Հայերեն   English   Русский  

Մեծ դժգոհություններ կլինեն, եթե անպատրաստ վիճակում ներդնենք պարտադիր բժշկական ապահովագրություն. փորձագետ


  
դիտումներ: 289

Բժշկական ապահովագրության ինստիտուտի ներդրման վերաբերյալ վերջերս հրապարակվեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» զեկույցը:

Դրանում հատկանշական են այն թվերը, թե բնակչության քանի տոկոսը անհրաժշետության դեպքում չի դիմում բժշկի: Այդ թիվը տարեցտարի աճում է. 2009 թվականին անհրաժեշտությունը գիտակցած քաղաքացիների թիվը կազմել է 12.2 տոկոս, 2012 թվականին ՝ 35,2 տոկոս, 2016 թվականին 36,8 տոկոս: Չդիմելու հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն էին:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախարարությունը մեծ ուշադրությամբ ծանոթացել է զեկույցին: Նա ընդգծեց, որ դրա տվյալները հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը:

Այդ պատճառով նախարարությունը նախաձեռնել է համակարգային փոփոխություններ: Ըստ պաշտոնյայի՝ միջազգային փորձը հուշում է, որ պարտադիր ապահովագրությունը խնդրի լուծման միակ ճանապարհն է.« Նախատեսում ենք մեր առողջական համակարգը հետզհետե վերափոխել դեպի համընդհանուր սոցիալական բժշկական ապահովագրություն ունեցող համակարգ: Ըստ գաղափարի՝ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պետք է ապահովագրված լինի»,- նշեց նա:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ պարտադիր ապահովագրություն միանգամից ներդնելը լավ միտք չի համարում. «Եթե ինձ հարցնեին՝ վաղվանից ներդնում ենք համակարգը, ես կասեի՝ չէ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այպիսի խոսք կա՝ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ մեթոդն է, բայց դրանից լավը չկա: Ապահովագրությունն էլ դրա նման բան է: Մեծ դժգոհություններ կլինեն, եթե անպատրաստ վիճակում այն ներդնենք»:

Ըստ փորձագետի՝ մինչ այդ պետք է իրազեկել հասարակությանը, բացատրել, թե պարտադիր ապահովագրությունն ինչ է: Պետք է հասկանալ, թե դա ինչ կարող է լինել բուժհաստատությունների, աշխատողների , գործատուների, բժիշկների համար. «Դիմել բժշկի դեռ չի նշանակում, որ առողջական խնդիրը կլուծվի: Մենք նաև մեկ այլ հետազոտություն էինք կատարել: Չափում էինք մարդկանց արյան ճնշումը: Նրանց, ում ճնշումը բարձր էր և նա դեղ պետք է ընդուներ, բժշկի ուղարկելու կարիք չկար: Ճնշում ունեցողների 80 տոկոսը բժշկի գնում էին և գիտեին, որ պետք է դեղ ընդունեն, բայց չէին ընդունել: Երբ բժիշկը դեղեր է նշանակում, մարդը նաև պետք է հետևի ցուցումներին: Մենք մեր առողջությանն էլ չենք հետևում»:

Փորձագետը սա համարում է թե´ մատչելիության, թե´ մշակույթի, թե´ վստահության հարց: Բժշկության նկատմամբ հավատի հարցում էլ խնդիր կա: Մարդկանց զգալի մաս ինքնաբուժությամբ է զբաղվում:

«Մարդիկ պետք է փոխեն իրենց վարքագիծը: Բժշկական ապահովագրությունը հենց այդ խնդիրը պետք է լուծի: Պետք է բարձրանա ոլորտի ընդհանուր որակը»,- ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Դավիթ Մելիք-Նուբարյանն իր հերթին նշեց, որ ավելի հակված են հետզհետե բժշկական ապահովագրության անցնելու ձևին, բայց ֆիքսված տարիների ընթացքում. «Դրա համար մենք արդեն իսկ ապահովագրեցինք100 հազար պետական ծառայողների: Հաջորդ տարի նախատեսում ենք ևս 612 հազար սոցիալապես անապահով խավի ապահովագրել։ Նրանց համար ապահովագիր հանդիսանալու է պետությունը: Պետական ծառայողների համար ապահովագրության վճարը կազմում է տարեկան 40 հազար դրամ, որը պետությունն է տալիս։ 612 հազար մարդու համար դա կլինի ավելի փոքր գումար՝ որոշակի ծածկույթի վերանայմամբ»։

Առողջախահության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրենքի նախագիծը դեռ չեն սկսել մշակել, քանի որ նախ համակարգը պետք է ստուգում անցնի և պարզ դառնա, թե մարդիկ ինչպես են արձագանքում դրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: