Հայերեն   English   Русский  

​ԱՎԻՑԵՆԱ


  
դիտումներ: 9428

Պարսիկ ժողովուրդն աշխարհին շատ մեծ մարդիկ է տվել: Նրանց թվում է միջնադարյան անվանի բժիշկ, իմաստասեր Ավիցենան՝ Աբու Ալի ալ-Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա ալ-Բալխին:

Ավիցենան հեղինակել է ավելի քան 450 գիտական աշխատություն: Իսկ նրա գլուխգործոցը՝ «Կանոն բժշկության» ձեռնարկը, հարյուրամյակներ շարունակ անփոխարինելի աշխատություն էր ոչ միայն բժիշկների, այլև մյուս գիտական հաստատությունների համար:

Ավիցենան ծնվել է 980 թ., Միջին Ասիայում՝ Բուխարայի մոտ գտնվող Աֆշանա գյուղում: Հայրը Բուխարայի խանության տիրակալ Սամանիդների տոհմի ֆինանսական գործերի կառավարիչն էր:

Ապագա բժշկապետը նախնական կրթությունը ստացել է Բուխարայի մզկիթներից մեկում: Նա մանկուց արտակարգ ունակություններ էր դրսևորում և արդեն 10 տարեկանում տիրապետում էր երկրաչափությանը, աստղագիտությանը, լուրջ ուսումնասիրություններ էր կատարում ժամանակի իմաստասիրության ոլորտում:

Արդեն 15 տարեկանում Ավիցենան հրապուրվում է բժշկությամբ և ուսումնասիրում Հիպոկրատի, Գալենի աշխատությունները: Տակավին պատանի՝ Բուխարայում բուժում է ծանր հիվանդ էմիր Նուխբինին, ինչը մեծ հռչակ է բերում ապագա բժշկապետին: Ի հատուցումն բուժման՝ էմիրը թույլ է տալիս երիտասարդ բժշկին օգտվել պալատական հարուստ գրադարանից: Դա, իհարկե, նոր հորիզոններ բացեց ուսումնատենչ պատանու համար: Եվ նա երկու տարվա մեջ արդեն կարդացել էր ժամանակի գիտական բոլոր աշխատությունները:

«Երբ լրացավ իմ 18 տարին, ես արդեն ուսումնասիրել էի այդ բոլոր գիտությունները, և դրանից հետո ինձ համար ոչ մի նոր բան չհայտնվեց։Տարբերությունր միայն այն էր, որ այդ ժամանակ ես ավելի արագ էի ըմբռնում գիտությունները, իսկ հետո դրանք ավելի հաստատ էին ամրապնդվում իմ մեջ, և ես հիմա ավելի հիմնավոր ու ավելի պարզ գիտեմ այդ գիտությունները»,- իր ինքնակենսագրության մեջ գրել է Ավիցենան:

999 թ. Սամանյան խանությունն անկում է ապրում, և Բուխարայում հաստատվում է թուրքերի տիրապետությունը: Գահ բարձրացած նոր սուլթան Մահմուդը հետապնդում է նախկին սուլթանի պաշտոնյաներին, այդ թվում՝ Ավիցենայի հորն ու ընտանիքին: Ավիցենան ստիպված էր խույս տալ սուլթանի հետապնդումներից և տեղափոխվել Խորեզմի սուլթանություն: Այստեղ նա վայելում է Խորեզմի շահ Մամունի հովանավորությունն ու զբաղվում գիտական ուսումնասիրություններով: Խորեզմում ավելի քան 10 տարի ապրելուց հետո Ավիցենան 1012 թ. Միջին Ասիայից տեղափոխվում է Իրանի Խորասան գավառ: Բուխարայի Մահմուդ Ղազնևի էմիրը Խորեզմի շահից պահանջում էր վերադարձնել Խորեզմում հաստատված գիտնականներին, այդ թվում՝ Ավիցենային: Սակայն բժշկապետը խույս է տալիս՝ կտրելով Կարակումի անապատը: Փաստորեն, նա թշնամանում է նաև Խորեզմի սուլթանի հետ:

Խույս տալով Խորեզմի և Բուխարայի սուլթանների հետապնդումներից՝ Ավիցենան թափառական կյանք է վարում՝ շարունակ ճամփորդելով: Նա բնակվել է Իրանի Ուրգենչ, Գուրգան, Ռեյ, Համադան, Սպահան քաղաքներում: Ի վերջո, 1015 թ. հաստատվում է Համադան քաղաքում` լավ ընդունելություն գտնելով Համադանի խանի մոտ: Ուսումնատենչ այս տիրակալը Ավիցենային նշանակում է իր խանության գլխավոր վեզիր և իր անձնական բժիշկ:

Թափառական կյանքի տարիներին Ավիցենան պարսկերեն և արաբերեն հարյուրավոր աշխատություններ հեղինակեց: Արժեքավոր է հատկապես արաբերենով գրված «Գիրք ապաքինության» աշխատությունը, որ 18 առանձին հատորներից է բաղկացած: Իսկ պարսկերեն «Գիրք գիտության» աշխատության մեջ անդրադարձել է մաթեմատիկային, մետաֆիզիկային, տրամաբանությանը, աստղագիտությանը:

Ավիցենան առանձին աշխատություններում անդրադարձել է նաև քիմիային, կենդանական աշխարհին, բուսականությանը:

Նա քիմիայի բնագավառում մի քանի հայտնագործությունների հեղինակ է. մասնավորապես՝ առաջինն էր, որ հայտարարեց` ոսկին առանձին տարր է և հնարավոր չէ ստանալ այլ տարրերի միացությունից:

Բժշկության մեջ առաջինն էր, որ հայտնեց ինֆեկցիոն հիվանդությունների մասին, առաջինն է գրել միկրոբների, մարդու հիգիենայի կարևորության մասին: Ավիցենան հասկանում էր, որ մարդու բուժման համար անհրաժեշտ է նախ զննել նրան, և սկսեց թաքուն դիահերձումներ կատարել, ինչն իսլամական իրականության մեջ մեծ առաջընթաց էր: Հետագայում, ստացած արդյունքներն ի մի բերելով, նա կարողացավ տեղի մահմեդական խաներից և հոգևորականներից ստանալ հերձումներ կատարելու իրավունք և լծվեց մարդու անատոմիայի ուսումնասիրության գործին: Աչք փակելով Ավիցենայի «ոչ աստվածահաճո» այդ գործի վրա՝ տեղի աշխարհիկ և հոգևոր տերերը մեծ նպաստ բերեցին ժամանակի գիտության զարգացմանը:

Ավիցենայի բժշկագիտական աշխատությունները դեռ XIV-XV դարերում թարգմանվել են եվրոպական մի քանի լեզուներով և բազմիցս հրատարակվել:

Հայ միջնադարյան բժիշկներ Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին բարձր են գնահատել Ավիցենայի բժշկագիտական հայացքները և նրան համարել մեծ իմաստասեր:

Իսկ իմաստասիրության ասպարեզում Ավիցենան հեղինակել է «Գիրք հրահանգների և խրատների» աշխատությունը: Ի դեպ, նա քաջածանոթ է եղել V դարի հայ իմաստասեր Դավիթ Անհաղթի գործերին, մեկնաբանել է նաև Արիստոտելի «Պոետիկա» գործը:

Ավիցենայի «Բժշկական տերմինների բառարանը» բաղկացած է հինգ գրքից, («Գիրք ապաքինության»` 17 հատորով, «Կանոն բժշկության»` 5 հատորով, «Մեկնություն Արիստոտելի» 20 հատորով և այլն)։

Ավիցենան նաև պարսկերեն և արաբերեն գեղարվեստական ստեղծագործություններ ունի: Նա իր գրվածքներում, ժխտելով իսլամի հիմնարար դրույթները, խոսում է մարդկային հոգու և մտքի ազատության մասին՝ արտահայտելով վաղ վերածննդի գաղափարները: Նա նաև գողտրիկ քառյակների ու գազելների հեղինակ է:

Մեծ գիտնականը մահացավ 1037 թ. հունիսի 17-ին,Պարսկաստանի Համադան քաղաքում:

Ավիցենայի աշխարհայացքը, աշխարհընկալումը կարելի է բնութագրել իր իսկ դարձվածքներով.

- Մի քիչ գինին դեղ է, շատը՝ մահ։

- Ով ծեր է, նա չի կարող երիտասարդական կրակով այրվել։

- Անխելք չեն նրանք,

Ովքեր չեն գոռում,

Ում ներսն է դատարկ,

Նա է որոտում։

- Չափավոր և ժամանակին ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդը կարիք չի զգում հիվանդության վերացմանն ուղղված որևէ բուժման։

- Չափից դուրս վայելքները քայքայում են մարդու առողջությունը։ Անընդհատ կերուխումը, չափից առատ սեղաններն ու հաճույքները չեն ստեղծում առողջ կյանք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: