Հայերեն   English   Русский  

Մեծամտության վնասները. Արամ Աբրահամյան


  
դիտումներ: 3261

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրել է.

«Ինչպես միշտ, ուզում եմ խուսափել ծայրահեղություններից: Վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելը խայտառակություն չէր, պետության կործանում չէր, դիվանագիտական պարտություն չէր, ստրկամտության դրսեւորում չէր: Դա քաղաքականություն է, որտեղ պետք է հաշվեկշռել շահերը, կանխատեսել, թե այս կամ այն քայլից ինչ օգուտներ ես ստանալու, ինչ վնասներ ես կրելու եւ այլն: Արդյոք ճի՞շտ էին այս կոնկրետ դեպքում հաշվարկները՝ դժվարանում եմ ասել: Բայց ամեն մի մեծ կամ փոքր իրադարձության առիթով նվնվալը, թե մենք պետություն չունենք, մենք բանակ չունենք, դիվանագիտություն չունենք, ԱԻՆ չունենք, ֆուտբոլ չունենք եւ այլն՝ դա, ինձ թվում է, չի նպաստում իրականում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:

Մյուս կողմից՝ մեր իշխանությունները չեն սովորել հանրության հետ շփվելու ճիշտ ձեւերը: Եթե մտադրություն չկար մասնակցելու տվյալ զորավարժություններին, ապա պետք էր դրա մասին ասել մեկ շաբաթ առաջ, երբ հայտնվեցին դրա մասին հրապարակումները, եւ ոչ թե յոթ օր շարունակ խորհրդավոր լռություն պահպանել: Գիտե՞ք, այդ լռությունը, լուրերը որեւէ ձեւով չմեկնաբանելը ինչպիսի ուղերձ է պարունակում. «Մենք՝ իմաստուն իշխանավորներս, գիտենք, թե ինչ ենք անում, եւ ձեզ՝ քաղաքացիներին, արժանի չենք համարում մեր քայլերի մասին տեղյակ պահելու: Երբ կբարեհաճենք բացատրություն տալ, այն ժամանակ էլ ձեզ մի երկու նախադասություն կշպրտենք»: Նման մեծամտությունը, գոռոզությունը, մեղմ ասած, չի նպաստում «իշխանություն-հասարակություն» երկխոսությանը:

Նույն ծայրահեղությունները դրսեւորվում են փողոցների վերանվանման հարցում: Արդեն գրել եմ, որ այստեղ շտապողականությունը, արմատական, հեղափոխական մոտեցումներն անտեղի են՝ սկզբից պետք է հաղթահարել «հետխորհրդային» մտածողությունը մեր ուղեղներում, հետո մտածել խորհրդանիշների մասին, հակառակ դեպքում բոլոր խորհրդանիշները կեղծ կլինեն: Բայց Կրեմլի եւ նրա քաղաքականության ջատագովների արձագանքն այդ խնդրին նույնպես տարակուսելի է: Դումայի պատգամավորներից մեկն ուղղակիորեն ասաց, որ եթե վերանվանումների վերաբերյալ քննարկումները շարունակվեն, ապա Մոսկվան մեզ կպատժի: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նման որոշում ընդունվի, այլ՝ անգամ քննարկվեն այդ հարցերը: Այսինքն՝ մի երկրի պատգամավորը հաթաթա է տալիս մեկ այլ երկրի քաղաքացիների՝ հանկարծ այս հարցը չքննարկեք: Հետո էլ զարմանում են, թե որտեղից են Հայաստանում առաջանում «հակառուսական տրամադրությունները»: Դրանք առաջանում են ոչ թե արեւմտյան դրամաշնորհների, ոչ թե Սորոսի մեղքով: Դրանց գլխավոր պատճառներից մեկը ռուսաստանցի չինովնիկների ամբարտավան կեցվածքն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: