Հայերեն   English   Русский  

​Եթե կյանքը քեզ թթու կիտրոններ է տալիս, ուրեմն պետք է դրանցից հաճելի լիմոնադ պատրաստես


  
դիտումներ: 5508

«Առասպել է, թե Հայաստանը լճացած տեղ է, ու այստեղ հնարավոր չէ ոչինչ անել, կամ անպայման պետք է քաղաքականության մեջ լինես, ինչ-որ մեկին քծնես, որպեսզի ինչ-որ բանի հասնես, կամ էլ պետք է շատ ուժեղ թիկունք ունենաս: Ես կարծում եմ, որ աշխատող մարդը, ով իսկապես աշխատելու ցանկություն ունի, նախաձեռնող է, չի մեղադրում շրջապատին, հաստատ ինչ-որ բան կգտնի անելու` լինի փոքր թե մեծ: Գործը սկսվում է նաև փոքրից ու ընթացքում դառնում մեծ»,- նշում է «Թաի տուն» թաիլանդական մերսման սրահների համահիմնադիր Աշոտ Փարսյանը:

Սպա սրահներ հիմնելը նրա առաջին բիզնես-նախագիծը չէր. մինչ այդ նա արդեն հասցրել էր հիմնել Իսպանական կենտրոնը` իսպանախոս երկրների լեզուն ու մշակույթը ներկայացնող մի կրթամշակութային կենտրոն: Բացի դա, որպես հեղինակ և պրոդյուսեր նաև երեք ֆիլմ էր նկարահանել Կուբայի, Մեքսիկայի և Շոտլանդիայի ազգային խմիչքների մասին, ինչը ևս որոշակի կոմերցիոն տարրեր էր պարունակում: Հետաքրքիր էր նաև Երևանում ավանդական թաիլանդական մերսման սրահներ ստեղծելու մտահղացումը, որոնք լինելու էին թաիլանդական մշակույթի, կոլորիտի, միջավայրի խորհրդանիշներ: Այս գաղափարը ծագեց պատահաբար, երբ Աշոտ Փարսյանն ընկերների հետ ճանապարհորդում էր Թաիլանդում:

«Պատահաբար միտք ծագեց գործունեություն իրականացնել նաև սպա ոլորտում: Իմ բնավորության համաձայն, անգամ հանգստանալիս ես միշտ փորձում եմ ինչ-որ հետաքրքիր մտքեր գեներացնել: Թաիլանդ այցելության ժամանակ կյանքում առաջին անգամ փորձեցի մերսում ու ոչ միայն թաիլանդական մերսում: Մինչ այդ երբեք սպա սրահներ չէի այցելել, դրանք միշտ իմ հետաքրքրության շրջանակներից դուրս են եղել: Այնտեղ տղաներով առաջին անգամ մերսումից օգտվեցինք, բավականին հետաքրքիր էր: Երբ երկրորդ-երրորդ անգամ այցելեցինք, մտածեցինք, որ Հայաստանում կարծես նման հետաքրքիր բան չկա, կամ գուցե կար, բայց ես տեղյակ չէի: Երբ վերադառնալուց առաջ մի անգամ էլ այցելեցինք սպա սրահ, արդեն սկսել էի լրջորեն մտածել այդ ուղղությամբ, ու երբ վերադարձանք Երևան, ես ու գործընկերս՝ Վարդան Ասրյանը, ով նաև իմ վաղեմի ու մտերիմ ընկերն է, սկսեցինք քննարկել, թե ինչպե՛ս և ի՛նչ միջոցներով կարելի է փորձել այդ միտքը կյանքի կոչել ու առանց հապաղելու գործի անցանք: Դա 2012 թվականն էր»,- պատմում է Աշոտ Փարսյանը:

Նրա կարծիքով` ցանկացած բիզնես ձեռնարկելուց առաջ երկար մտածելը կարող է ինչ-որ տեղ հետ պահել այն սկսելու մտքից: Սեփական փորձով ասում է` եթե սպա սրահ բացելու գաղափարի վրա երկար մտածեին, լավ հաշվարկեին, իրական դժվարությունները պատկերացնեին, գուցե երբեք էլ չսկսեին, քանի որ, օրինակ, իրենց նախատեսած նախնական ներդրումները մոտ երկու անգամ ավելի քիչ էին իրական ներդրումներից: Ցանկացած բիզնեսում, նշում է մեր զրուցակիցը, պետք է ռիսկ լինի` եթե ինչ-որ բիզնես իր մեջ ռիսկ չպարունակի, ապա դա բիզնես չէ: «Այսինքն` այդ դեպքում դրանով կարող է զբաղվել ցանկացած մարդ. եթե դու հստակ պլանավորում ես ու գիտես, որ ինչ-որ կոնկրետ ժամանակ հետո ինչ ես ստանալու, կգնաս բանկից գումար կվերցնես, գործ կդնես ու միանգամից միլիոնատեր կդառնաս: Հետևաբար, ռիսկն ու ինչ-որ նոր բան փորձելու պատրաստակամությունը բիզնեսում ամենամեծ գործոնն են»,- շեշտում է նա: Եվ այսպես, 2012-ին` իրենց լրիվ անծանոթ սպա ոլորտում ծրագիր սկսելու մտահղացումից անմիջապես հետո, երկու ընկերներով որոշում են այն կյանքի կոչել:

Աշոտ Փարսյանը նորից վերադառնում է Թաիլանդ ու սկսում փնտրտուքը: Հենց այդ պահից էլ սկսվում է անսպասելի ու անպատկերացնելի դժվարությունների շարքը: Նա պատմում է, որ թաիլանդացիները նման չեն մեր մարդկանց, կասկածամիտ են, զգուշավոր, հաճախ կարող են ինչ-որ բան խոստանալ ու հետո կորչել: Բացի այդ, ոչ մի թաիլանդացի չէր ուզում Հայաստան գալ ու այստեղ աշխատել, քանի որ նախ՝ Հայաստանի տեղը չգիտեին, հետո՝ երբ իմանում էին, որ նոր բիզնես է, որ անգամ սպա սրահը դեռ պատրաստ չէ, խուսափում էին: Բայց Աշոտը որոշում է չհանձնվել: Ու տրամադրության տակ ընդամենը 20 օր ունենալով` միանգամից անցնում է գործի. այցելում է տասնյակ մերսման դպրոցներ, հանդիպում բազմաթիվ մերսողների հետ, ուսումնասիրում Թաիլանդը, տեղի մշակույթը, կոլորիտը, արժեհամակարգը, կենցաղավարությունը, այցելում է թաիլանդական գյուղեր, ծանոթանում թաիլանդցիների նիստուկացին, սովորույթներին, դրան զուգահեռ էլ մտածում, թե ինչպիսին պետք է լինի ապագա սպա սրահը, ինչ նյութեր, իրեր, դեկորացիաներ են անհրաժեշտ ու սկսում դրանք գնել: Մի խոսքով, ճանապարհորդական ռոմանտիկայից ոչ մի նշույլ: Այնտեղ Աշոտին շատ օգնում է նրա թաիլանդցի ընկերուհին` կապ հաստատելու տեղացի մասնագետների հետ, մի շարք անհաջող փորձերից հետո նրանց հաջողվում է գտնել երկու մասնագետի, ովքեր, ի վերջո, համաձայնում են գալ ու աշխատել Հայաստանում: Այդ քսանօրյա տառապալի վազվզուքի մասին էլ Փարսյանը ժպտալով ասում է` այնքան դժվարություններ ու խոչընդոտներ եղան, կարելի է ասել` ամեն քայլափոխի, որոնցից յուրաքանչյուրը այդ գաղափարն ու ձեռնարկը թողնելու և վերադառնալու առիթ էին: Բայց նա չի հանձնվում: Այդպես, 2 ամիս հետո՝ 2012 թվականի ապրիլի 7-ին, Երևանում բացվում է «Թաի տունը»:

Թաի տուն

«Բիզնեսի մեկնարկից սկսած՝ ամբողջ ընթացքում պարբերաբար բազմաթիվ խնդիրներ էին ծագում, որոնցից յուրաքանչյուրի դեպքում դարձյալ կարելի էր փակել սրահի դռներն ու այլ գործով զբաղվել: Բայց այդ ամենին մեր պատասխանը եղավ ընդլայնվելն ու ծավալվելը: Իմ պատկերացմամբ այսպես է՝ եթե ուզում ես, որ քեզ չուտեն, ուրեմն պետք է աճես. ընդ որում, սա ցանկացած բիզնեսում և ոչ միայն մեր՝ սպա ոլորտում: Այսինքն՝ երբ նկատում ես, որ մարդիկ սկսում են կողքից փորձել կրկնօրինակել քեզ, կրկնել այն, ինչ անում ես, ուրեմն պետք է ավելին անես, բոլորից առաջ անցնես»:

«Թաի տան» բիզնեսի ամբողջ գաղափարն այն էր, որ թաի մերսման մասնագետները պետք է ապրեին հենց սրահում՝ իրենց նիստուկացով ու ավանդույթներով, որպեսզի այցելուները զգան, որ եկել են թաիլանդացիների տուն՝ ավանդական թաիլանդական մերսում փորձելու: Դրանով էլ պայմանավորված էր «Թաի տուն» անունը: «Մեր ստեղծածն ամբողջությամբ, սկսած գաղափարից, մարքեթինգի քայլերից, բիզնեսի վարման ձևից, ամեն ինչը մեր սեփական գաղափարն էր, ու երբ մրցակիցներ հայտնվեցին, որոնք փորձում էին պարզապես կրկնօրինակելով ինչ-որ նման բաներ անել, նրանք որոշ ժամանակ անց անհաջողության մատնվեցին ու փակվեցին: Երբ չգիտեն` ի՞նչ են անում, ինչո՞ւ են անում, ո՞ւր են ուզում գնալ, այլ զբաղված են միտք գողանալով, այդպես է լինում, ձախողվում են: Իսկ քանի որ մենք ունեինք գաղափարների գեներացում, բազմաթիվ պահեստային գաղափարներ, հետևաբար, միշտ ավելին էինք անում, քան իրենք, միշտ առաջինն էինք, միշտ նոր բան էինք առաջարկում ու մի քանի քայլ առաջ էինք բոլորից»,- պատմում է «Թաի տան» հիմնադիրը:

Ու այդպես՝ մրցակցության բովում էլ որոշում կայացվեց երկրորդ սրահը բացելու, և այսօր արդեն չորս սրահ է գործում: Այս առումով Աշոտ Փարսյանը շատ կարևոր դիտարկում է անում. «Պետք է ոչ թե վախենալ, ընկրկել, ուշադրությունը կենտրոնացնել հավանական կամ առկա մրցակցի վրա, այլ ուշադրությունը սևեռել սեփական բիզեսի վրա, ոչ թե զբաղվել չարախոսելով կամ սևացնելով, այլ զբաղվել սեփական հեղինակությունը բարձրացնելով: Որովհետև երբ չարախոսում ես, միևնույն է՝ դրանով քո ռեյտինգը չի բարձրանում: Այս դեպքում մենք սկսեցինք աշխատել մեզ վրա, մեր անունը բարձրացնելով, մյուսներն ինչ կուզեին, թող անեին»:

Ու այսպես, երկու երիտասարդ ընկերները, ովքեր որոշել էին մտնել մինչ այդ իրենց բացարձակ անծանոթ ոլորտ ու զբաղվել սպա բիզնեսով, որի իդեան ոչ միայն սպա սրահն էր, այլև թաիլանդական միջավայր ստեղծելը, կայացան իրենց նոր ընտրած ոլորտում: Այնպես կայացան, որ արդեն սկսեցին գործնական տարբեր առաջարկներ ստանալ ու ամրապնդել դիրքերը շուկայում:

«Հայտնի խոսք կա, ասում է՝ երբ կյանքը քեզ լիմոններ է տալիս, ուրեմն պետք է դրանից լիմոնադ պատրաստել. դա ինձ համար կյանքի կարգախոս է դարձել, որովհետև շատերը կարող են կիտրոնից թթու դեմք ընդունել ու ասել, որ կյանքի թթվությունն են ճաշակում, իսկ ես փորձում եմ անգամ դրանք օգտակար ու հաճելի ինչ-որ բան դարձնել: Շատերը դժվարություններից, բարդություններից տխրում են, հիասթափվում են, իսկ ինձ մոտ ճիշտ հակառակն է: Երբ կյանքում դժվարություններ եմ ունենում, սկսում եմ հասկանալ, որ սա ինչ-որ լավ ուղղությամբ է տանում, ուրեմն մենք արդեն լճացել ենք, ու այս դժվարությունը ազդակ է, որ պետք է նոր թափ հաղորդել գործին, նոր ձևով առաջ գնալ: Իսկ երբ միջավայրդ բարենպաստ ու հանգիստ է, արդեն չես մտածում առաջացող դժվարության մասին, այլ մտածում ես` ամեն ինչ լավ է, նստեմ ու վայելեմ, իսկ այդպես զարգացում չի լինում»,- նշում է մեր զրուցակիցն ու հավելում` խոչընդոտը խթանի վերածելը մարդկային բնավորության հարց է ու այս առումով իր օրինակով ասում է` մարդ պետք է միշտ փորձի շրջապատի անգամ ամենաանբարենպաստ պայմաններն օգտագործել ու դրանք դարձնել նոր հնարավորություններ:

Բայց նաև պետք է զանազանել միտք գեներացնելն ու միտքն օգտագործելը: Այս առումով Փարսյանը բերում է իր որոշ ընկերների օրինակը, ովքեր միշտ լավ բիզնես գաղափարներ են ունենում, ասում են, որ կիրականացնեն, բայց այդպես էլ խոսքից ու երազանքից գործի չեն անցնում: Իսկ նույնիսկ լավագույն գաղափարը, առանց տքնաջան աշխատանքի, նշում է մեր զրուցակիցը, հաջողություն չի ունենա: Այդ ճանապարհին էլ չպետք է մտածել, որ նոր ոլորտից գիտելիքներն են պակաս, կամ երկիրը երկիր չէ, միջավայրն է անբարենպաստ: Հատկապես գիտելիքների առումով, նշում է նա, միշտ կարելի է սովորել, առավել ևս հիմա, երբ համացանցով հնարավոր է գտնել ցանկացած տեղեկատվություն: Ու վերջում Աշոտ Փարսյանը թվարկում է հաջողության բաղադրիչները` միշտ պետք է լինել ուշադիր` ցանկացած գրավիչ մտքից կառչելու համար, փորձել լինել յուրահատուկ ու տարբերվող, միշտ փնտրել հնարավորություններ` ցանկացած բնագավառում, լինել աշխատասեր, անհապաղ գործի անցնել, միշտ աշխատել, միշտ նոր բան սովորել, կատարելագործվել, գործել օրինական դաշտում, որպեսզի ազատ ու անկաշկանդ լինես ու նաև միշտ պետք է ճիշտ գործընկեր ընտրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: