Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը


  
դիտումներ: 2328

Ռուսաստանցի հրաշամանուկի և իտալացի կլարտնետահարի մասնակցությամբ այսօր մեկնարկում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ այս անգամ մի փոքր նորարություն կա. «Փորձել ենք լայն հասարակությանը ֆիլհարմոնիկի հետ կապել: ՀՀ-ում Արգենտինայի և Գերմանիայի դեսպանատների հետ համագործակցությամբ կազմակերպել ենք երկու կարևոր համերգ: Մեկը կլինի արգենտինյան տանգոյի երեկո և բազմաթիվ անկակնկալներ կլինեն: Մյուս համերգի ժամանակ հանդիսատեսը ներկա կգտնվի դաշնամուրային մենամարտի: Շատ հայտնի երկու դաշնակահար ամբողջ աշխարհում համերգներ են տալիս և մենամարտում հենց բեմում նվագախմբի հետ միասին և հանդիսատեսին էլ մասնակից են դարձնում»:

Փառատոնի շրջանակում կլինեն մի քանի հոբելյանական համերգներ. սեպտեմբերի 18-ին կնշվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, սեպտեմբերի 24-ի համերգով՝ ՀՀ Անկախության օրը: Սեպտեմբերի 29-ին հոբելյանական մեծ համերգով Ֆիլհարմոնիկը կտոնի մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակը:

Հոբելյանական կլինի նաև փառատոնի փակման համերգը. հոկտեմբերի 27-ին կտոնվի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը:

Փորձերից ու համերգներից հետո հյուր մենակատարները վարպետության դասեր կունենան հայ սկսնակ երաժիշտ-կատարողների հետ:

Բացման համերգը կկայանա սեպտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նվագախմբի հետ ելույթ կունենան իտալացի հանրահայտ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և 15-ամյա հրաշամանուկ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը (Ռուսաստան): Կհնչեն Մոցարտի, Չայկովսկու և Բորոդինի ստեղծագործությունները:

Ալեքսանդր Մալոֆեևը, ով արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, նշեց, որ շատ է սիրել այդ երկիրը և ուրախ է վերադարձի համար. «Սովորաբար, երբ պատրաստվում ես համերգի, շատ քիչ ժամանակ է լինում երկրին ծանոթանալու համար, զգալ մշակույթը: Սակայն նախորդ այցի ժամանակ մայրիկիս հետ բավականին երկար քայլել ենք և զգացել պատմության ներկայությունը: Մարդիկ շատ բարեհամբույր են»:

Մալոֆեևն 4-րդ անգամ կնվագի մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ.«Շատ արդյունավետ համագործակցություն է: Երբ նվագում ես նրա հետ, գիտակցում ես այն մեծ կամքի ուժը, որը նրա մեջ կա: Դա շատ օգնում է ինձ»,-նշեց նա:

Ալեսանդրո Կարբոնարեն առաջին անգամ է Հայաստանում, սակայն արդեն հասցրել է շփվել հայ երիտասարդ կլարնետահարների հետ. «Մի քանի ուսանողների համար երեկ վարպետության դաս անցկացրի: Նրանցից երեքը բավականին մեծ տաղանդ ունեին: Ինձ հատկապես ապշեցրել էր նրանից մեկը, ով ընդամենը 13 տարեկան էր: Ցավում եմ, որ ընդամենը մի քանի ժամ հասցրի շփվել նրանց հետ: Հուսով եմ՝ հաջորդ այցիս ժամանակ առնվազն մեկ օր կտրամադրեմ վարպետության դասին»,- նշեց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը սիմֆոնիկ և կամերային համերգներով Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: