Հայերեն   English   Русский  

«Գայլային բիզնեսը սկսում է մուտք գործել արվեստի միջազգային առևտրի մեջ». Մովսես Հերկելյան


  
դիտումներ: 3362

Լիբանանահայ արվեստաբան, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի), որը 2000-ից ի վեր միջազգային հայտնի ցուցահանդեսներում ներկայացնում է հայ կերպարվեստը իր «Նոյան տապան» ցուցասրահի միջոցով, այս տարվա ցուցահանդեսների շարքը սկսել է Բեյրութից: Ցուցահանդեսը բարեգործական է, Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ, որից ստացված ողջ հասույթը տրամադրվել է սիրիական ճգնաժամի հետևանքով ծննդավայրը լքած և Բեյրութում հանգրվանած սիրիահայ աշակերտների հիմնադրամին:

Այնուհետև հայ նկարիչների աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում՝ հին դղյակներից մեկում, որի սեփականատերը հայաստանցի Հրայր Հակոբյանն է: Արվեստաբան Հերկելյանը կարևորում է այդ ցուցահանդեսը, քանի որ հնարավորություն է ունեցել տեղի հասարակությանը ներկայացնելու ժամանակակից հայ գեղանկարիչների արժեքավոր գործերը:

Ապրիլ ամսին գալերիստն իր ավանդական մասնակցությունն է բերել Մոնակոյի ամենամյա միջազգային ցուցահադեսին, որն աշխարհում ամենահեղինակավորներից է: Ինչպես միշտ, հայ նկարիչների աշխատանքները շատ բարձր են գնահատվել:
Նրա խոսքով՝ այդ ցուցահանդեսին մասնակցել է ևս երկու հայկական ցուցասրահ՝ Երևանի «Բարձր արվեստը» և Բեյրութի «Էսքիզը»:

Վարուժան Վարդանյան

Փայլուն հաջողություն է ունեցել «Բարձր արվեստը», որի կողմից ներկայացված աշխատանքներից մեկը՝ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի «Խաչելություն» կտավը, արժանացել է ցուցահանդեսի բարձրագույն մրցանակին՝ աշխարհից ներկայացված շուրջ 4000 նկարների մեջ համարվելով լավագույնը: Այդ հաջողությունը կարևոր է նաև նրանով, որ կտավը խորհրդանշում է Հայոց մեծ եղեռնը, և ցուցահանդեսի ժամանակ դա նույնպես շեշտվել է՝ մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Հայոց ցեղասպանության խնդրի վրա:

Մոնակոյին հաջորդել է Սինգապուրի միջազգային ցուցահանդեսը, որին «Նոյան տապանն» առաջին անգամ է մասնակցել՝ ներկայացնելով տասը ժամանակակից հայ նկարչների աշխատանքներ: Այս ցուցահանդեսն իր չափորոշիչներով տարբեր էր մյուսներից. նախ` նկարների հեղինակները պետք է ողջ լինեին, բացի այդ, կտավի արժեքը չպետք է գերազանցեր 10 հազար դոլարը: Ցուցահանդեսի նպատակը եղել է արվեստասերի, հավաքորդի համար մատչելի գնով բարձրարվեստ նկարներ գնելու հնարավորության ընձեռումը: Ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվել է՝ «Մատչելի արվեստ»:

Որպես արվեստաբան՝ Մովսես Հերկելյանը կարևորում է այս ցուցահանդեսը, քանի որ այնտեղ արվեստասերը՝ գնորդը, շատ ավելի պաշտպանված է: Բանն այն է, որ այժմ աշխարհում արվեստի գործերի գները հաճախ արհեստականորեն բարձրացվում են, և հավաքորդները, արվեստասերները կանգնում են լուրջ խնդրի առջև: Բացի այն, որ կտավի գինն է շատ բարձր, գնորդը նաև վստահություն չունի՝ տվյալ ստեղծագործությունն իսկապես արժեքավո՞ր է, թե ոչ: Իսկ ահա վերոնշյալ սկզբունքներով ու չափորոշիչներով զսպվում է գներն արհեստականորեն բարձրացնելու միտումը:
«Արվեստի առևտուրը պետք է իր բարոյականությունն ունենա, այժմ այն չոր, գայլային բիզնեսի վերածվելու միտում ունի, որն արդեն չափն անցնում է»,- ասում է արվեստաբանը,-մինչդեռ արվեստի առևտուրն այն բնագավառն է, որտեղ ցանկացած խաբեություն վաղ, թե ուշ բացահայտվում է»:

Դրա համար էլ առավել մեծ հաջողություն ունեն այն գալերիստները, որոնք համապատասխան որակավորում ունեն և իրենց փորձով ու հեղինակությամբ վստահություն են ներշնչում:

Հերկելյանին շատ է օգնում այն հանգամանքը, որ ինքն արվեստաբանության դոկտոր է, գործից հասկանում է, կարողանում է գնորդին հավուր պատշաճի տեղեկություն հաղորդել ստեղծագործության և ընդհանրապես արվեստի մասին: Հերկելյանը համագործակցում է նաև միջազգային այնպիսի հեղինակավոր ամսագրերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքում հրատարակվող «Ֆայն արտ մագազինը», Մոնակոյում և Ֆրանսիայում հրատարակվող եռալեզու «Լյուքս իմմոնը», «Լի Արտը» և այլն, իր մասնագիտական հոդվածներով նույնպես ներկայացնելով հայ կերպարվեստն աշխարհին: Երբեմն նաև նրան է վստահվում միջազգային ցուցահանդեսների կատալոգների առաջաբանը գրելու պատիվը: Օրինակ՝ Բուենոս Այրեսի «Արտդեկլասիկա» (2007), «Լա գազետ դե զԱր» (Մոնակո, Կրիմալտի ֆորում 2012), «Փոստ սովիեթ փեինթինգ» և այլն:

Արտ Մոնակո

Խոսելով միջազգային ասպարեզում հայ նկարիչների ներկայության մասին՝ նա նշում է, որ հայերն ունեն այդ ռեսուրսը, որակը, սակայն չունեն համապատասխան կապեր ու փորձառություն, որով կարողանան դուրս գալ հայաստանյան սահմաններից:
Այդ հարցում նա կարևորում է ոչ միայն արվեստագետի դերը, այլև արվեստաբանի: Որպես միջազգային ոլորտում բարձր հեղինակություն և փորձ ունեցող գալերիստ-արվեստաբան՝ նա լավ գիտի, թե արվեստաբանն ինչ ազդեցություն ունի սեփական երկրի վարկը միջազգային հարթակներում բարձրացնելու, երկրի արվեստը ներկայացնելու և երկրի շահերը նման բարդ ու բազմաշերտ ոլորտում պաշտպանելու գործում:

Ցավոք, եթե նկարիչների դեպքում մենք ունենք միայն ներկայացման խնդիր, ապա արվեստաբանների դեպքում՝ որակյալ մասնագետների:

Հայաստանում Հերկելյանը մշտական համագործակցության մեջ է 5 նկարիչների հետ՝ Վահրամ Դավթյան, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան, Էդիկ Բերդյան և Վահան Ռումելյան, որոնց ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեն դրսում: Վահրամ Դավթյանը, օրինակ, 2000 թ. Ժնևում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում ժյուրիի կողմից ընդգրկվել է աշխարհի ժամանակակից 40 նկարիչների ցանկում, ապա այդ 40-ի մեջ ճանաչվել լավագույնը: Սակայն Վահրամ Դավթյանին Հայաստանում գրեթե չեն ճանաչում:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հերկելյանը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսված երեք ցուցահանդեսների կազմակերպումը Բեյրութում, Եվրոպայում և աշխարհի մի շարք կարևոր քաղաքներում: Հերկելյանը սիրով է ընդունել երեք առաջարկներն էլ` պայմանով, որ ներկայացված աշխատանքներն իրենց որակով լինեն մրցունակ և խորհրդանշեն ոչ միայն ցեղասպանությունը, այլև հայ ժողովրդի զարթոնքն ու վերածնունդը:

Արվեստի գործերի կեղծում. հանցանք, որ Հայաստանում և Լիբանանում դեռևս պատժելի չեն

Հայտնի արվեստագետների աշխատանքները կեղծելն ու դրանց միջոցով մեծ գումարներ աշխատելը հին արհեստ է: Պարզվում է՝ դրանով անգամ հանճարներն են երբեմն զբաղվել: Հերկելյանը բերում է օրինակներ՝ Միքելանջելո, Գոյա, Ռոդեն…

Այո, անհավատալի է, բայց հանճարեղ Միքելանջելոն, երբ ապրելիս և աշխատելիս է եղել Ֆլորենցիայի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի դղյակում, որտեղ հին հունական քանդակներ կային, մի օր որոշել է նմանատիպ մի քանդակ էլ ինքը պատրաստել և իբրև հելլենիստական դարաշրջանի նմուշ վաճառել: Հետագայում այդ քանդակը Ֆլորենցիայից տեղափոխվել է Հռոմ, ապա վերավաճառվել և ի վերջո հանգրվանել Վատիկանի թանգարանում: Տարիներ անց, երբ Միքելանջելոն արդեն հռչակավոր էր, Վատիկանի կարդինալներից մեկը, որը հասկանում էր արվեստից, զգացել է, որ այդ քանդակը տարբերվում է հելլենիստական դարաշրջանի քանդակներից և շատ է նման Միքելանջելոյի ոճին: Նա գնացել է Միքելանջելոյի մոտ և հարցրել, թե դրա հեղինակը նա՞ է: Միքելանջելոն չի ժխտել: Այդ ժամանակ, սակայն, նրա քանդակները շատ ավելի արժեքավոր էին, քան հելլենիստական դարաշրջանի որևէ քանդակ:

Նույնն էլ Ռոդենը: Տեսնելով, որ իր ուսուցչի քանդակներն ավելի լավ են վաճառվում, քան իրենը, որոշել է ուսուցչի անունից քանդակներ պատրաստել ու գաղտնի վաճառել: Հիմա մասնագետները փորձում են Ռոդենի` ուսուցչի անվամբ ստեղծած քանդակները գտնել և վերականգնել իբրև ռոդենյան գործեր:

Գոյան էլ, որը դիմանկարների շատ պատվերներ էր ստանում և չէր հասցնում պատվերները կատարել, երբեմն իր աշակերտներին էր հանձնարարում, որ իր փոխարեն նկարեն, իսկ վերջում կամ դիպչում էր դրանց, կամ ոչ:

Հերկելյանն ասում է, որ գրեթե ամեն տարի հոդված է գրում արվեստի կեղծարարների մասին: Քանի որ երևույթը հնարավոր չէ իսպառ վերացնել, կարծում է, որ գոնե պետք է պայքարել այն հնարավորինս նվազեցնելու համար: Որպես լիբանանահայ արվեստաբան՝ նա հատկապես շատ է հանդիպում Հայաստանում ու Բեյրութում կատարվող կեղծումների, ինչը, նրա խոսքով, վնասում է հայ արվեստի զարգացումն ու տարածումը: «Ում ասես չեն կեղծում, Սուրենյանց, Բաշինջաղյան, Սարյան, Մինաս, Փոլ Կիրակոսյան: Կեղծում են նաև երկրորդական արվեստագետներին, նույնիսկ՝ ժամանակակից նկարիչներին, որոնք ողջ են: Օրինակ` Բեյրութում ես Վահրամ Դավթյանի կեղծ կտավը բռնեցի: Կեղծում են նաև Գևորգ Եղիազարյանին, Վահան Ռումելյանին, Սուրեն Ոսկանյանին: Պետք է ասեմ, որ այս գործում էլ մերոնք վարպետ են»:

Դրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն այս պահին արվեստաբանը համարում է համապատասխան օրենքի մշակումն ու կիրառումը: Ասում է՝ Հայաստանն ու Լիբանանը չունեն ոլորտը կարգավորող օրենք, մինչդեռ միջազգային օրենքներով արվեստի ստեղծագործությունը կեղծելը հավասարազոր է դրամ կեղծելուն, ինչը համարվում է ծանր հանցագործություն:

Հայաստանում այդ երևույթն առայժմ անվերահսկելի է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: