Հայերեն   English   Русский  

​105-ամյա ճապոնացի բժշկի խորհուրդները


  
դիտումներ: 4371

Շիհակի Հինոհարան ճապոնական ժամանակակից բժշկության հիմնադիրներից է համարվում: Նա միշտ հետևում էր իր իսկ խորհուրդներին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Նա խորհուրդ էր տալիս ժամանակից շուտ աշխատանքից չհրաժարվել, իսկ եթե դա անհնար է, ապա գոնե 65 տարեկանից հետո միայն: Բացատրությունը հետևյալն էր.«Ճապոնիայում թոշակի անցնելու տարիքը 65-ն է, սակայն այն ժամանակներից ի վեր, երբ կյանքի միջին տևողությունը 68 էր: Իսկ հիմա, բարեբախտաբար, Ճապոնիայում կյանքի միջին տևողությունը 84 տարի է, ուրեմն հնարավորինս ուշ պետք է անցնել թոշակի»:

Ի դեպ, նա մինչև իր կյանքի վերջը հիվանդների էր բուժում, օրագրում գրառումներ կատարում՝ 5-ամյա հեռանկարով և աշխատում էր օրական 18 ժամ: Իսկ երբ մահացավ, 105 տարեկան էր: Նրա հետևորդները նշում են, որ բժիշկը կարծում էր՝ կյանքում կարևորը սեփական ներդրում ունենալն է: Նա օրինակ՝ ձգտում էր միշտ օգնել մարդկանց, արթնանում էր վաղ առավոտյան ու ամբողջ օրը զբաղվում օգտակար գործերով: Հենց դա էլ նրան ապրեցնում էր. նա ամեն օր իր առջև նոր նպատակ էր դնում, նպատակ էր դնում հաջորդ օրն ու նաև հետագա 5 տարիներին իրականացնելու համար:

Խորհուրդ էր տալիս քիչ մտածել առողջ սննդի ու քնի մասին, դրա փոխարեն շատ ուրախանալ: Այդ կապակցությամբ ասել է. «Հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք մոռանում ուտելու և քնելու մասին մանուկ հասակում, երբ մեզ համար շատ բան էր հետաքրքիր: Կարծում եմ, որ կարող ենք այդ վերաբերմունքը պահպանել նաև հասուն տարիքում: Ավելի լավ կլինի մարմինը չհյուծել ծայրահեղ բաներով, այսինքն՝ երբ պետք է ճաշել, երբ քնել ևն: Ցանկանում եք երկա՞ր ապրել, ուրեմն ազատվեք ավելորդ քաշից:

Նախաճաշին ես սուրճ եմ խմում, մի բաժակ կաթ ու նարնջի հյութ՝ մեկ ճաշի գդալ ձեթով: Դա անհրաժեշտ է զարկերակները մաքրելու և մաշկի առողջության համար: Ճաշին կաթ եմ խմում ու թխվածքաբլիթ ուտում կամ ոչինչ: Եթե շատ եմ զբաղված՝ երբեք քաղց չեմ զգում:

Ընթրիքին ձուկ եմ ուտում բրնձի հետ, շաբաթական 2 անգամ՝ 100 գրամ ոչ յուղոտ միս:

Չպետք է կուրորեն հետևել բժշկի ցուցումներին: Երբ բժիշկը հանձնարարում է անալիզ հանձնել ու պառկել վիրահատության, նրանից հարցրեք, թե նույնը նա խորհուրդ կտա՞ր իր կնոջը կամ երեխաներին: Հիշեք. բժիշկը չի կարող բուժել բոլորին, ուրեմն ինչո՞ւ մարդուն տանջել վիրահատությունով:

Ես կարծում եմ, որ թերապևտիկ տեսանկյունից երաժշտությունն ու կենդանիներն ավելի լավ են բուժում, քան թվում է որոշ բժիշկների:

Ցավը մոռանալու համար զվարճացեք: Ցավը հանելուկ է, իսկ զվարճանքը՝ դրա մասին մոռանալու լավագույն միջոցը: Երբ երեխայի ատամն է ցավում, ապա եթե սկսեք նրա հետ խաղալ, նա իսկույն կմոռանա դրա մասին: Հիվանդանոցները պետք է կարողանան ապահովել հիվանդների այդ պահանջմունքը. բոլորն են կամենում զվարճանալ:

Միշտ աստիճաններով բարձրացեք ու ինքներդ ձեր իրերը տեղափոխեք: Ես մկաններս մարզելու նպատակով աստիճանները մեկումեջ եմ բարձրանում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: