Հայերեն   English   Русский  

​ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը Հայաստանում նվազու՞մ է


  
դիտումներ: 5725

Հայաստանը, գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման ամենաբարձր տեմպերն են դիտվում, շարունակում է մնալ ՄԻԱՎ վարակի ցածր տարածվածությամբ երկիր. մեծահասակ բնակչության շրջանում ՄԻԱՎ-ի տարածումն ընդամենը 0,2% է: Սակայն այն իրողությունը, որ Հայաստանից միգրացիոն հոսքերն ուղղված են հիմնականում ՄԻԱՎ վարակի տարածվածության ավելի բարձր ցուցանիշ ունեցող երկրներ և հատկապես ՌԴ, Հայաստանը դարձնում է խոցելի ՄԻԱՎ-ի տարածման տեսանկյունից:

Ինչպե՞ս է վերահսկվում հիվանդության կանխարգելումը, և ի՞նչ դրական տեղաշարժ ունենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտանիշի հակազդման առումով: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ԿՀԿ) տնօրեն, բ.գ.դ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հետ:

- Ի՞նչ ակնառու հաջողությունների ենք հասել ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ:

- Հայաստանը մեծ փորձ է կուտակել, արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միջգերատեսչական հակազդման, ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման, համաճարակաբանական հսկողության, ծառայությունների ինտեգրման բնագավառներում: Որպես կարևոր ձեռքբերում կցանկանայի նշել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման գործում արձանագրված և միջազգային ճանաչում ստացած հաջողությունը:

Հայաստանում 2007 թ. ի վեր մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված 150 երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Երկիրը հասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված թիրախներին, ինչի հիման վրա Հայաստանը դարձել է աշխարհի չորս երկրներից մեկը, իսկ Եվրոպայում՝ առաջինը, որը ստացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը փաստող հավաստագիր: ԱՀԿ-ի կողմից հաստատված այս ձեռքբերումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է և վկայում է, որ ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին մեր երկրում տվել են պտուղներ:

Այսպիսի կարևոր հավաստագիր ստանալը ինքնանպատակ չէ: Այսուհետ մենք կշարունակենք հետևողական ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար: Այլ ձեռքբերումների թվում կցանկանայի նշել նաև այն, որ վերահսկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման տեսանկյունից դոնորական արյան անվտանգությունը, ինչի շնորհիվ, 2001 թ. սկսած, հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք:

- Որքան տեղյակ եմ, երկրում ՄԻԱՎ վարակով պացիենտների համար հասանելի է հակառետրովիրուսային բուժումը. ի՞նչ է այն ենթադրում և ինչքանո՞վ է արդյունավետ:

- Հակառետրովիրուսային բուժումը ոչ միայն զգալիորեն նվազեցնում է պացիենտների շրջանում մահացությունն ու հիվանդացությունը, բարելավում կյանքի որակը` տալով նրանց լիարժեք կյանքով ապրելու, աշխատելու և իրենց ընտանիքի մասին հոգալու հնարավորություն, այլև անմիջական կանխարգելիչ նշանակություն ունի, քանի որ նվազեցնում է ուրիշին վարակը փոխանցելու հավանականությունը: Այն փաստը, որ ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն զգալիորեն ցածր է 1%-ից, վկայում է կանխարգելման միջոցառումների արդյունավետության մասին: Դրա շնորհիվ արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային պատմության մեջ աննախադեպ ձեռքբերում` համաճարակի ոչ միայն կասեցում, այլև վերադարձ խտացման փուլից նախնականին:

Երկրում ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտ ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդությունների վաղաժամ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բուժօգնության, առավել արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում: Հղիների, տուբերկուլյոզով պացիենտների ավելի քան 95%-ը հետազոտվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

- Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում։

- Կենտրոնը հանրապետությունում բժշկական միակ կազմակերպությունն է, որն իրականացնում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հսկողություն, ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում, ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում, հակառետրովիրուսային բուժում, ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողություն, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, հետկոնտակտային կանխարգելում, տրամադրում է տեխնիկական աջակցություն և մեթոդական օգնություն պետական, ոչ պետական, միջազգային կազմակերպություններին, նաև՝ Արցախի բժշկական կազմակերպություններին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով, իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի մոնիթորինգ և գնահատում:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կառուցվածքում է ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշում իրականացնող միակ ռեֆերենս լաբորատորիան երկրում, որտեղ ներդրված է որակի արտաքին և ներքին հսկողություն: Կենտրոնում իրականացվում են ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման լաբորատոր հետազոտություններ: Դիսպանսերային հսկողության շրջանակում ՄԻԱՎ վարակով պացիենտները պարբերաբար անցնում են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, նրանց տրամադրվում է մաշկավեներաբանական, գինեկոլոգիական, սեքսապաթոլոգիական բժշկական օգնություն: ՄԻԱՎ վարակով պացիենտները, նրանց հարազատները ստանում են հոգեբանասոցիալական և իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն:

- Հայաստանը ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շահառու երկրներից է: Ի՞նչ աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության շրջանակներում:

- Պետք է ընդգծեմ, որ հաջողություններին հասնելու գործում զգալի դերակատարություն ունեն դոնորները և միջազգային կազմակերպությունները: Նշված ծրագրերի շրջանակում զգալի ներդրումներ են կատարվել Հայաստանի առողջապահական համակարգում. ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, հասանելի են դարձել ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ծառայությունները: Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված երկու շարժական բուժախտորոշիչ կլինիկաների աշխատանքի շնորհիվ ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները հասանելի են դարձել հեռավոր գյուղական ու քաղաքային բնակավայրերում, զգալիորեն ավելացել է հետազոտվողների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը:

- Առաջիկա տարիներին ինչպիսի՞ն է լինելու աշխատանքների պատկերը: Ինչպիսի՞ն է Ձեր՝ որպես համակարգի կոորդինացնողի հորդորը վարակի կանխարգելման և ախտանիշի հակազդման տեսանկյունից:

- Հուսով եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման էական մեծացում, ինչը հնարավորություն կտա ժամանակին բուժելու և կանխելու ՄԻԱՎ-ի հետագա տարածումը: Սա է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից առաջիկա տարիների համար նախանշված պայքարի հիմնական ուղղությունը: Կցանկանայի, որ բնակչության, հատկապես երիտասարդների շրջանում փոխվի վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ, որոշումներ կայացնելիս լինեն ավելի պատասխանատու, ոչ միայն չօգտագործեն թմրամիջոցներ, այլև փորձ էլ չկատարեն, քանի որ անգամ մեկ փորձը կարող է կախվածության պատճառ դառնալ, ունենան անվտանգ սեռական վարքագիծ, պահպանեն ժուժկալություն մինչև ամուսնությունը, լինեն հավատարիմ զուգընկերոջը: Հատկապես արտագնա աշխատանքի մեկնողները պետք է գիտակցեն, որ չկա անվտանգ արտամուսնական սեռական կապ: Նրանց գերակշռող մեծամասնությունը վարակվել է մեկ զուգընկերոջ հետ ունեցած սեռական կապի հետևանքով: Հարկ է իմանալ, որ ցանկացած սեռական կապ, երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ վիճակը, համարվում է ռիսկային և կարող է դառնալ ՄԻԱՎ-ով վարակման պատճառ, ուստի պետք է խուսափել նման կապերից:

Հարցազրույցը՝ Լ. Նազարյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: