Հայերեն   English   Русский  

​Մի խոսքով՝ տնտեսությունն աճել է ու վե՛րջ


  
դիտումներ: 4352

Անցած մի քանի օրերին համացանցում ամենաբուռն քննարկվող հարցերից մեկը դարձավ Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը, որին շաղկապվեցին տնտեսության վիճակը, ներդրումները, հետևաբար նաև՝ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը և այլ հանգամանքներ: Մի խոսքով, հարցն ավելի շատ էմոցիոնալ, քան մասնագիտական քննարկումների առարկա դարձավ:

Իսկ ի՞նչն էր խնդիրը: ԱՎԾ-ն հրապարակեց թարմ տվյալներ, որոնցից պարզ էր դառնում՝ որ 2012-2016 թթ. տնտեսապես ակտիվ բնակչության՝ 16-59 տարեկան տղամարդկանց և 16-54 տարեկան կանանց թիվը նվազել է մոտ 200 հազարով: Ու արդեն սկսվե՜ց… Միանգամից այս ցուցանիշով մեկնաբանեցին տնտեսական աճն ու հետևաբար հասարակ մահկանացուների սոցիալական վիճակը: Այս համատեքստում լրագրողները հարց ուղղեցին նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, թե ինչպես է այս պայմաններում տնտեսական աճ ապահովվելու, ինչին նախարարը պատասխանեց, թե դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են և իրար կապակցելն այնքան էլ ճիշտ չէ:

Իհարկե նախարարը ճիշտ է, որ սրանք միանգամայն տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, հնչողությամբ իրար մոտ «տնտեսապես ակտիվ բնակչություն» և «տնտեսական ակտիվություն» հասկացությունները չպետք է կապել իրար, իհարկե կարող է պատահել նաև, որ տնտեսապես ակտիվ բնակչությունը նվազի, բայց տնտեսական աճ լինի, երբ, դիցուք, երկրում տեխնոլոգիական լուրջ առաջընթաց լինի, տնտեսվարողները սկսեն նոր ու առաջադեմ տեխնոլոգիաներ կիրառել և չմնալ ավելացված արժեք ստեղծելու ունակ մարդկանց հույսին: Բայց դե տեսությունն ասում է մի բան, իսկ կյանքն ապացուցում է բոլորովին այլ բան: Այն, որ Հայաստանում կտրուկ տեխնոլոգիական առաջընթաց չի գրանցվել, ակնհայտ է:

Բայց մի հետաքրքիր ցուցանիշ էլ կար ԱՎԾ-ի հրապարակած տվյալներում. ոչ միայն տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակն է նվազել, այլև դրան զուգահեռ՝ գործազուրկների թիվն ավելացել: Այ դա արդեն մտահոգիչ է: Ու այստեղ, իրոք, հարց է առաջանում, այդ ի՞նչ կախարդական հնարքի շնորհիվ է, որ տնտեսությունն աճում է, հետն էլ՝ գործազուրկները: Մի՞թե խոսքը դարձյալ տեխնոլոգիական թռիչքի մասին է, որի պայմաններում, ենթադրենք, ինչ-որ գործարանատեր սկսել է ինչ-որ ավտոմատացված ու խիստ արդյունավետ համակարգ կիրառել, որի շնորհիվ ստեղծվող արժեքն ավելացել է, իսկ աշխատողի անհրաժեշտությունը՝ վերացել: Որքան մտածում ենք, պատասխանը ստացվում է «01-99» ֆիլմի գլխավոր հերոսի խոսքերով. «Ա՛յ մարդ, ասինք չէ, էլի, нет»: Իհարկե, զուտ որպես ցուցանիշ, հենց այդպես էլ ստացվում է, տնտեսապես ակտիվ բնակչությունը նվազել է, գործազրկությունը՝ ավելացել, բայց տնտեսությունը աճում է, և դա ԱՎԾ-ի արձանագրած ցուցանիշն է, որտեղ որակական կողմի վրա շեշտ չի դրվում: Ու այս առումով, իրոք, ԱՎԾ-ի հրապարակած այլ տվյալներով ստացվում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն, այսինքն՝ տնտեսությունը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 5.5 տոկոսով:

Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. այդ աճի մեջ առյուծի բաժին ունեն առևտրի և ծառայությունների ոլորտները: Սա, թերևս, համապատասխանում է իրականությանը, որովհետև անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ այս տարի մեր երկրում հատկապես շատ են երևում օտարերկրացի զբոսաշրջիկներ, որոնք էլ հենց առևտրի ու ծառայությունների աճի հիմնական «մեղավորն» են: Վերոհիշյալ աճի 5.5 տոկոս ցուցանիշից միայն 0.6 տոկոսն է եղել արդյունաբերության աճը, իսկ գյուղատնտեսությունն ու շինարարությունը հակառակը՝ խանգարել են, որ մեր տնտեսությունն ավելի շատ աճի: Իսկ եթե հաշվի առնենք, որ հատկապես գյուղատնտեսության մեջ որքան մարդ է զբաղված ու ինչ դեր ունի այս ոլորտը մեր տնտեսության համար, մեղմ ասած, տնտեսական աճի մասին խոսելիս մի քիչ ավելի համեստ կեցվածք պիտի ընդունեն պատասխանատու պաշտոնյաները: Ի դեպ, մեկ էլ պարզվում է, որ արդյունաբերության աճն էլ հիմնականում պայմանավորված է եղել հանքարդյունաբերության աճով և ծխախոտի ու կոնյակի արտադրության աճով: Միգուցե սա ուրախալի է, բայց նայած, թե որ կողմից ես նայում, հատկապես՝ հանքարդյունաբերությանը: Որովհետև առաջին հարցը, որ միանգամից ծագում է, հետևյալն է. իսկ մեր ընդերքը քանդել-վաճառելը՝ իր լուրջ էկոլոգիական խնդիրներով հանդերձ, ու դրանով աճ ապահովելը, հատկապես երբ հանքարդյունաբերության ոլորտում ներկայիս աճի համար պետք է «շնորհակալ» լինենք նախորդ տարիներին սկիզբ դրված ծրագրերին, արդյոք պարծենալու հիմք տալի՞ս են:

Ինչևէ, տնտեսության մասին խոսելիս չանդրադառնալ հատկապես օտարերկրյա ներդրումների հարցին, ինչքան էլ ուզենք, չի ստացվում: Մանավանդ որ այս տարեսկզբին վարչապետն առաջիկա տարիների համար 3.2 մլրդ, իսկ միայն այս տարվա համար մոտ 850 մլն դոլարի ներդրումներ էր խոստանում: Եվ պարզվում է, որ այս տարի օտարերկրյա ներդրումների ներհոսքը 25 մլրդ դրամով քիչ է եղել, քան արտահոսքը: Ընդ որում, անցած տարվա համեմատ, ներդրումների զուտ ներհոսքի բացասական ցուցանիշը աճել է մոտ 10 մլրդ դրամով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով ևս իրավիճակն ավելի վատ է, քան անցած տարի, որովհետև այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքը նվազել է շուրջ 1.2 միլիարդով: Բայց այստեղ մի շա՜տ նուրբ հանգամանք կա. զուտ ներդրումների մի զգալի մասն էլ այս կառավարության հետ կապ չունի, նախկինում մեկնարկած ծրագերի շարունակությունն է, օրինակ՝ նույն հանքարդյունաբերության ոլորտում:

Մի խոսքով, որքան էլ դրական ենք փորձում տրամադրվել, միևնույն է, վիճակը տխուր տպավորություն է թողնում:

Վերադառնալով տնտեսապես ակտիվ բնակչության խնդրին՝ նշենք ամենավտանգավոր միտումը, որ ցույց են տալիս հրապարակված թվերը: Եթե 2012 թ. տնտեսապես ակտիվ բնակչությունը 576 հազարով էր գերազանցում ոչ ակտիվ բնակչությանը, ապա 2016 թ.՝ 441 հազարով: Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է սա նշանակում, պետք է նշենք, որ տնտեսապես ակտիվ բնակչությունն է պահում տնտեսապես ոչ ակտիվ բնակչությանը՝ ծերերին ու երեխաներին: Ու որքան տնտեսապես ակտիվ բնակչության թիվը մոտենում է ոչ ակտիվ բնակչության թվին, այնքան ավելանում է սոցիալական բեռը: Իսկ եթե հաշվի առնենք, որ տնտեսապես ակտիվ բնակչությունից էլ ոչ ակտիվ բնակչությանը պահում է միայն աշխատող հատվածը, ապա պատկերն ավելի մտահոգիչ է դառնում: Թե նման պայմաններում ինչ է սպառնում մեր երկրի տնտեսությանը, հետևաբար նաև ամբողջ երկրին՝ բոլոր ոլորտներով ու բնագավառներով հանդերձ, անգամ չենք էլ ուզում պատկերացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: