Հայերեն   English   Русский  

​Հեպատիտն ավելի մոտ է, քան կարծում ենք


  
դիտումներ: 26967

Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2008-ին, իսկ 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ընդգրկեց իր օրացույցում:

Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր բժիշկ Սամուել Բլումբերգի ծննդյան օրն է, հենց նա է բացահայտել հեպատիտ B-ի վիրուսը: Հեպատիտ հիվանդությանն ու դրա առանձնահատկություններին է վերաբերում մեր զրույցը ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, Լյարդաբանների միջազգային ասոցիացիայի (APASL) գործադիր խորհրդի անդամ Հասմիկ Ղազինյանի հետ:

- Տիկին Ղազինյան, ի՞նչ հիվանդություն է հեպատիտը, ի՞նչ տեսակներ ու դրսևորումներ ունի, հնարավո՞ր է կանխել այն և ինչպե՞ս:

- Հեպատիտ նշանակում է լյարդի բջիջների բորբոքում, իսկ լյարդը օրգանիզմի լաբորատորիան է, չեզոքացնում է բոլոր թույները, նյութափոխանակության արգասիքները, նաև որոշ նյութերի ստեղծման աղբյուր է, մասնակցում է մարսողությանը, այսինքն՝ բազմաֆունկցիոնալ է, ուստի պետք է խնայել այն: Հեպատիտը կարող է լինել ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն են վիրուսային հեպատիտները՝ A, B, C, D, E, իսկ ոչ ինֆեկցիոն հեպատիտները խիստ տարբեր են՝ ալկոհոլային, դեղորայքային, իմունային (ավելի շատ լինում է կանանց մոտ) և մետաբոլիկ խանգարումների հետևանքով (հիմնականում կրում է գենետիկ բնույթ):

Ինֆեկցիոն հեպատիտների դեպքում կանխարգելումն առաջին տեղում է: Օրինակ՝ էնտերալ հեպատիտների՝ A և E (վարակվում են բերանի խոռոչով) կանխարգելման միակ միջոցը ճիշտ հիգիենայի պահպանումն է: Մինչդեռ պարէնտերալ կամ արտաընդերային հեպատիտների (B, C, D) դեպքում, որ անցնում են արյան միջոցով, կարևոր է նաև բժշկական գործիքների ստերիլիզացիան, դեզինֆեկցիայի ռեժիմի պահպանումը: Ի դեպ, խոսքը ոչ միայն բժշկական, այլև կոսմետոլոգիական գործիքներին է վերաբերում՝ սկսած դաջվածքներից մինչև մանիկյուրն ու պեդիկյուրը: Թեև այստեղ ռիսկի ֆակտորը քիչ է, բայց կա: Եվ, վերջապես, տարածման ուղիներից մեկը սեռական ճանապարհն է, ուստի անծանոթ մարդկանց հետ ինտիմ հարաբերություններն անպայման պետք է պաշտպանված լինեն:

- Ի՞նչ սկզբնական ախտանշաններ ունի հեպատիտը, և հիվանդանալուց որքա՞ն ժամանակ հետո են դրանք տեսանելի դառնում:

- Հեպատիտները բաժանվում են սուր և քրոնիկ ֆազաների կամ ընթացքների: Վարակվելուն հաջորդող 6 ամիսները կոչվում են սուր ընթացք, որից հետո հիվանդությունը թևակոխում է քրոնիկ փուլ: Սուր ընթացքը վիրուսային հեպատիտների դեպքում կարող է ընթանալ դեղնուկային սինդրոմով, օրինակ՝ աչքերի դեղնությունը, ինչն էլ մարդկանց միանգամից մտածել է տալիս հեպատիտի կամ, ժողովրդական լեզվով ասած՝ դեղնախտի մասին, ուստի առաջինը դիմում են ինֆեկցիոնիստին կամ լյարդաբանական բաժանմունք: Իսկ քրոնիկ ֆազան կարող է ընթանալ առանց նշանների՝ մնալով աննկատ, և հիվանդին ախտորոշում ենք արդեն լյարդի ցիռոզի կամ, այսպես կոչված, լյարդի առաջնային ուռուցքի ֆազայում: Եվ այդ գաղտնի ընթացքը կարող է տևել բավական երկար տարիներ: Օրինակ՝ հեպատիտ C-ն կոչվում է «քնքուշ սպանող», որովհետև տարիների ընթացքում այն իր գոյության մասին ոչ մի նշան ցույց չի տալիս, բայց 15-20 տարի անց մենք հայտնաբերում ենք լյարդն արդեն բավականին լուրջ բարդությունների շրջանում: Բոլոր դեպքերում նշեմ՝ եթե կա չափավոր թուլություն, հոգնածություն և դիսկոմֆորտ աջ թուլակողում, ապա անպայման պետք է հետազոտվել: Արտասահմանում լավ ավանդույթ կա՝ checkup կոչվածը, երբ մարդիկ տարվա մեջ մեկ կամ երկու անգամ հետազոտվում են՝ հայտնաբերելով գաղտնի ընթացող հիվանդությունները: Այս մշակույթը մեզ մոտ դեռ զարգացած չէ, բայց խոսակցություններ արդեն կան: Եվ հավատացեք՝ այդ դեպքում ծախսերն ավելի քիչ կլինեն, քան հիվանդության ուշ հայտնաբերման ժամանակ:

- Մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք վիրուսային հեպատիտի տեսակներին և դրանց վտանգավորությանն ու բուժման առանձնահատկություններին:

- Վիրուսային հեպատիտ A-ն աղիքային ինֆեկցիա է, աղիքային ինֆեկցիայի ձևով էլ վարակվում են, այսինքն՝ կեղտոտ սննդի, վարակված ջրի և այլ կեղտոտ շփումների միջոցով: Եթե 20 տարի առաջ Հայաստանը համարվում էր բարձր տարածվածության երկիր վիրուսային հեպատիտ A-ի առումով, ապա այսօր ընդամենը հիգիենիկ պայմանների բարելավման շնորհիվ պատկերը լրիվ այլ է: Հեպատիտ A-ն բարորակ ընթացող, ինքնալուծարվող աղիքային ինֆեկցիա է, որ խրոնիզացիա չի տալիս ընդհանրապես:

Հեպատիտ B-ն, որ արյունային ինֆեկցիա է, վերջին 20 տարիներին արդեն ունի իր պատվաստանյութը 150 և ավելի երկրներում, այդ թվում և Հայաստանում: Ըստ ՀՀ պատվաստումների ազգային օրացույցի՝ դեռ ծննդատանը առաջին 24 ժամում երեխաները պատվաստվում են հեպատիտ B-ի դեմ, որը հետագայում ավարտվում է երկրորդ և երրորդ ներարկումներով: Առաջ կարծում էին, որ դրա ազդեցությունը 5-10 տարի է, իսկ հիմա՝ 25 տարի: Ես՝ որպես լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, ուզում եմ ասել՝ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում եզակի դեպքեր են գրանցվել, ինչը խոսում է պատվաստանյութի ազդեցության մասին: Ռիսկի ֆակտորը հեպատիտ B-ի առումով գնացել է դեպի 20-40 տարեկանը, այն էլ հիմնականում սեռական ճանապարհով փոխանցվող դեպքերի ենք ականատես լինում: Իսկ ահա հեպատիտ C-ն մեկ ուրիշ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, որովհետև վիրուսի արագ բազմացման պատճառով այն պատվաստանյութ չունի, և ամբողջ աշխարհում տարեկան 3-4 միլիոն նոր դեպք է գրանցվում: Հայաստանն էլ նոր դեպքերի մասով, թեև ոչ շատ, բայց բացառություն չի կազմում: Հեպատիտ C-ն փոխանցվում է այնպես, ինչպես հեպատիտ B-ն: Այդ իսկ պատճառով, երբ հիվանդը գալիս է հեպատիտ B-ով, անպայման հետազոտվում է նաև հեպատիտ C-ի և ՄԻԱՎ-ի համար, իսկ եթե գալիս է հեպատիտ C-ով, ապա՝ հեպատիտ B-ի և ՄԻԱՎ-ի համար, որովհետև փոխանցման ուղիները նույնն են: Հեպատիտ B-ն կառավարելի հիվանդություն է, որովհետև անկախ բուժումից՝ վիրուսի մակերեսային անտիգենը պահպանվում է օրգանիզմում երկար տարիներ: Հետևաբար, հեպատիտ B-ի բուժման նպատակը բարդությունների կանխարգելումն է, իսկ հեպատիտ C-ինը՝ օրգանիզմից վիրուսի հեռացումը: Գոյություն ունեն ժամանակակից հակավիրուսային պրեպարատներ, որոնք համարվում են XXI դարի գյուտ, քանի որ իսկապես մեծ հեղափոխություն առաջացրին հեպատոլոգիայում, հատկապես՝ հեպատիտ C-ի առումով: Այսօր այն համարվում է բուժելի հիվանդություն: Հիմնականում 3 ամսում տարբեր դեղորայքների կոմբինացիաներով, մինիմալ հետազոտություններով ավելի քան 95 տոկոս դեպքերում ունենում ենք առողջացում: ՀՀ-ում, ճիշտ է, օգտվում ենք այդ դեղորայքի ջեներիկներից՝ Հնդկաստանի, Եգիպտոսի լիցենզավորված արտադրանքից, բայց մենք էլ ստանում ենք նույն արդյունավետությունը, ինչ ամբողջ աշխարհում:

Հեպատիտ D-ն ինքնուրույն չի գործում, այլ միայն հեպատիտ B-ի հետ, որովհետև հեպատիտ B-ից մի մասնիկ վերցնելով՝ դառնում է ավելի հզոր, ավելի ագրեսիվ վիրուս: Հետևաբար, եթե կանխարգելենք B-ն՝ D-ն երբևիցե չի առաջանա:

Հեպատիտ E-ն նույնպես աղիքային ինֆեկցիա է: Դրա համար գոյություն ունեն էնդեմիկ օջախներ, բարեբախտաբար մեզ մոտ լինում են եզակի դեպքեր, դա էլ հավանաբար միգրացիայի հետևանք է: Ես ունեցել եմ Հնդկաստանից բերված հեպատիտ E-ի երկու դեպք: Սա ևս ինքնալուծարվող ինֆեկցիա է, վտանգավոր է միայն հղիների համար. 20-30 տոկոս դեպքերում նրանց մոտ կարող է առաջացնել լյարդային անբավարարվածություն:

- Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում քանի՞ միլիոն մարդ է վարակված հեպատիտի վիրուսներով, և տարեկան քանի՞ մարդու կյանք են խլում դրանք: Ի՞նչ վիճակում է Հայաստանի բնակչությունն այս առումով, և մեր բժշկությունն ի՞նչ հաջողություններ ունի:

- 250 միլիոն մարդ աշխարհում վարակված է հեպատիտ B-ով, 200 միլիոնը՝ հեպատիտ C-ով: Ամեն տարի հեպատիտներից մահանում է մեկուկես միլիոն մարդ: Հայաստանը հեպատիտ A-ի, B-ի առումով համարվում է միջին տարածվածության երկիր: Հեպատիտ B-ի տարածվածությունը կազմում է մինչև 2 տոկոս, հեպատիտ C-ինը՝ 4-5 տոկոս: Ամբողջ աշխարհում սկսվել է շատ լուրջ՝ Nohep գլոբալ շարժումը, այսինքն՝ երկիր առանց վիրուսային հեպատիտների: Ակնկալվում է մինչև 2030 թ. զերծ լինել հեպատիտներից: Մենք ևս միացել ենք այդ շարժմանը: Դրա համար կանխարգելում ենք բոլոր նոր դեպքերը, բուժելով վերացնում ենք հին աղբյուրները և աշխատում ենք փոխանցման ռիսկի ֆակտորների վրա: Բարեբախտաբար, հիմա բոլոր բուժհիմնարկներում նախնական տարբեր վիրահատությունները կամ այլ պատճառներով ընդունելություններն ուղեկցվում են հեպատիտ B-ի և C-ի հետազոտություններով, ինչը լուրջ արձագանք ունի: Հեպատիտի որևէ վիրուսի հայտնաբերման դեպքում կա՛մ տվյալ վիրահատությունը հետաձգվում է, կա՛մ թույլատրվում, բայց հետագայի համար սահմանվում է հեպատոլոգի հսկողություն: Մի քանի տարի առաջ հիվանդության բուժման արժեքն էր 10-15 հազար դոլար՝ 50 տոկոս արդյունավետությամբ, իսկ հիմա գներն էժանացել են 10-15 անգամ, բավական լավ տանելիությամբ և 90-95 տոկոս արդյունավետությամբ: Ուրախությամբ նշեմ, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը ՀՀ-ին նվիրաբերել է «Սովալդի» դեղը հեպատիտ C-ի արդյունավետ բուժման համար, որ կբավականացնի 1000 հիվանդի նրանց կողմից մասնակի չնչին վճարումներով: Վերջին երեք ամսվա ընթացքում այդ 1000 հիվանդները պատրաստվել և բուժվում են, ինչը նշանակում է՝ 1000 հիվանդ, 1000 ինֆեկցիայի աղբյուր ոչնչանում է, երկրորդ՝ նրանց մոտ կանխարգելվում են ինֆեկցիայի զարգացումները, իսկ եթե արդեն բարդ շրջանում է հիվանդությունը, ապա կարգավորվում է կյանքի որակը, մեծանում է ապրելու հավանականությունը և կանխվում են հետագա բարդությունները:

- Հեպատիտի միջազգային օրվա հետ կապված՝ ամեն տարի ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում, և ի՞նչ համագործակցություն կա միջազգային կառույցների հետ:

- Ամեն տարի առողջապահության նախարարության հետ բավական լուրջ պատրաստվում ենք այդ օրվան: Տեղեկատվություն է փոխանցվում թե՛ ԶԼՄ-ների, թե՛ ԱՆ աշխատակիցների հետ համատեղ կազմակերպված մամլո ասուլիսների, տարբեր հանդիպումների միջոցով՝ ընդգրկելով և՛ բուժաշխատողներին, և՛ հասարակ քաղաքացիներին: Մեկ տարի առաջ մի մեծ խմբով եղանք նաև ԼՂՀ-ում՝ կատարելով հիվանդների ընդունելություն, հետազոտություններ, անցկացրեցինք դասախոսություններ: Քանի դեռ այս հիվանդության ճանաչողությունը պատշաճ մակարդակի վրա չի լինի՝ ոչնչի չենք կարող հասնել: Ուրախալի է, որ խնդրի բարձրաձայնումն արդեն ընթացքի մեջ է: Այս տարի որպես օրվա խորհրդանիշ ընտրված է ELIMINATE HEPATITIS (վերացնել հեպատիտը) արտահայտությունը: Քանի որ աշխարհում ամեն 11-րդը վարակված է կա՛մ հեպատիտ B-ով, կա՛մ C-ով, ապա հայտնի չէ, թե տասներկուերորդը ով կլինի, այդ իսկ պատճառով հեպատիտն ավելի մոտ է, քան կարծում ենք: Մեր երկիրն ակտիվ մասնակցում է վիրուսային հեպատիտներին նվիրված միջոցառումներին: Ինքս APASL-ի անդամ եմ, որի հիմնական նպատակն է պայքարի միջոցով հասնել վիրուսային հեպատիտների վերացմանը: Այս տարի, նոյեմբերին, Բրազիլիայում գագաթնաժողով է լինելու վիրուսային հեպատիտների վերաբերյալ, և ես կառավարության կողմից անվանական հրավեր ունեմ, ինչը համարում եմ իմ երկրի հաղթանակը:

Զրուցեց `Արփի Խաչատրյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: