Հայերեն   English   Русский  

Հայ ազնվական Սերպեգաների ընտանիքի դերը Մոլդովայում


  
դիտումներ: 11122

Հայերն ուր էլ բնակվել են, ոչ միայն բարիքներ են ստեղծել, աչքի են ընկել խաղաղ շինարարական գործունեությամբ, այլև, ըստ հարկի,

զենք են գործածել՝ պաշտպանելու ոչ միայն իրենց, այլև տեղացիների անվտանգությունն ու ազատ ապրելու իրավունքը:

Մոլդովայի տարածքում հայությունը հաստատվել է դեռևս բյուզանդական տիրապետության ժամանակներից: XI դարում Բագրատունյաց թագավորության կործանումից հետո հայության մեծաքանակ խմբեր հաստատվեցին Ղրիմում, որը դարեդար կոչվում էր Ծովային Հայաստան: Ապա հայերը Ղրիմից աստիճանաբար տարածվեցին դեպի արևմուտք՝ բնակեցնելով ներկայիս Մոլդովայի, Ռումինիայի, Լեհաստանի տարածքները:

Մոլդովայի տարածքում հաստատված հայ ազնվական ընտանիքներից էր Սերպեգաների ընտանիքը: Որոշակի երբ, որտեղից են նրանք հաստատվել Մոլդովայում՝ անհայտ է: Անհայտ է նաև, թե պատմական հայրենիքում ինչպես է կոչվել տոհմը:

VI դարում, երբ Մոլդովան պայքարում էր թուրքական գերիշխանության դեմ, Սերպեգաների տոհմից փայլեցին մի քանի սերունդներ՝ Յոն Քաջը, Կարապետ (Իվան) Պոտկովան, Կոստանդինը, Ալեքսանդրը՝ սուր ճոճելով թուրքական զորքերի դեմ հանուն Մոլդովայի անկախության և դառնալով Մոլդովայի ազգային հերոսներ:

XVI դարի առաջին կեսին Սերպեգաների ընտանիքից աչքի ընկավ Պետրու Ռեպեշան՝ Պետրու Վարդիկը (Վարդիկովիչ): Նա եղել է մոլդովական հետման, հետագայում՝ Լեհաստանում Մոլդովայի դեսպանը: Պետրու Վարդիկին սպանեցին իր հակաթուրքական կողմնորոշման և գործունեության համար:

Պետրու Վարդիկի որդին՝ Յուրաշկո Վարդիկը, Մոլդովայի ամենաազդեցիկ իշխաններից էր, իշխանական պալատի պահապան գնդի հրամանատարը:

1572 թ. Մոլդովայի իշխանական գահը նվաճեց Յոն Սերպեգան: Նա պատմությանը հայտնի է նաև Յոն Արմենուլ, Յոն Քաջ, Յոն Ահեղ անուններով: Գրավելով գահը՝ Յոն Սերպեգան վարեց կենտրոնաձիգ քաղաքականություն՝ ձգտելով ուժեղացնել երկիրը և դուրս բերել թուրքական ազդեցությունից: Իր գահի և քաղաքականության ընդդիմացողների նկատմամբ Յոն Արմենուլը բիրտ, դաժան մեթոդներ էր կիրառում: Նա վաստակեց Ահեղ պատվանունը, իսկ ժողովուրդը նրան կոչեց Մոլդովայի հայր:

Նա իր ռազմական տաղանդի շնորհիվ մի քանի տպավորիչ հաղթանակներ տարավ օսմանյան մեծաքանակ զորքերի դեմ: Հրաժարվեց հարկ վճարելուց թուրքերին և նրանց դեմ դաշինք ստեղծեց: Յոն Արմենուլը իր զորքով մտավ նաև Տրանսիլվանիա, Վալախիա:

Սակայն Յոն Քաջի իշխանությունը կարճ տևեց: 1574 թ. թուրքական զորքերի օգնությամբ մոլդովական գահը զավթեց Պետրու Կաղը, իսկ Յոն Քաջը դավադրության զոհ դարձավ և սպանվեց:

Անհայտ է նաև Ալեքսանդր Սերպեգայի ծննդյան թվականը: Հայտնի է սակայն, որ XVI դարի կեսերին նա Մոլդովայի առավել ազդեցիկ ու քաջ իշխաններից էր:

Նա հայտնի էր իր ամեհի ուժով. մատներով ջարդում էր ձիու պայտը, կարող էր ատամներով բարձրացնել մեղրով լի տակառն ու շպրտել: Ժամանակակիցները վկայում են նաև, որ ձեռքով կանգնեցրել է վեց ձիերի ամրացրած սլացող կառքը:

Հայոց ռազմիկը ծառայում է զապոռոժյան կազակների մոտ, ընտրվում հետման, ապա մի քանի հաղթական արշավանքներ կազմակերպում Ղրիմի թաթարների դեմ:

Մոլդովական գահի հավակնորդներից էր Ալեքսանդրի ավագ եղբայրը՝ Կոստանդին Սերպեգան, որ Մոլդովայի անկախության ջատագովներից էր: Սակայն թուրքերը Մոլդովան հպատակեցնելու բաղձանքով մոլդովական գահին էին բազմեցրել իրենց դրածոյին՝ Պետրու Կաղ իշխանին: Նրա դեմ 1578 թ. ըմբոստացան Սերպեգա եղբայրները: Առաջնորդելով թուրքերի դեմ ապստամբած մոլդովացիներին և ուկրաինական կազակներին՝ 1578 թ. փետրվարին հայազգի զորավարն անցավ Դնեստր գետն ու իր զորքով ներխուժեց Մոլդովայի կենտրոնական հատվածներ: Նա մեծ ընդունելություն գտավ Մոլդովայի հայրենասեր ուժերի կողմից և արագ երթով կարողացավ հասնել մայրաքաղաք Յասսի ու գրավել այն: Պետրու Կաղը ստիպված էր փախչել:

Հայազգի զորավարի հանդուգն արշավը խառնեց թե՛ թուրքական Մուրադ Գ սուլթանի, թե՛ Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորիի պլանները: Նրանք համատեղ քայլեր ձեռնարկեցին Ալեքսանդր Սերպեգային մոլդովական գահից հեռացնելու համար:

Թուրքական մեծաքանակ զորքը հարձակման անցավ Յասսիի դեմ: Թուրքերին աջակցում էին լեհերը, վալախները, Տրանսիլվանիայի իշխանները, որոնց հաճո չէր Սերպեգայի իշխանության հաստատումը Մոլդովայում: Յասսին պաշարվեց:

Իր 2000 քաջերով, ունենալով նաև մայրաքաղաքի բնակիչների աջակցությունը, հայազգի իշխանը շուրջ երկու ամիս հերոսական մարտեր էր մղում թշնամու դեմ: Սակայն շուտով սպառվում է զինամթերքը, իսկ քաղաքը հայտնվում է սովահարության սպառնալիքի տակ:

Ալեքսանդր Սերպեգան մարտի 12-ի գիշերը ճեղքում է թշնամու օղակն ու իր քաջերով հեռանում: Սերպեգան հայտնվեց Լեհաստանում՝ օգնություն խնդրելով լեհերի արքա Ստեֆան Բատորիից: Վերջինս, որ նախապես խոստումներ էր տվել քաջին, հրամայում է ձերբակալել նրան, և 1578 թ. հունիսի 16-ին նա գլխատվում է Լվովի կենտրոնական շուկայի հրապարակում:

Մահապատժից առաջ նա ելույթ ունեցավ ամբոխի առջև, ասաց, որ ոչինչ չի արել մահվան պատժի արժանի, ողջ կյանքում, ինչպես ազնիվ ասպետ, պայքարել է թուրքերի դեմ, և իր երազանքն էր, որ կարողանա նրանց վտարել այս երկրից: Ապա ծնկի է իջել, աղոթել, խաչակնքել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: