Հայերեն   English   Русский  

​Կայացավ «Արենի» գինու 9-րդ փառատոնը


  
դիտումներ: 977

Հոկտեմբերի 7-ին արդեն 9-րդ անգամ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կայացավ «Արենի» գինու փառատոնը :

Փառատոնին մասնակցել են ավելի քան 20.000 այցելու ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև զբոսաշրջիկներ և գինու հրավիրյալ փորձագետներ, ոլորտը լուսաբանող լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:Փառատոնի կազմակերպմանն այս տարի աջակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:

Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, կարևորելով փառատոնի դերը հայկական գինիների ճանաչելիության բարձրացման գործում, ընդգծել է.«Հիմնադրամը մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել գինեգործության զարգացմանը նպաստող ծրագրերին: Ոլորտը Հայաստանում վերածնունդ է ապրում, որի արդյունավետ առաջընթացի, զարգացման և ճանաչելիության համար կարևոր էր համախմբել տարբեր ոլորտների և գերատեսչությունների ջանքերը, ինչն արվեց այս տարի փառատոնի շրջանակներում»:

«Տեղական գինիները շատ յուրօրինակ և առանձնահատուկ են, ինչպես ամեն ինչը Հայաստանում»,-նշել է գինու փորձագետ Յուրի Յուդիչը Ռուսաստանի Դաշնությունից, ով փառատոնին մասնակցում էր հիմնադրամի հրավերով:

Ռեբեկկա Մեյեր-Լիբման, ով Հայաստան էր եկել Կանադայից իր հերթին նշել է. «Հրաշալի գինի է: Սա իմ առաջին այցն է Հայաստան և եթե անկեղծ լինեմ՝ նախկինում հայկական գինիներ շատ չէի համտեսել: Ես հիացած եմ: Խմելով տեղական որակյալ գինին և տեսնելով, թե ինչ աշխատանք եք կատարում գինեգործության ոլորտն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ, դժվարանում եմ պատկերացնել, թե 10 տարի հետո ինչ գինի կարող եք մատուցել աշխարհին»:

Անգլիացի փորձագետ , լրագրող Դարրել Ջոզեֆֆը, որը հայկական գինին վերջին տարիներին համտեսել էր Գերմանիայում և Անգլիայում, նաև աշխարհի այլ երկրներում կազմակերպված գինու փառատոնների ընթացքում, հավելել է. «Լավ աշխատանք եք տանում: Մի շարք գինիներ հատկապես շատ հավանեցի, էլ չասեմ, որ Արենին շատ համեղ է»:

«Հերթական անգամ իրականություն դարձավ «Արենի» փառատոնը. թե տեղի բնակիչները, թե բազմաթիվ զբոսաշրջիկներ մեծ բավականությամբ մասնակցեցին փառատոնին, ինչի համար անչափ ուրախ եմ»,- ասաց «Արենի» փառատոն հիմնադրամի ղեկավար Նունե Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցեցել են փառատոնի կյանքի կոչմանը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Արամ Բաբայանն իր հերթին հավելել է, որ գյուղական համայնքների համաչափ և թիրախային զարգացումը GIZ -ի գործունեության առաջնահերթություններից է, որի շրջանակներում խաղողագործության ու գինեգործության հիմադրամի հետ համատեղ որոշվեց աջակցել փառատոնի կազմակերպմանը:

2017-ի փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը,Զբոսաշրջության պետական կոմիտեն, Վայոց ձորի մարզպետարանը, Արենի համայնքը, GIZ, USAID միջազգային կազմակերպությունները, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ:

Առավել մանրամասն՝ կից տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=IEXmkRSYrJM :

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: