Հայերեն   English   Русский  

​Պետք է աշխատել, ջանք թափել և կյանքին պոզիտիվ նայել. Նունե Եղիազարյան


  
դիտումներ: 9704

Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը եւ Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը

Կյանքը բումերանգ է, ինչ անես, այն էլ քեզ հետ կգա: Ուստի այլոց հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն: Այս կարգախոսով է առաջնորդվում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հայաստանյան գրասենյակի ղեկավար, երկու երեխաների մայր և չորս թոռների տատիկ Նունե Եղիազարյանը:

Նրա ղեկավարած գրասենյակի թիմային աշխատանքի ջանքերով 2003-ից ի վեր ՀԱՆ-ը Հայաստանում բազում նախագծեր է իրականացրել` աջակցելով հազարավոր մարդկանց տեսողության պահպանմանը և վերականգնմանը, Հայաստանում ակնաբուժության զարգացմանը: Կարիերայում և ընտանիքում իր հաջողության պատմությամբ տիկին Եղիազարյանը կիսվել է «Անկախի» հետ:

Մոտիվացված աշխատելու գաղտնիքը

Այս տարին ՀԱՆ-ի համար շատ կարևոր է. տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը: Կազմակերպությունը ստեղծվել է 1992-ին ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանիսյանի նախաձեռնությամբ, որպես արձագանք հայրենիքից հղված օգնության կոչին: Այս կազմակերպության առաքելությունն ինքնին նվիրված աշխատանքի մեծ խթան է: Ինձ մոտիվացնող մի քանի գործոն կա: Առաջինը, անկասկած, աշխատանքի ուղղվածությունն է: Աշխատանքի լավ կամ վատ իրականացումից է կախված մարդկանց թվաքանակը, որոնք կարող են այս հումանիստական, բարեգործական նախաձեռնությունից օգտվել: Ոգևորվում ես նաև, երբ զրուցում ես մարդկանց հետ ու հասկանում՝ քո աշխատանքի շնորհիվ է, որ իրենք կարողացել են վերագտնել տեսողությունը, որ պրոֆեսիոնալները վերապատրաստումներ են անցել:

Խրախուսում է նաև այն հանգամանքը, որ մեր թիմի գաղափարները միշտ հետաքրքիր զարգացումներ են ունենում:

Հաջողության գրավականը

Նունե Եղիազարյան

Ծնվել ու մեծացել եմ մտավորականների ընտանիքում: Հայրիկս տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր էր, մայրիկս` ուսուցիչ: Ընտանիքիցս ստացել եմ միայն ամենալավ խթանները և պոտենցիալը: Ամուսնուս կողմից միշտ ստացել և ստանում եմ նորը փորձելու խրախուսանք: Նա միշտ իմ կողքին է եղել ու խրախուսել է ինձ: Այն ժամանակ, երբ ես վախվորած հետ էի կանգնում` մտածելով, որ չեմ կարող, ամուսինս ասում էր` դու կարող ես, քեզ անպայման կհաջողվի: Չափազանց կարևոր է, որ լինի մեկը՝ եղբայր, քույր, ամուսին, ընկեր, մենթոր կամ ղեկավար, որը կհավատա ուժերիդ ու կփորձի խրախուսել և ուղղորդել խորհուրդներով:

Ես շատ հաջողակ եմ եղել, քանի որ գրեթե միշտ ունեցել եմ շատ լավ ղեկավարներ, որոնք ինձ ճանապարհ են ցույց տվել, սովորեցրել են:

Իմ հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ անընդհատ սովորել եմ: Ընկերներս կատակում են, թե անխոնջ աշակերտ եմ:

Հաջողակ կնոջ բանաձևը՝ ըստ Նունե Եղիազարյանի

Կարծում եմ, որ հաջողակ կնոջ սահմանումները շատ են: Հաջողակ լինելու պայմաններից մեկն ինքնաբավ լինելն է: Մեզանից յուրաքանչյուրն ապրում է հանրության մեջ, բայց հանրության մասը լինելով հանդերձ՝ նաև անհատ է: Շատ կարևոր է, որ մարդը կարողանա ինքնաբավ լինել:

Երկրորդ՝ երբ աշխատանքից գնում ես տուն ու երջանիկ ես, և երբ տնից աշխատանքի ես գալիս ու նորից երջանիկ ես, նշանակում է երջանիկ մարդ ես: Ինչ էլ մարդ անի, պետք է անի հաճույքով:

Նաև պետք է պոզիտիվ վերաբերմունք ունենալ կյանքի նկատմամբ, դա հաջողության մի մասն է: Նույնքան կարևոր է նաև ունեցածը գնահատելը: Ցավոք, շատ մարդիկ չեն գնահատում իրենց ունեցածը: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ավելի շատին կհասնես, եթե գնահատես ունեցածդ:

Ի վերջո, ի՞նչն է կարևոր հաջողության համար. տաղանդ, հմտություններ և հնարավորինս շատ ջանք գործադրելու պատրաստակամություն: Կարող ես տաղանդավոր լինել, բայց մինչև ջանք չգործադրես, հաջողության չես հասնի:

Ընտանիքն ու կարիերան հաջողությամբ համատեղելու գաղտնիքը

Նունե Եղիազարյան

Այն ժամանակ, երբ երեխաներս փոքր էին ու ծանրաբեռնված աշխատում էի, միշտ կարողանում էի ժամանակ գտնել նրանց համար: Ամենադժվար բաներից մեկը տուն գալիս աշխատանքային մտքերը դռնից այն կողմ թողնելն է: Դա շատ դժվար է: Եթե որևէ խնդիր ունես աշխատանքի վայրում, անընդհատ այդ մասին ես մտածում: Պետք է կարողանաս այդ ամենը մի կողմ թողնել և նվիրվել ընտանիքիդ: Եվ հակառակը, աշխատանքի գնալիս տնային հոգսերը պետք է թողնես տանը և մտածես միայն աշխատանքային խնդիրների լուծման մասին:

Կյանքի այս երկու բաղադրիչներն էլ կարևոր են, ուստի խելամիտ և իմաստուն մարդիկ փորձում են հավասարակշռություն գտնել, որը դժվար է:

Աղջիկներս ասում են, որ ես օրինակ եմ իրենց համար, ու ես հպարտ եմ դրանով: Մենք մեր երեխաներին դաստիարակել ենք հարգանքի և սիրո սկզբունքով: Դպրոցում սովորել են այն ծանր տարիներին, երբ մեծ մասամբ տանն էին, դպրոցը չէր գործում: Դասավանդվող առարկաները բաժանում էինք երկու մասի, ամուսինս երեխաների հետ պարապում էր ճշգրիտ և բնագիտական առարկաները, ես` հումանիտար: Երբ ապրիլին դպրոց էին գնում, սերտած էին լինում ողջ տարվա ծրագիրը:

Առաջին մասնագիտությամբ անգլերենի և անգլիական գրականության մասնագետ եմ: Երեխաներիս հետ, երեք տարեկանից սկսած, անգլերեն եմ պարապել: Տեսնելով, որ լեզուներ հեշտ են սովորում, իրենք հետագայում սովորեցին նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն:

Այսինքն՝ իրենց մեջ, հարգանքից և սիրուց բացի, նաև լուրջ ներդրում է արվել: Այդ ներդրումը հետո իրենց շատ է օգնել: Իհարկե կրթությունը ներդրում է: Բայց կարևոր է գտնել հավասարակշռությունը, որ հանկարծ երեխային այնքան չծանրաբեռնես, որ հետո չուզենա սովորել: Փոքր հասակում կրթությունը պետք է լինի խաղ, որի միջոցով երեխային պետք է սովորեցնել սովորել: Այս ամենի դեպքում գրեթե անհնար է, որ նրանք հաջողակ չլինեն:

Իհարկե դժվար է ընտանիքն ու աշխատանքը համատեղելը: Բայց ո՞վ ասաց, որ հեշտ պետք է լինի: Մեր ծնողները մեզ ավելի դժվար պայմաններում են մեծացրել, մեր երեխաները մեզանից ավելի հեշտ պայմաններում են մեծացել, իսկ արդեն նրանց երեխաներն առավել շատ հնարավորություններ ունեն: Բայց միևնույն է, երեխա մեծացնելն ու միաժամանակ կարիերա կառուցելը երբեք հեշտ չեն լինի, քանի որ դա սովորաբար նշանակում է ունենալ բազում անքուն գիշերներ, հիասթափություններ, երբեմն չհասկացված լինել և այլն:

Կարևոր է, որ հասկանանք, թե ինչ ենք ուզում և հստակ նպատակներ սահմանենք: Ցանկություններն իրականություն դառնալու սովորություն ունեն: Բայց, իհարկե, դրա համար պետք է ջանքեր գործադրել:

Հաղթահարած խոչընդոտները

Երբ 1997-ին վերադարձա Հարվարդի համալսարանից` ստանալով մագիստրոսի աստիճան հանրային կառավարման ոլորտում, ինձնից կարծես ավելի շատ բան էին սպասում: Բայց դժվարություններ չեմ զգացել, գուցե չեմ կենտրոնացել դրանց վրա: Եթե իրապես ազնիվ ես ու բարի՝ շրջապատող մարդիկ նույն կերպ կվարվեն քեզ հետ:

Գնացի սովորելու, երբ գրեթե 40 տարեկան էի և երկու երեխա ունեի: Այդ ժամանակ դա բավականին տարօրինակ էր, որովհետև սովետական համակարգում ապրած, մեծացած մարդկանց համար ընդունված էր, որ կրթությունը ստանում են մինչև 25 տարեկանը, դրանից հետո կրթությունը շարունակելն ընդունված չէր:

Որոշումը շատ հետաքրքիր տրվեց: Ես աշխատում էի Ամերիկայի հայկական համագումարում: Ամռանը մեր ղեկավարներից մեկի հրավերով իմ երեխաները գնացին ճամբար, իսկ ես գնացի Վաշինգտոնի մեր գրասենյակում աշխատելու: Վերադառնալիս ծանոթացա Հարվարդի համալսարանի ընդունելության հանձնաժողովի ղեկավարի հետ, որն աշխատում էր օտարերկրյա ուսանողների հետ: Նա հարցրեց` ի՞նչ եք պատկերացնում, ի՞նչ կանեք 10 տարի հետո: Ասացի` հաշվի առնելով, որ արդեն ունեմ 14-15 տարեկան երեխաներ, 10 տարի հետո միգուցե կլինեմ տատիկ: Որևէ այլ պատկերացում չունեի: Այդ տիկինն ասաց, որ Հայաստանից դիմորդներ չունեն, բայց ցանկանում են նաև Հայաստանից ուսանողներ ունենալ: Ինձ տվեց ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը` խնդրելով դրանք տարածել Հայաստանում: Բերեցի Հայաստան և սկսեցի բոլորին առաջարկել: Քանի որ համալսարանի կրթաթոշակը շուրջ 55 հազար դոլար էր, իսկ դա ահռելի գումար էր, ոչ ոք չէր համարձակվում լրացնել փաստաթղթերը` նշելով, որ նման գումար գտնել չեն կարողանա: Հետաքրքրությունից դրդված` լրացրեցի փաստաթղթերը, ուզում էի հասկանալ` կարո՞ղ եմ ընդունվել համալսարան, թե ոչ: Ընդունվեցի: Հասկացա, որ դա լուրջ է, պետք է գումար գտնել ու գնալ, նման հնարավորություն կյանքում երևի մեկ անգամ է լինում, չէր կարելի բաց թողնել: Ամուսինս էլ խրախուսում էր որոշումս:

Որպեսզի Համաշխարհային բանկը քննարկեր ինձ կրթաթոշակ հատկացնելու հարցը, ընդունվեցի նաև Ֆլետչերի դպրոց, որտեղից ամբողջական կրթաթոշակ ստացա: Համաշխարհային բանկն էլ Քենեդու դպրոցի համար կրթաթոշակ հատկացրեց: Ընտրեցի վերջինը, քանի որ ծրագիրը մեկամյա էր:

Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի առաջին ՀՀ քաղաքացի շրջանավարտն եմ:

Նունե Եղիազարյանի խորհուրդը երիտասարդներին

Մեծ ոգևորությամբ եմ հետևում երիտասարդներին, մեծ մասամբ՝ աղջիկներին, որովհետև կարծես նրանք են նպատակներ դնում իրենց առջև և փորձում հասնել դրանց, հասկանում են, թե որքան կարևոր է կրթությունը: Կառաջարկեի լինել ավելի նպատակասլաց, որոշել, թե ինչ են ուզում, և վստահորեն առաջ գնալ ` չվախենալով դժվարություններից: Եթե դժվարություններ չունենաս՝ չես կարողանա հաջողություններդ գնահատել: Պետք է աշխատել, ջանք թափել և կյանքին պոզիտիվ նայել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: