Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում դատարանը մերժել է Թիֆլիսում առևանգված լրագրող Մուխթարլըի բողոքը


  
դիտումներ: 1169

Ադրբեջանում Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլըի` տնային կալանքի պայմանով ազատ արձակելուց հրաժարվելու առնչությամբ ներկայացված բողոքը:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը վերջինիս փաստաբանը` Զիբեյդա Սադըգովը, հայտնել է, որ նիստին մասնակցել է անձամբ Մուխթարըն` վերահաստատելով, որ որևէ հանցագործություն չի գործել: Մյուս կողմից, լրագրողին ազատ արձակելը կարևոր է նաև վերջինիս առողջական խնդիրներ ունենալու տեսանկյունից: Մուխթարլըն հայտարարել է հետաքննությունից թաքնվելու մտադրություն չունենալու մասին, քանի որ իրեն մեղավոր չի համարում:

«Ես հետաքննությունից թաքնվելու, ավելին, վկաների վրա ճնշում գործադրելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ հնարավորություն ունեմ: Ես ինքս հետաքրքրված եմ դատարանի առջև կանգնելու, արդարացվելու, իսկ այնուհետև իմ հանդեպ անօրինություն կիրառած անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու հարցում»,- Մուխթարլըի խոսքերը մեջբերել է փաստաբանը:

Սակայն Բաքվի վերաննիչ դատարանը մերժել է բողոքը` ուժի մեջ թողելով Նասիմիի դատարանի կողմից օգոստոսի 24-ին կայացված որոշումը: Ըստ փաստաբանի` լրագրողի մոտ հաճախ գրանցվում է արյան շաքարի մակարդակի, արյան ճնշման բարձրացում: Նրա սրտի զարկերն ինտենսիվացել են, սակայն քննչական մեկուսարանում նրան չեն ապահովում պատշաճ բժշկական օգնությամբ:

Փաստաբանը դիմում է ներկայացրել, որպեսզի Մուխթարլըին թույլ տան իր հարազատների ֆինանսական միջոցների հաշվին որակյալ բուժզննում անցնել, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել:

Լրագրողն Աֆղան Մուխթարլըն առևանգվել է մայիսի 29-ին Թբիլիսիում և Ադրբեջան տեղափոխվել, որտեղ նրա դեմ ներկայացվել են «ուժի կիրառմամբ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու», «սահմանն ապօրինի հատելու» և «մաքսանենգությամբ զբաղվելու» մեղադրանքներ: Լրագրողը հերքել է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր կալաքը քաղաքական պատվեր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: