Հայերեն   English   Русский  

Շուտով կմեկնարկի սուբսիդավորվող գյուղվարկերի ծրագիրը


  
դիտումներ: 16094

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:

Մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու և վերամշակող ընկերությունների կողմից ֆինանսական պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու նպատակով այս տարի պիլոտային ծրագիր է մեկնարկել, որի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր: Ծրագրի շրջանակում 12 ընկերությունների հայտեր արդեն հաստատվել են, վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել: Փոխնախարարն ընդգծել է, որ վարկի գումարը վերամշակողին չի տրամադրվելու, այն կնքված պայմանագրերի համաձայն մթերումից մի քանի օր անց ֆինանսական կազմակերպությունը կփոխանցի գյուղացու հաշվեհամարին:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56 միավոր տրակտոր:Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Առաջիկայում կառավարությունը կհաստատի սուբսիդավորվող վարկերի ծրագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծը` հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով` նախկին 8%-ի փոխարեն, տրամադրվող գումարի շեմ կսահմանվի 3-10 մլն դրամը` գործող մինչև 3 մլն-ի փոխարեն: Ընդ որում, սոցիալական աջակցություն ստացող համայնքների և գյուղացիական կոոպերատիվների համար տոկոսադրույքն էլ ավելի ցածր կլինի` կազմելով ընդամենը 3 %: Ծրագրից օգտվելու պարտադիր պայման է լինելու ուսուցումն ու հավաստագրումը, որը կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից, տնտեսությունը նաև պետք է վարկունակ լինի:

Ասուլիսի ավարտին Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում` «Պալաս» առևտրի կենտրոնի ետնամասում, կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Կասյան փողոցի վերջնամասում և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ այս տարվա ընթացքում արդեն կազմակերպվել է թվով 38 տոնավաճառ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: