Հայերեն   English   Русский  

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն


  
դիտումներ: 1815

Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ պայմաններում, մշտապես զինվորի կողքին կանգնած բժիշկն, իր կոչմանը հավատարիմ, կյանքեր է փրկում:

Օրեր առաջ վիրաբույժը վիրահատել է ժամկետային զինծառայող Դավիթ Նազարյանին: 15 ժամ տևած վիրահատության ընթացքում վերականգնել է զինվորի ձեռքի մատները:

Դավիթը պատմում է՝ պատահական է վիրավորվել, պարապմունքի ժամանակ մի մեղու փորձել է խայթել, դրանից խուսափելու համար անկանոն շարժումներ է արել ու ձեռքը մնացել է «վասիլյոկ» տեսակի ականանետի տակ: Նրա մատները կտրվել են, սակայն Արտավազդ Սահակյանի շնորհիվ այսօր դրանք ամբողջությամբ վերականգնվել են:

Դավիթ Նազարյան

«1 տարի 4 ամսվա ծառայող էի, ծառայությունս շատ լավ էր անցնում, բայց այս չարաբաստիկ դեպքի պատճառով հայտնվեցի հիվանդանոցում, հնարավոր էր մատներս կորցնեի»,- արդեն ժպտալով պատմում է Դավիթը:

Արտավազդ Սահակյանն էլ կատակով ավելացնում է. «Չարաբաստիկ մեղվի պատճառով»:
Բժշկի խոսքերով՝ սա այն դեպքն էր, երբ հապաղելը կբերեր անհաջողության: «Դավիթին միանգամից տեղափոխել են մեզ մոտ: Վիրահատությունը տևել է 15 ժամ: Այն կատարվել է տեղային անզգայացմամբ ու Դավիթը, կարծես, մասնակցել է իր վիրահատությանը։ Նա ուժեղ տղա է, կհաղթահարի բոլոր դժվարությունները»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Արտավազդ Սահակյանը՝ հավելելով, որ արդյունքը լավ է, երիտասարդն արդեն մատները շարժում է, շուտով նրան կտեղափոխեն Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Զինվորն էլ նշում է՝ այդ պահին չի էլ զգացել, որ մատները չկան, հետո արդեն հիվանդանոցի ճանապարհին գիտակցել է, թե ինչ է իր հետ կատարվել. «Ճանապարհին սպաներին հարցրեցի՝ հնարավո՞ր է մատներս վերականգնեն, ասացին, որ այսօր մեր բժիշկները բարձրակարգ վիրահատություններ են անում, որ չպետք է հուսահատվեմ: Դա ինձ ուժ տվեց: Վիրահատության ժամանակ էլ բժիշկներն ինձ ասում էին, որ չմտածեմ, ամեն ինչ լավ է լինելու»:

Արտավազդ Սահակյանի հետ գնում ենք հաջորդ հիվանդասենյակ, որտեղ պառկած է էջմիածնեցի Տարոն Հարությունյանը: Ժամկետային զինծառայողը վիրավորվել է հուլիսի 23-ին դիպուկահարի կրակոցից: Տարոնին անմիջապես տեղափոխել են Մարտակերտ, որտեղ վիրահատել են, հետո տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ երկու օր անց՝ Երևան, կրկին միկրովիրաբույժի մոտ։

Տարոն Հարությունյան

«Տարոնի աջ թևի ճաճանչային նյարդն է վնասվել, որը վերականգնվել է։ Այս դեպքում նույնպես սպասվում է երկարատև բուժում, որից հետո ձեռքի ֆունկցիան կվերականգնվի»,- ասում է բժիշկը:
Զինվորի վիրահատությունը տևել է 4 ժամ: Վիրաբույժը նշում է, որ երիտասարդը կկարողանա թևը շարժել. «100 տոկոսանոց արդյունքը ցանկալի է, կարծում եմ՝ կունենանք: Կարևորը՝ տղան ողջ է, առողջ տղա է, թևը վերականգնվելուց հետո կվերադառնա ակտիվ կյանքի»:

Մայրը՝ Լուսինեն, Աստծուն է շնորհակալ, որ որդին հիմա իր կողքին է․ «Թող բոլոր զինվորներն անփորձանք վերադառնան իրենց մայրերի մոտ: Չեմ էլ ուզում հիշել այդ օրերը, տղաս փրկվել է, դրանից կարևոր, թանկ բան ինձ համար չկա»։

Տարոնը միակողմանի ծնողազուրկ է, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը չի շարունակել, աշխատել է, որ մորն օգնի: Իսկ հետո զորակոչվել է բանակ։ Այսօր արդեն 19-ամյա զինվորը մտածում է ապագայի մասին. ուզում է ծրագրավորող դառնալ: «Վստահ եմ՝ լավ է լինելու, կսովորեմ, կաշխատեմ, մայրս, քույրս ինձ են սպասում»,- ասում է զինվորը:

Նշենք նաև, որ նա ծառայել է Թալիշում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին:

Տարոնի հարևան հիվանդասենյակում 34-ամյա Վիտալի Դանիելյանն է: Զինծառայողը վիրավորվել է Արցախում, ստացել է հրազենային ծանր վնասվածք: Արտավազդ Սահակյանի խոսքերով՝ բավականին բարդ վիրահատություն է կատարվել, վերականգնվել է նախաբազկի ոսկրերի ամբողջականությունը, նույն վիրահատության ընթացքում կատարվել է ծղիկային նյարդի փոխպատվաստում (տրանսպլանտացիա): Վիտալիի վիրահատությունը տևել է 8 ժամ:

Վիտալի Դանիելյան

«Ծղիկոսկրը 12 սմ երկարությամբ բացակայում էր, հիմա դա վերականգնել ենք: Վիճակը բավարար է, դեռ 10 օր կպահենք մեր հսկողության տակ: 1985 թվականից նմանատիպ վիրահատություններ կատարվել են, բայց սա իր բնույթով եզակի է»,- նշում է վիրաբույժը՝ հավելելով, որ նման վիրահատություններ կատարել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1990- 94 թթ-ին:

Նրա գնահատմամբ՝ սա արդյունավետ վիրահատություն է, պարզապես պետք է հաշվարկները ճիշտ կատարել, որ արդյունքը լավ լինի․ «Ես վստահ էի, որ լավ է լինելու»։

Վիտալին անհամբեր սպասում է հիվանդանոցից դուրս գրվելուն. Ստեփանակերտում երեխաները սպասում են հոր վերադարձին:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանն ասում է, որ իրենք մշտապես համագործակցում են ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության հետ, և անհրաժեշտության դեպքում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում վիրահատություններ են կատարում: «Բացի այդ, այսօր Բժշկական համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ տարբեր տարիներին վիրավորված տղաները շարունակում են վերականգնողական բուժում ստանալ այստեղ: Դա մշտական բնույթ է կրելու»,- նշում է Արտավազդ Սահակյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: