Հայերեն   English   Русский  

​Հնարավոր չէ՞ երեխա ունենալը դարձնել «շահավետ»


  
դիտումներ: 3684

- Գիտեմ, որ ամուսնացել ես,- դեմքի հարցական արտահայտությամբ ինձ է նայում դպրոցական ընկերս՝ Գարիկը:

- Հա, արդեն հինգ տարի,- պատասխանում եմ ու հիշեցնում, որ կինս մեր զուգահեռ դասարանցի էր,- ոնց որ տեղյակ չես՝ երկու երեխա ունեմ արդեն, երրորդն էլ շուտով կծնվի:

- Երկուսն ունես, մեկն էլ պիտի ծնվի՞, լավ էլ ռիսկով ես, հերոսության պես մի բան ես անում:

- Ինչի՞, Գարիկ ջան, երեք երեխա ունենալը հերոսությո՞ւն է, մարդիկ չորսը, հինգն են ունենում,- ասում եմ ու մտածում` կհամարձակվե՞մ, արդյոք, իրականում հինգ երեխա ունենալ:

- Դե էս օրերում ու մեր երկրում երկու երեխան արդեն լուրջ առաջընթաց է, երրորդի մասին մտածե՜լը,- ծոր տալով ասում է Գարիկն ու շարունակում,- կարծես գործերդ լավ են, վստահ ես, որ կկարողանաս պահել:

- Էհ, պիտի պահենք, ճարներս ինչ, առանց էն էլ օր- օրի նվազում ենք,- փորձում եմ կատակել:

-Չէ՝ շատ դժվար է, երեխա պահել-մեծացնելն էսօր շատ դժվար է, դրա համար էլ բնակչությունն օր-օրի նվազում է, նախ՝ ջահելությունը չի էլ ուզում երկուսից ավելի երեխա ունենալ, ծնվելուց հետո էլ մտածում են` ոնց անեն, որ մի արտասահմանյան երկրի քաղաքացիություն դասավորեն իրենց երեխեքի համար, վաղը, մյուս օրը բանակի խնդիր կա, հազար ու մի հարց կա, ախպե՛ր ջան: Երեխեքիդ համար էլ պիտի մտածես՝ պամպերսի փողը ոնց աշխատես, ոնց կերակրես, ոնց հագցնես, մանկապարտեզ ոնց ուղարկես, ի՞նչ կրթություն է ստանալու, կարողանալո՞ւ ես որակյալ կրթության տալ, ու ո՞նց է ապրելու էս երկրում, որտեղ վիճակը գնալով վատանում է, էդ վատանալու վերջն էլ չի երևում: Մի խոսքով, հարցերը հաստատ ավելի շատ են, քան պատասխանները: Բայց դե լավ, քանի էստեղ ես, մի բան անենք՝ մեր դպրոցական ընկերներով հավաքվենք…

Ասում եմ, որ լավ միտք է, ու հենց այդ բարի նոտայի վրա էլ ցտեսություն եմ ասում Գարիկին ու մտածում՝ իրոք որ Հայաստանում երեխա լույս աշխարհ բերելն ու նրան արժանապատիվ կյանքով ապահովելը լուրջ խնդիր է: Պետությունն ընդամենը առաջին երկու երեխայի համար ծնվելիս չնչին միանվագ գումար է տալիս, երրորդի դեպքում՝ իհարկե մի քիչ շատ, բայց միևնույն է: Մայրերին էլ` ամսական չնչին գումար որպես նպաստ: Երեխայի մանկապարտեզի հարցերը լուծելը խնդիր է, հագուստը, պարագաները, իրերը՝ թանկ:

Բայց չէ՞ որ մեր երկրում այսօր ժողովրդագրական վիճակը, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է. ՄԱԿ-ի տվյալներով` Հայաստանն արդեն ծերացած բնակչություն ունի, վերարտադրման գործակիցն այնքան է իջել, որ մեր երկրում պարզ վերարտադրողականության խնդիր կա, մինչդեռ պատերազմող երկիր ենք, որին անընդհատ նոր ծնունդներ են պետք: Էլ չասենք մնացած հանգամանքների մասին: Գարիկի խոսքերը մտքիցս դուրս չեն գալիս. հաստատ պատահական չէ, որ հենց Սյունիքում ամենից շատ` 9 դպրոց առաջին դասարան չի ունեցել: Ու ոչ ոք էլ չի կարող մեղադրել երիտասարդ զույգերին, որ չեն ձգտում շատ երեխաներ ունենալ: Ունենան՝ ինչպե՞ս պահեն, դաստիարակեն, ապահով ու բարեկեցիկ կյանք ապահովեն, ապագան երաշխավորեն… Չէ, չի ստացվում:

Ու հիշում եմ, թե մեզ պես ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներն ինչեր են անում, որքան միջոցներ են ծախսում ու ջանքեր գործադրում իրենց այդ խնդիրը լուծելու համար: Օրինակ՝ սկանդինավյան երկրները, որտեղ այս ուղղությամբ ամենից շատ միջոցներ են ծախսվում, ամենից շատ խթանող միջոցառումներ իրականացվում, պետական աջակցություն տրամադրվում, արտոնություններ սահմանվում: Կամ Ֆրանսիան, որտեղ տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դոլար գումարներ են ծախսում, որպեսզի ֆինանսապես շահագրգռեն երիտասարդներին շատ երեխաներ ունենալ, Գերմանիան, որտեղ ամբողջ ինստիտուտներ են ներդրվում, որպեսզի մի կողմից ծնելիությունը բարձրանա, մյուս կողմից՝ ծերացած ազգաբնակչությունը հնարավորինս երկար տնտեսական արժեք ստեղծի և երկրի ու հասարակության համար «բեռ» չդառնա:

Հայաստանում էլ կան տարբեր ծրագրեր. էլ երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան, էլ երկու և ավելի երեխաներ ունեցողներին պարտադիր ծառայությունից զորացրման արտոնություն, էլ վճարովի կրթության դեպքում տարբեր հիմնադրամների միջոցով ուսման վարձի փոխհատուցում, է՛լ գործազուրկների աջակցության տարբեր ծրագրեր և այլն: Միևնույն է, չի օգնում: Ինչպե՞ս օգնի, եթե երիտասարդ ընտանիքները մատչելի բնակարան ձեռք բերելու համար գոնե պետք է աշխատանք ու կայուն աշխատավարձ ունենան, այնինչ գործազրկությունը երիտասարդության շրջանում գլխավոր խնդիրներից մեկն է, միջին աշխատավարձն էլ այնքան համեստ է, որ հավելյալ խոչընդոտ է դառնում, որպեսզի երիտասարդ զույգն ազատ ու առանց մտահոգվելու մտնի ծանր ու երկար վարկային բեռի տակ: Դեռ կանխավճարի պահանջն էլ մի կողմից, որը ձեռք բերելու երազանքով շատ երիտասարդներ մեկնում են արտագնա աշխատանքի, բայց հենց ոտքները դուրս է ընկնում՝ էլ Հայաստան վերադարձողը չեն: Պարզ է նաև, որ պետությունն այնքան ռեսուրսներ և ուժ չունի, որ մեծ միջոցներ հատկացնի նման հարցերին. ինչ կարողանում, այն էլ անում է: Ու կարծես դառնում է փակ շրջան:

Բայց մի՞թե հնարավոր չէ բազմաթիվ ծրագրեր, որոնք պետությունն այսպես թե այնպես իրականացնում է, միավորել, ստեղծել հետաքրքիր պրոդուկտ, որ երիտասարդները շահագրգռված լինեն թե՛ ընտանիք կազմելու, թե երկրում մնալու և թե՛ աշխատելու ու երեխաներ լույս աշխարհ բերելու հարցերում: Օրինակ՝ նույն երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարան ծրագրի պես մի բան էլ կարելի է անել, բայց ավելի արդյունավետ, էկոնոմ բնակելի տների նախագծերի վրա էլ տարածել (պետությունը նման օրինակելի նախագծեր էլ ունի), դրան հավելել նաև էներգաարդյունավետության բաղադրիչը (այդպիսի առանձին բաղադրիչ էլ կա), դրան կցել նաև մշակված բիզնես գործունեության ձևեր, որոնք կարելի է իրականացնել բնակելի առանձնատների տնամերձ հողակտորների վրա, օրինակ` ջերմոցային տնտեսություններ, փոքրիկ արտադրություններ, ընտանեկան բիզնես, որը մասնագետները հնարավոր ու հարմար կհամարեն, ու այդ ամենի համար գումարային ռեսուրսներ էլ ստեղծել մատչելի վարկերի տեսքով, ընդ որում, դրանց տոկոսադրույքներն էլ, երեխաների թվով պայմանավորված, նվազման միտումով փոփոխվող դարձնել ու այդ մեկ ամբողջական փաթեթով տրամադրել երիտասարդ ընտանիքներին: Այսինքն՝ լինի մի փաթեթ, որի շնորհիվ երիտասարդ զույգն իմանա, որ կարող է տուն ունենալ, այդ տունը լինի նաև ընտանեկան բիզնես, որն էլ կապահովի թե՛ վարկային պարտավորության կատարումը, թե՛ ընտանիքի զբաղվածության, վաստակի ու արժանապատիվ կյանք ունենալու հնարավորությունները, և թե՛ շահագրգռող կլինի, զույգը կիմանա՝ յուրաքանչյուր հաջորդ երեխան լույս աշխարհ բերելուց հետո տոկոսադրույքները նվազելու են:

Մի խոսքով, մի ծրագիր, որը կօգնի թե՛ տնտեսությունն աշխուժացնել, թե՛ սոցիալական, տեխնոլոգիական ու՛ ժողովրդագրական խնդիրներ լուծել: Միգուցե երազում ենք: Համենայն դեպս, Գարիկի ասածի պես, մարդիկ, երեխան ծնվելու պահից սկսած, չեն մտածի նրան մի որևէ այլ երկրի քաղաքացի դարձնելու կամ արտագաղթելու մասին:

Իսկ մինչ այդ՝ երկուսից ավելի երեխաներ ունենալը համարվելու է հերոսություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: