Հայերեն   English   Русский  

ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ


  
դիտումներ: 21048

Հայոց ձորի ճակատամարտը հայոց պատմության թերևս ամենակարևոր դրվագն է: Այս ճակատամարտում տապալվեց Տիտանյան Բելը, և Հայկ Աղեղնավորը փաստեց հայի հարատևելու իրավունքը: Բացի այդ, Հայոց ձորի ճակատամարտը համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ հանդիպակաց մարտի առաջին նկարագրված օրինակն է:

Այս ճակատամարտի մասին մեզ տեղեկացնում է պատմահայր Մովսես Խորենացին: Ցավոք, Հայկի և Բելի պատումի մասին աղավաղված տվյալներ են հասել: Մեզ հասած Խորենացու ամենահին մատյանը վերագրվում է IX դարին, պատմահոր մահից կես հազարամյակ անց է արտագրվել: Եվ ո՞վ գիտի, թե քանի անգամ է այն խմբագրվել հայ կղերականների կողմից: Այն կղերականների, որոնք նախ թունավորելով սպանեցին պատմահայր Խորենացուն, ապա պղծեցին նրա շիրիմը՝ ոսկորները հանելով գերեզմանից և լցնելով Ողջի գետը…

Բայց նախ՝ Բաբելոնյան աշտարակաշինության մասին:

Ավանդույթի համաձայն՝ Բաբելոնի տիրակալը՝ Տիտանյան Բելը, իր մոտ է հրավիրում բոլոր ազգերի առաջնորդներին: Երբ հավաքվում են բոլորը, Բելը նրանց կարգադրում է բարձր աշտարակ սարքել: Բոլորը ենթարկվում են Բելին, բացի արի Հայկից, որ թողնում է Բաբելոնն ու իր զավակների հետ վերադառնում հայոց երկիր:

Սակայն, համաձայն ավանդապատումի, աստված, տեսնելով կառուցվող աշտարակը, խառնում է մարդկանց լեզուները, որպեսզի նրանք չհասկանան միմյանց, և աշտարակաշինությունը դադարում է:

Բաբելոնյան աշտարակաշինության մասին բիբլիական ավանդապատումը փոքրիկ լրացումներով մեզ է ավանդել Մովսես Խորենացին: Սակայն այստեղ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ:

Եթե Բելը Բաբելոն է հրավիրել աշխարհի ազգերի առաջնորդներին, ուրեմն արդեն լեզուները բաժանված էին: Չէ՞ որ ազգերը միմյանցից հենց լեզվով են տարբերվում:

Ի՞նչ է ցանկացել մեզ հաղորդել քերթողահայրը: Գուցե խոսքը աստվածների՞ գոտեմարտի մասին է:

Հին Արևելքում մարդիկ իրենց երկրպագած աստվածների արձանները դնում էին բարձր աշտարակների վրա: Եվ տվյալ դեպքում աշտարակ կառուցել հավանաբար նշանակում է երկրպագել որևէ աստծո: Գուցե սույն պատումի տակ թաքնված է այն իրողությունը, որ Բելը, հավաքելով աշխարհի բոլոր ազգերի ավագներին իր մոտ, նրանց կարգադրում է երկրպագել իր աստվածներին: Եվ բոլոր ազգերի ավագները համաձայնում են, բացառությամբ Թորգոմի որդի արի Հայկի, որ իր զավակների հետ հեռանալով Բաբելոնից՝ գալիս հաստատվում է իր հայրենական երկրում՝ Արարատում:

Բելն իր որդու գլխավորությամբ դեսպանություն է ուղարկում Արարատի երկիր՝ փորձելով համոզել Հայկին վերադառնալ: Սակայն Հայկը մերժում է:

Տիտանյան Բելը տեսնելով, որ ապարդյուն է համոզել Հայկին, խրոխտ ու հպարտ արորդին չի ցանկանում հնազանդվել իրեն, պատրաստվում է ահեղ պատերազմի:

Մարտի է պատրաստվում նաև Հայկը, որ հավաքում է իր ուստրերին, թոռներին, զենք բռնելու ունակ քաջ այրերին:

Մովսես Խորենացին Հայկ Աղեղնավորին նկարագրում է որպես գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն: Հայոց ավանդապատումների մեջ Հայկը հանդես է գալիս նաև որպես քաջագանգուր, խայտակն, վարսագեղ, գեղապատշաճ և այլ մակդիրներով:

Եվ ահա այս դյուցազնը պետք է փրկեր արմենական ազգը Բելի ճիրաններից, պետք է պահեր հայոց աստվածների պատիվն ու հայի ապրելու իրավունքը:

Բելը Հայաստան է մտնում Կորդվաց աշխարհով՝ Հայկի թոռ Կադմոսի տիրույթներով: Կադմոսի ուժերը սակավ էին, և նա նահանջում է՝ միավորվելու հայոց հիմնական ուժերին, որ Հայկի հրամանատարությամբ ընդառաջ են շարժվում Բելին: Կադմոսը, բնականաբար, փախուստի չի դիմում, այլ մանր, պարտիզանական կռիվներով հյուծում է Բելի զորքը, նաև ժամանակ է շահում, որպեսզի Հայկը կարողանա համախմբել հիմնական ուժերը:

Հայկը, որպես պաշտպանվող կողմ, խնամքով ընտրում է ճակատամարտի վայրը՝ Վասպուրական աշխարհը՝ Խոշաբ գետի հովիտը՝ Վարագա (Վահագնա) լեռան և Վանա լճի մերձակայքում գտնվող բլրոտ մի դաշտ:

Եվ մ.թ.ա. 2492 թվականի Նավասարդ ամսի առաջին օրը (օգոստոսի 11-ին) Հայոց ձորի ճակատամարտում պետք է վճռվեր աշխարհի բախտը (ճակատամարտի տարեթիվն ու օրը վիճահարույց են, ուստի և պայմանական):

Մովսես Խորենացին, նկարագրելով Հայոց ձորի ճակատամարտը, իրար բախվող երկու բանակներում հեծելազոր չի հիշատակում: Խոսքը միայն հետևակ զորքի մասին է: Սա կարևոր վկայություն է փաստելու համար, որ ճակատամարտը վաղնջական շրջանում է եղել, երբ դեռևս ռազմի նպատակներով ձի չի գործածվել: Չի եղել հեծելազոր, չեն եղել նաև մարտակառքեր: Այսինքն՝ խոսքը մեր թվականությունից առաջ III հազարամյակի մասին է:

Հայոց ձորի ճակատամարտը համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ հանդիպակաց մարտի առաջին նկարագրությունն է:

Հայկ նահապետն իր զորքը դասավորեց սեպաձև՝ կենտրոնում անձամբ կանգնելով: Զորքերի այս դասավորությունը Հայկ նահապետին հնարավորություն տվեց զրկելու թշնամուն թվային առավելությունից, քանզի թշնամին որ կողմից էլ հարձակվեր՝ հանդիպելու էր ամուր սեպի:

Ի դեպ, զորքերի այս մարտաշարքն ամենևին էլ սոսկ պաշտպանական չէր: Սեպաձև մարտակարգով կարելի էր մխրճվել թշնամու մեծաքանակ զորքի մեջ, երկու մասի բաժանել այն և բացելով սեպի թևերը՝ վերջնական ջախջախման ենթարկել ոսոխին:

Զորքերի սեպաձև մարտակարգը միջնադարում շատ կիրառեցին ֆրանկները: Նրանք այդ մարտավարության շնորհիվ հսկայական հաջողությունների հասան և իրենց ենթարկեցին գրեթե ողջ Եվրոպան: Ֆրանկները զորքերի սեպաձև մարտակարգն անվանում էին «Խոզ»:

Եվ այսպես, Հայկ նահապետը դասավորում է զորքը, ձախ թևի հրամանատարությունը հանձնում է իր թոռ Կադմոսին, աջ թևինը՝ իր որդի Արամանյակին, կենտրոնի հրամանատարությունը ստանձնում է անձամբ: Նա նաև հրամանատարների երկուական տեղակալներ է նշանակում մարտից առաջ:

Հայոց զորքի դեմ կանգնած էր Տիտանյան Բելի զորքը` խառնիճաղանջ հսկաների ամբոխով, որ անվախ կանգնած էր՝ պատրաստ հոշոտելու և ոչնչացնելու հայոց զորությունը:

Ճակատամարտի միակ նկարագրողը՝ Մովսես Խորենացին, նշում է նաև հայոց բանակի հիմնական սպառազինությունը՝ սուրն ու աղեղը: Բնականաբար, մարտակառքերի և հեծելազորի բացակայության պայմաններում սուրն ու աղեղը պետք է լինեին հիմնական զենքերը, սակայն չի բացառվում երկու բանակներում սպառազինության այլ տեսակի առկայության փաստը նույնպես: Սուրը մերձամարտի համար էր, իսկ նետուաղեղը, կարելի է ասել, այն ժամանակների հրետանին էր:

Բելին նկարագրելիս պատմահայրը նրա սպառազինության մեջ նշում է նաև նիզակի առկայությունը: Հավանաբար, Բելի բանակը նետուաղեղով զինված չի եղել:

Ինչպես կարգն էր հնում, Հայկ նահապետը ճակատամարտից առաջ ելույթ ունեցավ զորքի առջև ու ոգևորեց իր զինվորներին: Նրա ելույթի հիմքում անիմաստ նահատակության գաղափարը չէր, այլ թշնամուն ոչնչացնելու և ազատ ապրելու գաղափարը. «Կա՛մ կմեռնենք և մեր ազգը Բելի ծառայության տակ կընկնի, կա՛մ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց կտանք, նրա ամբոխը կցրվի, մենք հաղթություն կտոնենք»:

Ահա՛ հեթանոս հայի հավատամքը., ոչ թե անիմաստ նահատակվել, այլ ոչնչացնել թշնամուն:

Ցավոք, այս դասը չսերտեցին հետագա սերունդները: Ավելին, Ավարայրի օրինակը սերտելով՝ հայրենիք կորցրին:

Հայկ Նահապետը լավ գիտեր արիների օրենքը. Հայրենիքը պահպանում են ոչ թե նրա համար զոհվելով, այլ թշնամուն հարկադրելով:

Ճակատամարտի սկզբում Բելը, հույսը դնելով իր մեծաքանակ զորքի վրա, լայն ճակատով հարձակման անցավ: Բելն անձամբ էր առաջնորդում զորքը: Չնայած թշնամու զորքի մեծ ճնշմանը՝ հայոց բանակն աներեր մնաց: Սեպաձև մարտակարգն արդարացրեց իրեն, ու Հայկն իր զորքով մխրճվեց Բելի բանակի մեջ՝ փաստացի երկու մասի բաժանելով այն:

Անակնկալի գալով՝ Բելը նահանջի հրաման տվեց՝ փորձելով բարձրանալ մոտակա բլուրը, որ վերադասավորի իր ուժերը: Սակայն այդ պահին Հայկը վճռական է գործում: Դեմ դիմաց տեսնելով իր ոսոխին՝ նա առաջ է նետվում և իր լայնալիճ աղեղից արձակած եռաթև նետով ճեղքելով Բելի զրահը՝ տապալում է նրան:

Բելը սպանվում է, իսկ նրա զորքը՝ խուճապահար փախչում:

Ի պատիվ այս հաղթանակի, հայկական Ամանորը՝ տարեսկիզբը, համարվել է ճակատամարտի օրը՝ Նավասարդ ամսվա առաջին օրը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով

Մեր նախնիները Օրիոն համաստեղությունը կոչել են Հայկի անունով՝ Հայկի համաստեղություն:

Ճակատամարտից հետո Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք: Ըստ էության՝ Հայք դաստակերտը՝ Հայկաբերդը, հայոց առաջին մայրաքաղաքն է, որի ավերակները մինչ օրս գտնվում են Վասպուրականում՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում և կոչվում են Չաուշ թեփե:

Արմենական ազգը հետագայում Հայկ նահապետի պատվին կոչվեց հայ՝ հայկազուն, իսկ նրա կերպարը հետագա սերունդների կողմից անգամ աստվածացվեց: Արարատյան թագավորության ժամանակաշրջանում Հայկ նահապետը երկրի դիցարանի գլխավոր աստվածն էր՝ Խալդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: