Հայերեն   English   Русский  

Ռուսական արգելքի պատճառով Թուրքիան 2 մլրդ դոլարի կորուստ է ունեցել


  
դիտումներ: 630

Ռուսաստանի Դաշնությունը թուրքական լոլիկի արտահանման արգելքից հետո Թուրքիայի կորուստները կազմել են 2 միլիարդ դոլար: Այդ մասին այսօր` օգոստոսի 10-ին, հայտարարել է Մրգային և բանջարեղենային ազգային միության վերլուծաբան Կիրիլ Լաշինը: Ըստ նրա` ավելի վաղ Ռուսաստան էր արտահանվում Թուրքիայում աճեցվող լոլիկի մոտ 40 տոկոսը:

2016 թ-ին լոլիկի ռուսաստանյան արտադրությունն ավելացել է 18 տոկոսով: Լաշինը նշել է, որ ռուսական շուկայի փակումից հետո Թուրքիայից արտադրողները իրենց ապրանքի մի մասը արտահանել են Բելառուս: Ռուսաստանում թուրք մատակարարների տեղը մասնակիորեն կարողացել է զբաղեցնել Չինաստանը, երկու անգամ ավելացել է Ադրբեջանից ներմուծման ծավալը, գրեթե երեք անգամ` Մարոկկոյից, փոքր-ինչ ավելացել է Բեառուսից մատակարարումը:

Օգոստոսի 9-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Անկարան պատասխան միջոցառումներ կձեռնարկի, եթե Մոսկվան չվերացնի մի շարք գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում` լոլիկի առաքման առևտրային սահմանափակումները: Օգոստոսի 7-ին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ չէ թուրքական լոլիկներ գնել:

2015 թ-ի նոյեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը, որը մասնակցում էր Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությանը: Օդաչուներից մեկը մահացել էր, մյուսը փրկվել էր Ռուսաստանի և Սիրիայի հատուկ ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում:

2015 թ-ի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր` Ռուասատանի ազգային անվտանգության պահպանման, հանցավոր և այլ ապօրինի գործողություններից ՌԴ-ի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով միջոցառումներ իրականացնելու և Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: 2016 թ-ի հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջադեպի առնչությամբ պաշտոնական ներողություն էր խնդրել, և դրանից հետո երկու երկրների միջև հարաբերություններն աստիճանաբար սկսել են վերականգնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: