, որը նման սննդակարգ է մշակել (մեծ քանակությամբ ճարպերի ու շաքարի նվազ քանակությամբ) ասում է, որ մյուս մասնագետներն իր մշակումը «դանդաղ ազդեցության ռումբ» են որակել:

Այդուհանդերձ, փաստերն են վկայում, որ ողջ աշխարհում ավելորդ քաշ ունեցողների թիվն ավելանում է, սակայն ոչ Շվեդիայում: Այդ երկրի առողջապահության ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ սնման այդ ռեժիմը գերազանց է առողջության ու նորմալ քաշ ունենալու համար: Մինչդեռ այս սննդակարգը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշից ազատվելուն, այլև խափանում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը գիրությամբ տառապողների մոտ:

2014-ին Քեմբրիջի համալսարանում կատարված ուսումնասիրություններով ապացուցվեց, որ չափավոր հագեցած ճարպերով կաթնամթերքը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի ու սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Մենք ավելի ու ավելի ենք համոզվում՝ բժշկագիտությունը հարաճուն զարգացող բնույթ ունի. այն, ինչ երեկ արգելվում էր, այսօր միակ ելք է համարվում: Գուցե ժամանակներն են թելադրում այս մոտեցումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: