Հայերեն   English   Русский  

Հայաստանի թհեքվանդոյիստները կհամալրեն Իրանի պրոֆեսիոնալ ակումբները


  
դիտումներ: 815

Նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների համագործակցության համար: Օրերս Թեհրանում երկու երկրների այս մարզաձևի ներկայացուցիչները հանդիպել են և հստակեցրել առաջիկա անելիքները: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

- Հայաստանի թհեքվանդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի հետ միասին հանդիպեցինք Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարիի հետ, պայմանավորվեցինք, թե ինչ պետք է անենք, ինչպես շարժվենք, ի վերջո, պայմանագիր կնքենք, որպեսզի երկու երկրների ֆեդերացիաների համար էլ փոխշահավետ լինի: Իրանի ներկայացուցիչների հետ համագործակցում ենք 2007-ից, բայց այդ երկրի ֆեդերացիայի նախագահի հետ կապեր ունենք 1995-ից: Ի դեպ, նախկինում Հայաստանի հավաքականը գլխավորել է իրանցի մասնագետ: Առաջիկայում սպասվում է Իրանի ներկայացուցիչների այցը Հայաստան, որին էլ կհաջորդի պաշտոնական պայմանագրի կնքումը:

- Ի՞նչ կարող է տալ այդ համագործակցությունը:

- Հայաստանի ներկայացուցիչներն ավելի ընդգրկուն համատեղ մարզումներ կացկացնեն Իրանի թհեքվանդոյիստների հետ: Հարևան երկրում թհեքվանդոն համարվում է թիվ 1 մարզաձև, շատ են աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոնները: Մեր մարզիկները բարձրակարգ մրցընկերներ ունենալու խնդիր ունեն, և այդ բացը կլրացվի: Ամենակարևորը` մերոնք կմասնակցեն Իրանի երիտասարդական և բարձրագույն խմբի ակումբային առաջնություններին: Իրանում պրոֆեսիոնալ ակումբներ են գործում և դա լրացուցիչ հնարավորություն կտա մեր մարզիկներին կատարելագործելու իրենց վարպետությունը, նաև ֆինանսներ աշխատելու: Նախկինում մեր մարզիկներից միայն Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է մասնակցել Իրանի ակումբային առաջնությանը, այժմ այդպիսի հնարավորություն կստանա Հայաստանի առնվազն չորս ներկայացուցիչ: Հետագայում այդ թիվը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է համատեղ պարապմունքներին, ապա Իրանում կան ժամանակից մարզաբազաներ, որոնցում հնարավոր է արդյունավետ մարզումներ անցկացնել:

- Հայաստանի հավաքականն ապահովվա՞ծ է էլեկտրոնային ժամանակակից սարքավորումներով, որոնց օգնությամբ գրանցվում են հասցված հարվածները, և մրցումների ընթացքում կատարվում է միավորների հաշվարկը:

- Թհեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի աջակցությամբ այդ հարցը կարգավորվել է: Բայց առաջիկայում Իրանում թողարկվելու են ժամանակակից, միջազգային արտոնագրով թույլտրված, նոր սարքավորումներ: Պայմանավորվել ենք, որ Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան դրանցից մի քանի զույգ կգնի մատչելի գներով: Ի դեպ, այս անգամ ևս ձեռնունայն չենք վերադարձել և երկու մրցագորգ ենք բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: