Հայերեն   English   Русский  

Այժմ «Ամերիկանան» համաձայնում է գովազդել Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը


  
դիտումներ: 10762

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հերթական հոդվածը.

«Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարները հերթական անգամ հակադրվեցին իրենք իրենց՝ հայտարարելով, որ ոչ միայն համաձայն են գովազդել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը, այլև առաջարկեցին դա անել անվճար....

Այս ընթացքում «Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ և որքան էլ զարմանալի է, ընդդեմ իրենց բիզնես շահերի՝ անզգա վերաբերմունք դրսևորելով իրենց հիմնական գնորդների՝ տեղի մեծաթիվ հայ բնակչության նկատմամբ:

Ամեն ինչ սկսվեց երկու շաբաթ առաջ, երբ «Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին մերժեց տարածք տրամադրել գովազդային պաստառի համար՝ Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն անվանելով «խիստ քաղաքականացված»: Երբ պատշաճ բացատրություն ստանալու համար ես դիմեցի «Ամերիկանային», առևտրի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսն ինձ ասաց. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին Հարավային Կալիֆորնիայի ամբողջ տարածքում»: Իմ այն հարցին, թե ինչու վավերագրական ֆիլմը չի համապատասխանում «Ամերիկանայի» գովազդային չափանիշներին, երեք օր անց Էմիլի Դևիսն պատասխանեց՝ «Ամերիկանան» լրացնելու ոչինչ չունի...

Տեղի հայ համայնքի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի ճնշման ներքո, «Ամերիկանայի» գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին փոխեց գործի ընթացքը և հաշտեցման նամակ հղեց Հայ Դատի հանձնախմբին՝ հույսեր թողնելով, որ խնդիրը լուծում կստանա Գլենդելի քաղաքային խորհրդի և վավերագրական ֆիլմի արտադրողների հետ հանդիպումից հետո, սակայն հրաժարվեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ:

Մի քանի օր անց Ջեկի Լևին ավելի կոշտ նամակ հղեց վավերագրական ֆիլմի արտադրողներին, ևս մեկ անգամ հայտարարելով, որ «Ամերիկանան» մերժում է հայցվող գովազդը, քանի որ առևտրի կենտրոնը այն մարդկանց համար է «որոնք կարող են հավաքվել միասին և վայելել.... այդ պատճառով մենք քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներն արգելող քաղաքականություն ենք հաստատել....»: Այնուհետև նա առաջարկեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ և ցանկություն հայտնեց «վերահաստատել մեր վաղեմի աջակցությունը հայ համայնքին....», որը բացարձակ սուտ է: «Ամերիկանան» բազմիցս հակահայ դիրքորոշում է դրսևորել, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, երբ երեք տարի առաջ արգելեց ցեղասպանության թեմայով վերնաշապիկների վաճառքը:

Այնուհետև Ջեկի Լևին արեց առավել վիրավորական արտահայտությունը, նշելով, որ «մենք դիտողություններ ենք ստացել հայ համայնքից և Թուրքիայի հյուպատոսությունից»: Լևիին պետք է հարցնել, թե սովորաբար քանի թուրք հաճախորդ է այցելում «Ամերիկանա», Գլենդելի 100 հազար հայերի դիմաց: Ավելին, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ օտարերկրյա բռնապետական վարչակարգի հյուպատոսությունը միջամտի «Ամերիկանայի» և տեղի համայնքի որոշումներին: Դրանով նա ցեղասպանության զոհերին՝ հայերին հավասարեցնում է նրանց, որոնց նախնիները իրականացրել են նման նողկալի զանգվածային հանցագործություններ...

Միևնույն ժամանակ «Ամերիկանայի» վրա ճնշում գործադրեցին ամերիկյան հեռուստաալիքները, որոնք հեռարձակում էին հայերի բողոքի ցույցերը ընդդեմ առևտրի կենտրոնի: Եղան նաև ավելի քան 20 հայ և այլազգի ելույթ ունեցողներ, ներառյալ տողերիս հեղինակը, որոնք օգոստոսի 15-ին դիմեցին Գլենդելի քաղաքային խորհուրդ, իրենց վրդովմունքն արտահայտելով Ջեկի Լևիի անզգա նամակի առիթով: Վերջում, քաղաքային խորհրդի բոլոր հինգ անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին «Ամերիկանայի» կողմից Հայոց ցեղասպանության հայտարարության մերժման առիթով և պարտավորվեցին հանդիպել առևտրի կենտրոնի ղեկավարության հետ՝ նրանց դիրքորոշումը փոխելու համար ճնշում գործադրելու նպատակով:

Վերջապես, օգոստոսի 17-ին «Ամերիկանայի» ղեկավարները հերթական անգամ փոխեցին իրենց դիրքորոշումը՝ այդ մասին հայտարարելով Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսից քիչ առաջ, ուր նախատեսվում էր «Ամերիկանային» բոյկոտ հայտարարել տեղի հայ համայնքի կողմից: Ջեկի Լևին հայտարարեց, որ «Ամերիկանան» այժմ համաձայն է ցուցադրել գովազդը՝ «արտադրողների համար անվճար»:

Լևին արդարացրեց «Ամերիկանայի» ավելի վաղ բացասական որոշումը որպես մարդու իրավունքների վերաբերյալ իրենց դիրքորոշման «թյուրիմացություն» և «որի համար ներողություն ենք խնդրում: Մենք միշտ դատապարտել ենք բռնության և վայրագությունների բոլոր դրսևորումները ամբողջ աշխարհում, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, որն իր ազդեցությունն է թողել մեր համայնքի հայ բնակչության կյանքի վրա»:

Ի պատասխան՝ Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իրենք «Ամերիկանայի» դիրքորոշման փոփոխությունը համարում են «նախնական դրական քայլ»: Հայ Դատի հանձնախումբը նաև հայտարարեց, որ առևտրի կենտրոնը «պետք է ցույց տա իր կորպորատիվ քաղաքացիությունը» և «պետք է հետամուտ լինի հարաբերությունների հաստատմանը համայնքի հետ, որը հստակորեն ցույց կտա նրա հասկացողությունն ու հոգատարությունը մերձակա համայնքի և մեր քաղաքի նկատմամբ: Առաջիկա շաբաթներին մենք հանդիպում ենք ակնկալում Ռիկ Կարուզոյի [«Ամերիկանայի» սեփականատերը] և նրա կառավարման թիմի հետ՝ հստակ կերպով քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի լավ հարաբերություններ և կապեր հաստատել համայնքի, «Ամերիկանայի» և Կարուզոյի միջև, որը կհանգեցնի իրական, կառուցողական և լուրջ երկարաժամկետ հարաբերությունների»:

Հաշվի առնելով «Ամերիկանայի» ղեկավարների հակասական հայտարարությունները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, հայ համայնքը իսպառ կորցրել է իր հավատը նրանց խոստումների նկատմամբ: Կարուզոն՝ «Ամերիկանայի» սեփականատերը, պետք է ոչ միայն վերանայի առևտրի կենտրոնի հարաբերությունները տեղական հայ համայնքի հետ, այլ նաև որոշի, թե արդյոք նրա ղեկավարներից մի քանիսը պետք է շարունակեն աշխատել իր համար` հաշվի առնելով նրանց ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: