Հայերեն   English   Русский  

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակները պրոֆեսիոնալ ռինգում


  
դիտումներ: 3103

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Տրոիցկ քաղաքի «Քվանտ» մարզապալատում պրոֆեսիոնալ բռնցամարտի շոու-երեկոյի ընթացքում օտարերկրացի մարզիկների հետ ռինգ բարձրացան նաև Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը:

Սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամներն այժմ ներկայացնում են պրոֆեսիոնալ բռնցքամարտի Punch Boxing Promotion կազմակերպությունը:

Հայ մարզիկները Տրոիցկում ելույթ ունեցան սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ: Նա կատարում էր նաև Հայաստանի բռնցքամարտիկների մարտավկայի պարտականությունը:

Հայ բռնցքամարտիկները սեպտեմբերի 30-ին շարունակեցին իրենց հաղթարշավը և հետաքրքիր զուգադիպությամբ հաջորդաբար պարտության մատնեցին Ուկրաինան ներկայացնող 3 բռնցքամարտիկի:

Պրոֆեսիոնալ ռինգում 5 հանդիպում անցկացրած ու նույնքան հաղթանակ տարած (4 նոկաուտ) Նարեկ Աբգարյանը (56,1 կգ) 8 ռաունդանոց մենամարտում արդեն 6-րդ ռաունդում ստիպեց մրցակցին՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Էդուարդ Մերենցին, անձնատուր լինել: Սա պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի հանդիպումների շարքը շարունակող 25-ամյա բռնցքամարտիկի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Սիրողական բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, 26-ամյա Արամ Ավագյանն (60,1 կգ) ուժերը չափեց ուկրաինացի Բոգդան Զեմլյանիի հետ և 8 ռաունդանոց մարտում նույնպես ժամանակից շուտ ավարտեց մենամարտը՝ արդեն 3-րդ ռաունդում պարտության մատնելով հակառակորդին: Սա պրոֆեսինալ ռինգում Արամի տարած 5-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 2 անընդմեջ հանդիպումներն էլ նոկաուտով ավարտած Գոռ Երիցյանը (67 կգ ) Ուկրաինայի պատվիրակ Ռոման Զինչենկոյի հետ 6 ռաունդանոց մենամարտում հաղթանակ տոնեց 5-րդ ռաունդում:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին քայլերը կատարող 22-ամյա Գոռ Երիցյանը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը:

Ուրախալի է, որ մեր բռնցքամարտիկները Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մեծ նվիրումով են աշխատում՝ շարունակելով հաղթանակների ու անպարտելի հանդիպումների շարքը պրոֆեսիոնալ ռինգում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: