Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հինգ հունահռոմեական ըմբիշ


  
դիտումներ: 1059

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ թիմն օգոստոսի 20-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցելու են այն ըմբիշները, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում եւ միջազգային մրցաշարերում:

Թիմի կազմում ընդգրկվել է հինգ մարզիկ՝ Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

«Մեր տարիքային խմբում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն անցկացվում են կարճատեւ ընմիջումով: Այդ պատճառով, շատ դեպքերում, մարզիկները չեն կարողանում լիարժեք վերականգնվել եւ ազատվել ավելորդ քաշից: Մենք թիմում ընդգրկել ենք լավագույններին, որոնք հաջող են հանդես եկել եւ լավ արդյունք են գրանցել այս տարվա միջազգային մրցումներում:

Կարող եմ ասել, որ մեր ըմբիշները լավ մարզավիճակում են, մնացածը ցույց կտա գորգը: Ավելի մեծ ակնկալիքներ ունենք Հայկ Ասատրյանից, Շանթ Խաչատրյանից եւ Սարգիս Թադեւոսյանից: Նրանք ավելի փորձառու են, Եվրոպայի առաջնությունում դարձել են մեդալակիրներ: Բայց մյուս երկու ըմբիշներն էլ լավ հնարավորություններ ունեն»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Պատանեկան աշխարհի առաջնությունը կկայանա Աթենքում, սեպտեմբերի 4-10-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 3-ին:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Եվրոպայի առաջնության մրցակարգով՝ երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: