Հայերեն   English   Русский  

​Ֆերդինանդ Կարապետյան. «Հաղթանակներովս ցանկանում եմ ուրախություն պարգևել հայ ժողովրդին»


  
դիտումներ: 3284

Հուլիսի 22-23-ը Մինսկում կայացավ ձյուդոյի Եվրոպայի միջազգային բաց մրցաշարը, որին 46 երկրների 411 մարզիկ էր մասնակցում:

Ստուգատեսում Հայաստանը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, ներկայացրին Շահեն Աբաղյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ):

Ֆերդինանդ Կարապետյանը, պայքարը սկսելով 1/32 փուլից, 4 անընդմեջ հաղթանակ տարավ և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց ապագա արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Օլեգ Բաբգոևին: Երրորդ տեղի համար պայքարում մեր մարզիկը վազարիով առավելության հասավ պուերտոռիկացի Ջեֆրի Ռույզի նկատմամբ՝ արժանիորեն նվաճելով բրոնզե մեդալ և ցույց տալով մեր հավաքականի լավագույն արդյունքը:

«Անկախի» հետ զրույցում Ֆերդինանդը պատմում է մրցաշարից ստացած տպավորությունների, առաջիկա ծրագրերի և սպորտում իր նվիրական ցանկությունների մասին:

- Շնորհավորում ենք Մինսկի մրցաշարում հաջող հանդես գալու և Հայաստանի համար միակ մեդալը նվաճելու առիթով: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

- Մրցաշարից առաջ Հունգարիայում մասնակցեցի 14-օրյա ուսումնամարզական հավաքի: Մինսկ էի մեկնել բավական լավ մարզավիճակով: Մարզիկների փորձառու կազմ էր հավաքվել: Այս ստուգատեսը հրաշալի հնարավորություն էր աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձելու համար:

Կարողացա հաջող պայքարի մեջ մտնել՝ մինչ կիսաեզրափակիչ փուլը 4 հաղթանակ տոնելով: Եզրափակիչ դուրս գալու համար աննշան սխալ թույլ տվեցի և պայքարս շարունակեցի երրորդ տեղի համար: Թույլ տված սխալների վրա հարկավոր է աշխատել՝դրանք հետագայում չկրկնելու համար:

- Այս տարի բազմաթիվ մրցաշարերի եք մասնակցել՝ դառնալով մրցանակակիր: Տպավորիչ ելույթներ եք ունենում, սակայն ինչ-որ բան խանգարում է ոսկե մեդալ նվաճելու համար:

- 73 կգ քաշային կարգում վերջերս եմ սկսել հանդես գալ: Նախկինում ելույթ էի ունենում 66 կգ քաշային կարգում: Այս առումով հարկավոր է հարմարվել փոփոխությանը և հաստատվել նոր քաշային կարգում: Դրա համար ժամանակ է պետք: Կարծում եմ, որ ամեն ինչ կստացվի: Մենք քայլ առ քայլ ենք առաջ շարժվում: Սպորտում մշտապես հաղթել հնարավոր չէ: Հույս ունեմ, որ առաջիկա մրցաշարերի ժամանակ արդյունքներն ավելի բարձր կլինեն: Այժմ մրցագորգում ինձ ավելի վստահ եմ զգում:

Աշխարհի առաջնությունը կայանալու է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը, Հունգարիայում: Բելառուսում մրցաշարից հետո 5-օրյա հագեցած միջազգային հավաք անցկացրինք: Մտադիր եմ աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները շարունակել Հայաստանում, այնուհետև օգոստոսի 15-ից հետո թիմով կմեկնենք Հունգարիա:

- Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել ձյուդոյով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- Ռուսաստանի անվանի ձյուդոյիստ, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների 7-ակի չեմպիոն Թամերլան Տմենովն ապրում էր մեր հարևանությամբ: Երբ 2000 թվականին դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ողջ ընտանիքով հետևում էինք նրա ելույթներին: Ինձ հետաքրքրեց մարզաձևը: Ծնողներիս հայտնեցի, որ ուզում եմ զբաղվել ձյուդոյով: Այդ ժամանկ 8 տարեկան էի: Թամերլանի մայրիկի միջամտությամբ սկսեցի հաճախել ձյուդոյի խմբակ: Այդպես սկսվեց իմ մարզական ուղին:

- Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը: Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

- Սպորտը դաստիարակում է մարդուն՝ դարձնելով կարգապահ, նվիրված և նպատակային: Սպորտը սովորեցնում է ճիշտ ապրել և լավ մարդ լինել:

Երբ հաղթում ես և վայելում հաղթանակի բերկրանքը, զգացողություններն աննկարագրելի են: Բնական է, որ լինում են նաև պարտություններ: Այդ դեպքում պետք է ավելի ուժեղ ու հաստատակամ լինել և երբեք չհանձնվել՝ շարունակելով ավելի շատ աշխատել: Մարզիչների խորհուրդներն ու աջակցությունն անչափ կարևոր են՝ մարզավիճակ ձեռք բերելու, այն պահելու, ռեժիմին հետևելու, մրցումների ընթացքում ճիշտ կողնորոշվելու համար: Մարզիչը միաժամանակ և՛ ծնող է, և՛ եղբայր, և՛ ընկեր: Իմ մարզիչները՝ Իրբեկ Այլարովը, Մուրադ Գասիևը, Արմեն Նազարյանը, մշտապես աջակցում են ինձ:

Եթե կա նպատակ, ապա պետք է անշեղորեն առաջ շարժվել:

Ձյուդոն բարդ մարզաձև է: Միայն ֆիզիկական տվյալները բավական չեն: Միտքը պետք է շատ լավ աշխատի՝ մրցակցին հավասարակշռությունից հանելու, հնարքներով շեղելու և հաղթելու համար: Նպատակ ունեմ դառնալ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և ամենակարևորը՝ նվաճել օլիմպիական մեդալ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է դա:

Երբ մարզիկն ընտրում է իր ճանապարհը, պետք է իր առջև նպատակ դնի, նվիրվի գործին և սխալները շտկելով՝ քայլ առ քայլ առաջ շարժվի:

Մրցաշարերի ժամանակ, բնականաբար, լարվածություն կա: Երբ դուրս եմ գալիս մրցագորգ, փորձում եմ կառավարել հույզերս՝ ինձ ներշնչելով, որ կարող եմ հաղթել յուրաքանչյուրին: Գոտեմարտի ընթացքում, անգամ պարտվելիս չպետք է հանձնվել, հարկավոր է պայքարել մինչև վերջ:

- Երկար տարիներ ապրելով Ռուսաստանում, այնտեղ սկսելով Ձեր մարզական ուղին՝ որոշեցիք ելույթները շարունակել Հայաստանի հավաքականի կազմում: Ինչո՞ւ:

- Երբ հեռուստացույցով հետևում էի որևէ մարզաձևի մրցման, և երբ հաղթում էին հայազգի մարզիկները, անբացատրելի ուրախություն, ոգևորություն ու հպարտություն էի ապրում: Շնորհակալ եմ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին և ողջ անձնակազմին համագործակցության և աջակցության համար: Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը՝ հանդես գալով ձյուդոյի հավաքական թիմի կազմում: Անչափ մեծ է պատասխանատվությունը:

Ունեմ նվիրական ցանկություն՝ մեծ հաջողությունների հասնել և իմ հաղթանակներով իմ ազգին ուրախացնել: Յուրաքանչյուր ոլորտի մարդ նվիրումով պետք է կատարի առավելագույնը մեր երկրի պատիվը բարձր պահելու, Հայաստան անունը հաղթանակած հնչեցնելու և հայի մասին հիշեցնելու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: