Հայերեն   English   Русский  

​Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճում Կոսովոյում


  
դիտումներ: 3612

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում սեպտեմբերի 23-30-ը զուգահեռաբար ընթանում են մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների 2017 թվականի Եվրոպայի առաջնությունները:

Հայաստանն այս ստուգատեսի 2 տարիքային խմբերում ունի 13 մասնակից: Երկու տարիքային խմբերում էլ թե՛ աղջիկները, թե՛ պատանիները մեդալներ են խաղարկում 8-ական քաշային կարգերում:

Հայաստանի հավաքականը ստուգատեսին մասնակցում է ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցնակակիր Գևորգ Դավթյանի գլխավորությամբ: Որպես երկրորդ մարզիչ մրցավայր են մեկնել նաև Արման Ղազարյանն ու Երվանդ Կիրակոսյանը:

Ընդհանուր առմամբ ստուգատեսի մեկնարկը հաջող էր մեր պատվիրակների համար:

Հայաստանից առաջինը պայքարը սկսեցին 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (մինչև15 տարեկան) և Մոնթե Մխիթարյանը (մինչև 17 տարեկան):

Արա Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 186 կգ արդյունք և նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան, սակայն փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (91 կգ):

Ավագ պատանիների պայքարում (17 տարեկաններ) 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը երկամարտում բարձրացրեց 251 կգ և արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանցի ծանրորդը նաև փոքր բրոնզե և արծաթե մեդալի արժանացավ, համապատասխանաբար, պոկում (111 կգ) և հրում (140 կգ) վարժություններում:

Պատանի մարզիկների արձանագրած հաջողությունները Եվրոպայի առաջնությունների և մյուս մրցաշարերի ժամանակ անչափ կարևոր են: Հուսանք, որ երիտասարդ մարզիկները հետագայում իրենց ավագ գործընկերների արժանի հետնորդները կդառնան և բարձր կպահեն Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: