Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ


  
դիտումներ: 8756

Հայերը Լիբանանի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից: Լիբանանը երբեմն նաև մտել է հայոց պետության կազմի մեջ:

Անկախ ամեն ինչից՝ հյուրընկալ այս երկիրը հայության համար ծառայել է որպես երկրորդ հայրենիք: Լիբանանը պետություն է, ուր հայերենը արաբերենից հետո ֆրանսերենի հետ մեկտեղ ամենատարածված ու ամենաշատ գործածվող լեզուն է:

Տեսակետներից մեկի համաձայն, Լիբանան պետության անվանումն առաջացել է լեռնաշղթայի անունից․ արաբերեն՝ Ջեբել Լիբանան հին հունարեն՝ Լիբանոս։ Այս անվանումները ծագում են սեմական լեզուներից (ասուրերեն՝ Լաբնանա, եբրայերեն՝ Լբանոն) ,սպիտակ լեռ։ Մեկ այլ բացատրության համաձայն՝ Լիբանան բառը արաբերեն նշանակում է… մածունի երկիր. Արաբերեն մածունը լաբանն է:

Լիբանանի տարածքը համապատասխանում է հնագույն Փյունիկիային: Իսկ փյունիկացիների քաղաքակրթության կործանումից հետո երկրի տարածքը ձեռքից ձեռք անցավ:

Այս տարածքն անցավ աքեմենյաններին, ապա այն գրավեց Ալեքսանդր Մակեդոնացին, որի մահից հետո երկրամասի տարածքն անցավ սելևկյաններին, մի որոշ ժամանակ մտավ հայոց պետության կազմի մեջ, ապա այն նվաճեցին հռոմեացիները: Վաղ միջնադարում Լիբանանի տարածքը կռվախնձոր էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Ի վերջո, 7-րդ դարում այս տարածքը նվաճեցին արաբները:

11-րդ դարում Լիբանանի տարածքը նվաճեցին սելջուկ թուրքերը: Ապա այնտեղ կրկին ուժեղացավ հայկական տարրը: Բագրատունիների և Արծրունիների թագավորությունների կործանումից հետո Լիբանանի տարածքում հազարավոր հայեր հաստատվեցին:

13-րդ դարում Լիբանանի տարածքը մոնղոլներից գրավեցին եգիպտական մամլուքները: Իսկ 16-րդ դարում Լիբանանի տարածքը գրավեց օսմանյան սուլթան Սելիմ Ա:

Թուրքերի տիրապետությունը Լիբանանում տևեց մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 1918 թվականի աշնանը երկրի տարածքը գրավեցին անգլիական և ֆրանսիական զորքերը: Իսկ հոկտեմբերի 30-ին, Մուդրուսի զինադադարով Թուրքիան իրեն պարտված ճանաչեց պատերազմում և հրաժարվեց Լիբանանի նկատմամբ հավակնություններից:

1920 թվականի սեպտեմբերի 1-ին Լիբանանն անկախ հռչակվեց՝ Ֆրանսիայի մանդատի (հովանու) ներքո: Պետության կայացման գործում մեծ դեր ունեցավ Մերձավոր Արևելքում ֆրանսիական զորքերի հրամանատար Հանրի Գուրոն:

Լիբանանն իր իրական անկախությունն ստացավ սոսկ 1943 թվականի նոյեմբերից, երբ լիակատար անկախություն ստացավ Ֆրանսիայից:

Լիբանանը նաև ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը դարձավ:

Անկախության հռչակումով Լիբանանը վերելք ապրեց, ծաղկեց: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը դարձավ մեծ, ծաղկուն քաղաք, Արևելքի մեծագույն քաղաքներից մեկը: Պատահական չէ, շատերը Բեյրութը կոչում են Արևելքի Փարիզ:

Լիբանանը շատ արագ հայտնվեց արևմուտքի պետությունների դիվանագիտական, տնտեսական և ռազմական շահերի ոլորտում:

1958 թվականին երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ինչն ամիսներ անց մարեց՝ ԱՄն և Եգիպտոսի գործուն միջամտությամբ:

Երկրորդ անգամ Լիբանանում քաղաքացիական պատերազմ բռնկվեց 1967 թվականին՝ Արևելքում լարված իրադրության և արաբա-իսրայելական հակամարտության արդյունքում: Այս պատերազմը մարեց երկու տարի անց՝ 1969 թվականին:

Սակայն Լիբանանի սև օրերը դեռ առջևում էին:

1975 թվականին Լիբանանում սկսվեց քաղաքացիական մեծ պատերազմ, որ տևեց մոտավորապես 15 տարի և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլեց: Այս պատերազմը նաև կրոնական երանգ ուներ: Միմյանց դեմ հակամարտում էին քրիստոնյաները, մահմեդականները, շիաները, սունիները, քրդերը, արաբները….

1976 թվականին Լիբանանում ,,Խաղաղություն հաստատելու,, պատրվակով երկիր ներխուժեցին սիրիական զորքերը: Դրան անտարբեր չէր կարող վերաբերվել նաև Իսրայելը և երկու անգամ՝ նախ 1978, ապա՝ 1982 թվականներին, իսրայելական բանակը ներխուժեց Լիբանան՝ Արևելքում խաղաղություն հաստատելու պատրվակով:

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Լիբանանի հայության գլխին կախվեց ոչնչացման վտանգը: Ի պատիվ տեղի հայության, հայ քաղաքական կուսակցությունների, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, պետք է նշել, որ բոլորը համախումբ մեկ գաղափարի շուրջ՝ լծվեցին հայության փրկության գործին: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի հայությունը զինված չեզոքություն պահպանեց, ինչի արդյունքում, ամենաշատ շահեկան դիրքում գտնվեց պատերազմի ավարտին:

Առանձին հայեր աչքի ընկան երկրի ռազմաքաղաքական կյանքում, Լիբանանում հանդարտության ու կայունության վերականգնման գործում: Պետք է հատուկ նշել լիբանանյան բանակի հրամանատար, զորավար Քյարիմ Բագրատունուն:

1990 թվականին Սաուդյան Արաբիայում կնքվեց նոր հաշտություն, որի արդյունքում Լիբանանի քաղաքացիկան պատերազմը դադարեց:

1992 թվականի երկրում վերջապես ընտրություններ կայացան, որի արդյունքում Լիբանանի վարչապետ ընտրվեց հայկական ծագումով Ռաֆիկ Հարիրին, ով այդ պաշտոնը կարճատև ընդմիջումով վարեց մինչև 2005 թվականը՝ իր եղեռական սպանությունը::

Հայերը ներկա Լիբանանում կազմում են բնակչության 7 տոկոսից ավելին: Չնայած, Լիբանանում միայն մեկ զուտ հայաբնակ բնակավայր կա՝ Այնճարը:

Հայությունը բաժանված է դավանաբանական երեք համայնքների. Ամենաստվարը առաքելադավան հայերն են, ովքեր պատկանում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, որի կենտրոնը գտնվում է մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու գտնվող Անթիլիասիում, ապա հայ կաթոլիկները, որոնց կենտրոնը Զմմառի վանքն է և հայ ավետարանչականները, որոնք առանձին կենտրոն չունեն:

Լիբանանում տպագրվում է ,,Ազդակ,, օրաթերթը, որ Հայ հեղափախական դաշնակցության կոչնակն է, ռամկավարների ,,Զարթոնք,, եռօրյա թերթը, հնչակյանների ,,Արարատը,, մի քանի այլ թերթեր, ամսագրեր: ՀՅԴ են պատկանում նաև Ռադիո Յան-ը և Վանա Ձայն ռադիոն:

Լիբանանի հայերը գրեթե բոլորը տիրապետում են հայերենին: Երկրում մոտ վեց տասնյակ հայկական դպրոցներ են գործում:

Լիբանանյան օրենքով երկրի օրենսդիր մարմնում պետք է ներկայացված լինեն նաև հայերը: Հայ ավանդական կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցությունն ստանում է մեկ նախարարական, երկու պատգամավորական մանդատ, Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցությունը երկու, ռամկավարները՝ մեկ պատգամավորական մանդատներ:

Շատ հայեր են աչքի ընկեր Լիբանանի քաղաքական, ռազմական, մշակութային կյանքում:

Մասնավորապես, դեռևս 19-րդ դարավերջին լեռնային Լիբանանում հայտնի գործիչ էր Դաուդ փաշան՝ Կարապետ Արթին Տավուտյանը, 20-րդ դարասկզբին՝ Հովհաննես փաշա Գույումճյանը:

Հայազգի Մուհանդիզը (Մանուկ Մանուկյանը), Լիբանանի ամենաանվանի ճարտարապետն է: Հարյուրավոր շենքեր, ճանապարհներ ու կամուրջներ է նախագծել: Ճարտարագիտության ասպարեզում աչքի է ընկեր Էմիլ Խաշոն:

Հայտնի են խոշոր գործարարներ Հաննա Ղուկասը և Անտոն Մասրին:

Ավելորդ չէ նշել, նաև, որ Լիբանանը երկար տարիներ հանդիսացել է հայ ազատագրական պայքարի կենտրոններից մեկը, քանզի հիմնականում այնտեղ էին տեղակայված ԱՍԱԼԱ-ի մարզաուսումնական բազաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: